×


«Այսօր կասեմ՝ ես վերածնվել եմ». Լիլիթ Բաբասյան

Սննդաբան Լիլիթ Բաբասյանը կարանտինի զգալի մասն անցկացրել է Մոսկվայում՝ որդու հետ: Այժմ նա հայրենիքում է եւ BRAVO.am-ի հետ զրույցի ընթացքում անկեղծորեն խոսել է ինքնամեկուսացման օրերին մտորումների, կյանքի դժվար շրջանի, ինչպես նաեւ փոքրիկ Ալեքսանդրի ու իր պայմանավորվածության մասին:

Ի տարբերություն նրանց, ովքեր դժգոհում էին տանը մնալուց, Լիլիթի խոսքով՝ կարանտինը բավական դրական շրջան է եղել իր կյանքում.«Այնքանով էր լավ, որ հնարավորություն ունեցա մի լավ հանգստանալ եւ վայելել ժամանակս փոքրիկիս հետ: Միշտ մտածում եմ, որ եթե անգամ հիմա ինչ-որ բան վատ է, միեւնույն է, հետո ամեն ինչ լավ է լինելու, եւ այս սկզբունքն ինձ օգնում է ինչպես կյանքում, այնպես էլ աշխատանքում: Հիմա զբաղված եմ իմ գործով. այս ընթացքում շատերը քաշ են հավաքել, հոգեբանական ու առողջական խնդիրներ ձեռք բերել, այժմ ցանկանում են ազատվել դրանցից, իսկ ես, ինչպես միշտ նշում եմ, օգնում եմ այդ հարցում»:


Տնից դուրս չգալու շրջանում, խոստովանում է, չի կարողացել խուսափել նաեւ տարաբնույթ մտորումներից.«Համավարակի առաջին օրերին մտածում էի՝ շուտով ամեն ինչ տեղը կընկնի, բայց երբ վարակի ալիքը տարածվեց ողջ աշխարհում, եւ համատարած խուճապի մթնոլորտ էր, սկսեցի տարբեր հարցերի շուրջ մտածել, որ գուցե կյանքս սխալ եմ ապրել, ամեն ինչ սխալ եմ արել. իսկ եթե ամեն ինչ այսպես էլ մնա, իսկ եթե վարակը սկսի խժռել բոլորիս, եւ բոլորս մահանանք: Ու հասկացա, որ կյանքս պետք է փոխեմ ոչ թե համավարակի ավարտից հետո, այլ հենց այդ պահից սկսած. գնահատեմ ամեն մի րոպեն ու այլ կերպ ապրեմ: Գուցե տարօրինակ հնչի, բայց ես իսկապես շնորհակալ եմ թագավարակ կոչվածին, քանի որ հենց դրա շնորհիվ սկսեցի աշխատել ինձ վրա, ավելի դրական վերաբերվել բոլորին ու ամեն ինչին, գնահատել հարազատներիս հետ ապրած յուրաքանչյուր պահը: Ես ու փոքրիկս անգամ մի օրենք մտածեցինք, որ ամեն օր պետք է ասենք, թե որքան ենք սիրում միմյանց»:

Համավարակից բացի, Լիլիթը կյանքի այս շրջանում ստիպված է եղել բախվել նաեւ անձնական ու ընտանեկան խնդիրների, ինչը ստիպել է նրան վերանայել մարդկանց ու մամուլի հետ ունեցած անկեղծության չափաբաժինը:

«Իմ շրջապատի կամ հետեւորդների հետ ես, միեւնույն է, անկեղծ եմ, եւ երբեք չեմ համարի, որ անկեղծությունը հիմարություն է, հակառակը՝ այն բնորոշ է միայն ուժեղ մարդկանց, բայց կյանքումս տեղի ունեցած շրջադարձից հետո հասկացա, որ մարդկանց կարծիքն ու մեկնաբանություններն ինձ այլեւս չեն ցավեցնում եւ չեն հետաքրքրում. թող խոսեն ինչ կուզեն, փնովելու պատճառ միշտ էլ կգտնվի: Մենք սիրում ենք ինտրիգներ. մեկը կարող է մի խոսակցություն լսել ու հազարապատիկ անգամ ճոխացրած տարածել իր շրջապատում. մարդիկ ապրում են դրանով: Առաջ երբեք չեմ հասկացել վերածնվել բառի իմաստը, իսկ այսօր կասեմ, որ վերածնվել եմ, բայց չեմ ուզում անդրադառնալ պատճառներին ու հանգամանքներին»,-եզրափակել է նա:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Լիլիթ Բաբասյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին