×


«Հուսամ՝ տղաս եւ ամուսինս չեն վարակվի». Նազիկ Բաղդասարյանը վարակվել է կորոնավիրուսով

Նազիկ Բաղդասարյանը կորոնավիրուսի վարակակիր է եւ այժմ բուժում է ստանում տանը: Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում մանրամասներ է փոխանցել իր առողջական վիճակի մասին, նաեւ նշել՝ ինչ ախտանիշներ ունի:

«Վարակվել եմ օրեր առաջ. շփում եմ ունեցել վարակակրի հետ, սակայն երկուսս էլ չենք իմացել այդ մասին: 7-րդ օրն է, ինչ հիվանդ եմ»,- ասել է նա եւ հավելել.«Սկսվեց կոկորդի ցավով, ջերմությամբ, մարմնի եւ հոդերի ցավով, որը մինչեւ հիմա դեռ կա: Հենց դրանք էլ ինձ համար նշան էին, որ վարակվել եմ. մարմնիս ցավը մի տեսակ այլ էր՝ ավելի ուժեղ եւ թուլացնող: Հետո նաեւ կորցրի համի եւ հոտի զգացումը»:

Տեղեկանալով, որ շփվել է վարակակրի հետ՝ անմիջապես մեկուսացել է.«Այդ ժամանակ նույնիսկ ախտանիշներ էլ չունեի, բայց օրենքի մարդ եմ եւ մտածում եմ մյուսների մասին. չէի ցանկանա՝ որեւէ մեկն իմ անզգուշության պատճառով տուժի»:

Նազիկ Բաղդասարյանը


Պանդեմիայի սկզբնական շրջանում Նազիկը շատ է վախեցել, որ կվարակվի. «Կարծում եմ, եթե այն ժամանակ վարակվեի, կրկնակի կվախենայի, եւ ամեն ինչ ավելի վատ կլիներ, բայց քանի որ առաջին հերթին կողքիս ունեմ բժշկուհի, ով հիանալի մասնագետ է եւ ինձ միշտ հանգստացնում է, էլ ոչնչի մասին չեմ մտածում: Դրական եմ տրամադրված եւ երեւի հենց դա էլ ինձ օգնում է հեշտ հաղթահարել, որովհետեւ ոչ ոք ապահովագրված չէ»:

Մի շարք ծրագրեր է ստիպված եղել չեղարկել, սակայն այժմ միայն մեկ բանի մասին է մտածում, որ ընտանիքի անդամները չվարակվեն.«Քանի որ համեմատաբար թեթեւ է իմ վիճակը, լսել եմ, որ նման դեպքերում կարող ես նույնիսկ չվարակել: Հուսամ՝ ամուսինս եւ տղաս չեն վարակվի: Իսկ ծրագրերը կիրականացնենք այս ամենի ավարտից հետո»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Միլեն Մանուկյանի եւ Նազիկ Բաղդասարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին