Կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանն իր պորտֆոլիոն հարստացրել է գեղեցիկ նոր լուսանկարներով, որոնք էլ առաջինը տրամադրել է BRAVO.am-ին՝ խոսելով աշխատանքային ընթացքի, նաեւ ամառային հանգստի մասին:
«Լուսանկարիչ Հակոբ Քալաշյանի հետ արդեն 2 տարուց ավելի է՝ համագործակցում ենք: Բացի այն, որ նա աշխատում է Կամերային թատրոնի հետ, նաեւ հաճախ անհատական ֆոտոշարքեր ենք իրականացնում: Շարքերը ծնվում են շատ պատահաբար. երկուստեք ստեղծագործելու ցանկություն ենք ունենում, որոշում ենք՝ ինչ պետք է արվի»,-պատմել է Էվան:
Էվա Խաչատրյանը
Դերասանուհու խոսքով՝ թիմային աշխատանքի արդյունքում են հաջողել.«Մեզ հետ է եղել նաեւ իմ եւ թատրոնի PR մենեջեր Լառա Խաչատրյանը, որի ձեռքի հրաշալի աշխատանքի շնորհիվ էլ ստացել ենք գլխի զարդերը, պսակները: Մեր թիմում է եղել նաեւ Հովհաննես Դիշչյանը, ով եւս մեր թատրոնի աշխատակիցներից է եւ շատ է օգնել նկարահանման ընթացքում: Մի խոսքով՝ փորձել ենք ստանալ խորհրդավոր, զգացմունքային եւ վայրի կերպարներ, ավելի մոտ բնությանը»:
Լուսանկարահանման համար ստեղծագործական թիմն ընտրել է Լոռու մարզի Ամրակից գյուղը, որտեղ էլ գտնվում է 1846 թվականին կառուցված Սուրբ Նիկոլայ հրաշագործ ռուսական եկեղեցին: «Վայրը գտել է լուսանկարիչը, ինձ առաջարկել է, ես էլ սիրով համաձայնել եմ»,-նշել է Էվան:
Էվա Խաչատրյանը
Այս փուլում դերասանուհին հեռուստատեսային որեւէ նախագծում ընդգրկված չէ: «Սիրուն Սոնա» սերիալից հետո առաջարկներ եղել են, բայց ինչ-ինչ պատճառներով համագործակցությունը չի ստացվել: Փոխարենը զբաղվածություն ունի թատրոնում. «Բացի հետաքրքիր «չելենջները», նաեւ նկարահանումներ ենք անում: Ես եւ Սենիկ Բարսեղյանը՝ Արշալույս Հարությունյանի գլխավորությամբ, նոր նախագիծ ենք սկսել: Այն կկոչենք ռադիոֆոտոներկայացում կամ հենց ֆոտոներկայացում. բավական հետաքրքիր նախագիծ է եւ դեռեւս չի արվել Հայաստանում: Մի խոսքով՝ թատրոնում ակտիվ ենք»:
Խոսելով անցնող ամառվա մասին՝ Էվան ասել է.«Հասցրել եմ հանգստանալ. օգտվել եմ լողավազանից, Հայաստանի տարբեր վայրեր եմ այցելել, ինձ համար բացահայտումներ եմ արել»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հակոբ Քալաշյանի
Դիզայներ՝ Լառա Խաչատրյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: