×


Աննա Սողոմոնյանի «ԱնտիԿիլկի» յուրօրինակ շարքն ու խատուտիկները

Նկարչուհի Աննա Սողոմոնյանի կտավներն աչքի են ընկնում առօրյա թեմաների ինքնատիպ ու գեղարվեստական մեկնաբանությամբ, անհամատեղելի թվացող կերպարների ու խորհրդանիշների համադրությամբ, գույների, ոճերի ու ժանրերի սահուն փոփոխությամբ։ Այս աշխատանքներն ուսումնասիրելիս նույնիսկ թվում է՝ հայտնվել ես հեքիաթային իրականությունում, որ միայն Աննայի վրձինը կարող է պատկերել։ Մեզ հետ խոսելիս էլ նա շարունակում էր նկարել եւ նույնիսկ անկեղծացավ, որ իր կյանքում առանձնապես մեծ փոփոխություն չի եղել կարանտինային սահմանափակումներից հետո․ նախկինում էլ գրեթե ողջ օրն իր արվեստանոցում էր լինում։

Դիլիջանում անցկացրած մանկությունն ու տեղի չքնաղ բնությունը, աշնանային պատկերներն իրենց ամուր հետքն են թողել Աննա Սողոմոնյանի գեղանկարչական ընկալումներում։ Հիշում է, որ դեռ փոքրուց նկարում էր իր դպրոցական տետրերում, իսկ, օրինակ, Մասիսը պատկերելիս ատամի մածուկ էր օգտագործում, որպեսզի ավելի բնական լիներ ձյունածածկ հատվածը։ Բայց որքան էլ զարմանալի կարող է հնչել, նկարչությունը որպես հիմնական մասնագիտություն շատ ուշ է հայտնվել Աննայի կյանքում։ Դպրոցն ավարտելուն պես որոշել է հոգեբանություն սովորել, սակայն բուհն ավարտելուց հետո երբեք չի աշխատել իր այդ մասնագիտությամբ՝ հասկանալով, որ սխալ ընտրություն է կատարել։ Այդ ժամանակ միայն որոշել է նկարչություն սովորել՝ չվախենալով փոփոխություններից։ Հիմա կարծում է, որ ճիշտ է արել, եւ շատերին էլ ոգեւորում է՝ ասելով, որ երբեք ուշ չէ նոր բան սովորելու համար։ «Դժվար չէ անել այն, ինչ իսկապես ուզում ես»,- ասում է նա։

Աննա Սողոմոնյանը


Աննա Սողոմոնյանի աշխատանքները շատ տարբեր թեմաներ ու իրավիճակներ են ներկայացնում։ Դրանք հիմնականում վերցված են լինում առօրյա կյանքից։ Այդ առումով հատկանշական է նրա վերջին շարքերից մեկը, որում մերկ աղջիկը պատկերված է ձկան հետ։ Նկարչուհին այդ կտավների շարքը ոչ պաշտոնապես անվանում է «ԱնտիԿիլկի»՝ յուրօրինակ մեկնաբանություն տալով ազգային դարձած այն խնդրին, երբ կանայք ամուսնանալուց հետո կարծես պահածո են դառնում իրենց տանը։ Իհարկե, այս աշխատանքները նաեւ հումորային ենթատեքստ ունեն, սակայն ամեն մեկը յուրովի կարող է մեկնաբանել դրանք։ Մեկը, օրինակ, վերջերս գնել է ԱՄՆ-ի մի բնակիչ, որը, չիմանալով նկարի հիմնական գաղափարը, իր մեկնաբանությունն է տվել ձկան սիմվոլիկային:

Աննա Սողոմոնյանի «ԱնտիԿիլկի» շարքի կտավներից


«Ինչպե՞ս ամերիկյան խանութի համար նկարագրություն գրեմ, որ մարդիկ հասկանան պահածո դառնալ-չդառնալու մեր ազգային առանձնահատկության բոլոր նրբությունները»,- կեսկատակ իր ֆեյսբուքյան էջում գրել էր Աննան։ Մեր զրույցում էլ հավելեց, որ ամերիկացի գնորդին նույնիսկ չի էլ փորձել բացատրել, թե ինչ միտք կա այդ պատկերներում․«Նա, միեւնույն է, գնեց կտավը եւ յուրովի շատ հետաքրքիր մեկնաբանեց այն։ Հենց դա էլ արվեստի շատ գեղեցիկ կողմերից մեկն է»: Նա նշել է, որ վինտաժային այս շարքը դեռ կհամալրվի նոր աշխատանքներով։

Աննա Սողոմոնյանի կտավներից


Առանձնակի հետաքրքրություն են վայելում նաեւ նկարչուհու խատուտիկներով պատկերները: Դրանք նույնպես մեծ շարք են ներկայացնում եւ վերջերս են ստեղծվել՝ այս տարվա գարնանը․«Մեկը նկարեցի, տեսա, որ շատ է դուրս գալիս, սկսեցի կարծես զարգացնել, ու տարբեր-տարբեր նկարներ արեցի։ Մարդկանց էլ էր շատ դուր գալիս, եւ հիմա արդեն ոչ մի հատ չունեմ (ժպտում է,- հեղ․)»։

Նրանից հետաքրքրվեցինք՝ դժվար չէ՞ արդյոք բաժանվել սիրելի կտավներից։ Ինչպես հայտնի է, շատ ստեղծագործողներ նույնիսկ հրաժարվում են վաճառել իրենց աշխատանքները։ Սակայն Աննան խոստովանեց, որ բաժանվելու խնդիր վաղուց արդեն չունի, նկարելիս գիտի, որ տվյալ աշխատանքն ինչ-որ մեկինը պիտի լինի․ «Սկզբում, երբ նոր-նոր էի նկարում, նկարներս քիչ էին, շատ էի ափսոսում, բայց դա ուղիղ համեմատական էր քանակին․ ինչքան շատ նկար ես ունենում, այնքան հեշտ է վաճառելը. բաժանվելու խնդիր չկա։ Իհարկե, կան ինչ-որ նկարներ, որոնք շատ եմ սիրում, իմ անհատական պատմության մի մասն են, դրանք պահում եմ։ Հիմա էլ են լինում այդպիսի գործեր, որոնք նկարում եմ ու զգում՝ կուզեի ինձ մոտ մնար»։

Աննա Սողոմոնյանի «ԱնտիԿիլկի» շարքի կտավներից


Գաղտնիք չէ, որ արվեստի տարբեր ոլորտներում հաճախ գրկաբաց չեն ընդունում սկսնակ ստեղծագործողներին։ Նման խնդիրների առնչվել է նաեւ Աննա Սողոմոնյանը։ Հիշում է՝ նույնիսկ պահ է եղել, երբ որոշել է այլեւս չնկարել։ Սակայն քիչ չեն նաեւ նրանք, ովքեր օգնում, ոգեշնչում ու հուսադրում են նման դժվարին իրավիճակներում․«Մեր անվանի նկարիչներից մեկը՝ Մարտին Պետրոսյանը, մի անգամ պատահաբար տեսավ նկարներս, այնպես ոգեւորեց, այնպես ներշնչեց, որ ես պիտի անպայման շարունակեմ նկարել։ Ընդ որում՝ նատյուրմորտների փոքր շարք էի ներկայացրել, մի քանի նկար։ Դա աջակցություն էր ճիշտ պահին ճիշտ մարդու կողմից, որովհետեւ այդ ժամանակ ես շատ ընկճված էի, հենց դրանից մեկ օր առաջ էլ որոշել էի, որ այլեւս չեմ նկարելու»։

Աննա Սողոմոնյանն այսօր էլ շարունակում է ակտիվ ստեղծագործել եւ իր գեղեցիկ աշխատանքներով կիսվել նաեւ մյուսների հետ՝ կտավները վաճառելով ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աննա Սողոմոնյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին