Թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանի ու նրա MVF Band-ի համար վերջին ամիսները նշանավորվել են նոր գաղափարներով եւ արտասահմանյան համագործակցությունների առաջարկներով։ Վերջերս MVF Band-ը մասնակցել է Selina International Music Summit առցանց միջազգային երաժշտական փառատոնին՝ մի քանի ամիս դադարից հետո ինքնատիպ կատարումներով ներկայանալով հանրությանը։
Բացի այդ, MVF Band-ը՝ ռեժիսոր Ալբերտ Սարգսյանի հետ, միտք է հղացել պատրաստել տեսահոլովակների կոնցեպտներ, որոնք նկարահանվելու են հայ գրողների թանգարաններում։ Բոլորովին վերջերս իրագործվել է գաղափարի առաջին հոլովակը, որը նկարահանվել է Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում՝ մեծանուն բանաստեղծուհու մահվան տարելիցին՝ օգոստոսի 25-ին ընդառաջ։ MVF Band-ը ներկայացրել է «Մախմուր աղջիկը»՝ բոլորովին նոր մեկնաբանությամբ։
Միքայել Ոսկանյանը պատմել է, որ հոլովակը նկարահանվել է բարդ ժամանակաշրջանում, երբ կարանտինի պատճառով փակ էին բոլոր մշակութային հաստատությունները, նաեւ ցավով ընդգծել, որ այս թանգարանն այդքան էլ շատ այցելուներ չունի։ Եվ գաղափարի հիմքում հետեւյալ միտքն է՝ յուրահատուկ կերպով նպաստել հայ գրողների տուն-թանգարանների հանրահռչակմանը՝ միեւնույն ժամանակ ինքնատիպ գործիքավորմամբ կատարելով տվյալ գրողների տեքստերի հիման վրա գրված գործերը, որոնք մեծ ժողովրդականություն են վայելում։
Հաջորդ տեսահոլովակը MVF Band-ը եւ Ալբերտ Սարգսյանը ցանկանում են նկարահանել Հովհաննես Թումանյանի թանգարանում։
MVF Band-ը
Բացի այս նախագծից, MVF Band-ը ռուսական Ural Music Night փառատոնին մասնակցելու հրավեր է ստացել, որը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին։
Չնայած համավարակին՝ MVF Band-ը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել եւ մինչեւ տարեվերջ թողարկելու է նոր ալբոմ:
BRAVO.am
Լուսանկարները՝ MVF Band-ի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: