Հայաստանյան փողոցային մշակույթի սիրահարներն ու պարողները համախմբվել էին «Մոտոր Երեւան»-ում՝ մասնակցելու Փողոցային պարերի մրցաշարի եզրափակիչին:
Մեկ վայրում հավաքել էին տասնյակ երիտասարդներ, պարողներ ու փողոցային մշակույթի սիրահարներ։
Առաջին տարում մրցաշարի ծրագրում ընդգրկված էին միայն ֆուտբոլն ու բասկետբոլը, հետագայում նրանց են ավելացել բրեյքդանսն ու street dance-ի այլ ուղղություններ։ Այս տարի կազմակերպիչները ծրագրում ներառել են նաեւ շախմատը։
Տարիների ընթացքում ավելացել է մասնակիցների թիվն, ու մրցանակային եռյակում ընդգրկվածները պարգեւների են արժանացել։ Այդկերպ կազմակերպիչները ոչ միայն մրցակցային միջավայր են ստեղծում, այլեւ խրախուսում երիտասարդների մասնակցությունն ու զարգացումը։
Street Ball Armenia-ի հիմնադիր Դավիթ Մանոյանի խոսքով՝ սա սոցիալական նախագիծ է, որի նպատակը երիտասարդներին մոտիվացնելն ու դեպի սպորտ բերելն է։
«Նրանք նոր ծանոթություններ են հաստատում ու ընկերներ ձեռք բերում։ Այս ինքնատիպ միջավայրում բոլորը կարող են ինքնաարտահայտվել։ 2023 թվականին կազմակերպած առաջին միջոցառումից հետո Երեւանում արդեն բոլորը գիտեն մեր մասին։ Բայց նաեւ կարծում եմ, որ մարզերում ավելի հաճախակի պիտի լինենք ու մեծացնենք բնակավայրերի թիվը»,- պատմել է նա։
Մրցաշարի եզրափակչում մասնակիցները մրցում էին տարբեր անվանակարգերում։ Հատկապես ուշադրության կենտրոնում էր Street Dance Breaking Pro-ն. հաղթեց Ժորան (JJ)։
«Սովոր եմ հանդիսատեսի առաջ պարել, բայց ինքս ինձ ներկայացնելն այդքան էլ հեշտ չի տրվում։ Հիմնականում շատ հաճելի է պարել ու միշտ պատրաստ եմ պայքարի։ Ֆիզիկական պատրաստվածությունից ավելի կարեւոր է հոգեբանականը։ Իսկ ես միշտ եմ հոգեպես պատրաստ եղել։ Հաղթանակից հետո տպավորություններս կարող եմ նկարագրել շատ կարճ՝ գործն արված է»,- պատմել է Ժորան։
Տեքստն ու լուսանկարները՝ Կիմա Սարգսյանի


×
109





