×


«Ամռանն ենք թողարկել, բայց հիմա է լսելու ճիշտ ժամանակը». gorgeouz beats-ի նոր գործերը

Շառլ Ազնավուրի հրապարակում երեկոյան gorgeouz beats-ի համերգն էր՝ «Դասավանդիր հանուն Հայաստանի» ծրագրի 13-րդ սերնդի ուսուցիչների հավաքագրման մեկնարկի կապակցությամբ: Երաժշտական նախագծի հիմնադիր Գոռ Ղուկասյանի հետ Bravo.am-ը խոսել է վերջին շրջանում թողարկած երկու գործերի մասին ու հետաքրքրվել ապագայի ծրագրերով։

«Իրիկնային» ստեղծագործությունը հեղինակային է, որն ունի նաեւ առանց հարվածային գործիքների տարբերակ:

«Սեւագրությունը ցույց եմ տվել Վահե Մկոյանին, որը դաշնամուրային հատվածն է արել, իսկ Ավետ Գեւորգյանը հետաքրքիր կերպով է ստեղծել ջութակի եւ թավջութակի մասերը։ Երեւանյան, մի քիչ աշնանային մեղեդի է ստացվել: Ամռանն ենք թողարկել, բայց հիմա է լսելու ճիշտ ժամանակը»,- նշել է երաժիշտը։ 



Մյուսը Էլվինա Մակարյանի «Մայրամուտ» երգի նոր մեկնաբանությունն է: 

«Այդ երգը, երեւի, մոտ 5-6 տարի լսում էի, բայց ինձ թվում էր՝ դրան այլ տարբերակով եմ ծանոթացել, պարզապես հիմա չեմ գտնում։ Հետո հասկացա, որ այն ուղղակի իմ գլխում է գոյություն ունեցել: Մի օր առավոտյան էլի նույն զգացողությունն ունեի եւ որոշեցի ոչ թե պարզապես օրիգինալը միացնել ու լսել, այլ իմ ուզած տարբերակը ստեղծել։ Այդպես էլ ծնվեց ռեմիքսը»,- պատմել է Գոռ Ղուկասյանը:




Նա ավելացրել է, որ բավական շատ չհրապարակված գործեր ունի, որոնք պլանավորում է առաջիկայում հերթով ներկայացնել։

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի 

Կարդացեք նաեւ.

gorgeouz beats. hայկական երաժշտության նկատմամբ սիրուց ծնված նախագիծը

Կարդալ ավելին

Quality Sign BW