×


«Երբ քեզ նման ընկերություն է տրվում, պետք է ամեն գնով պահել ու փայփայել». Սոֆի Մխեյան

Երգչուհի Սոֆի Մխեյանի կյանքում այժմ աշխատանքային եւ ստեղծագործական հետաքրքիր շրջան է: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է երաժշտական, պրոդյուսերական աշխատանքի, խոսել այս շրջանի նպատակների, իր եւ Նազենի Հովհաննիսյանի ընկերության մասին, եւ ոչ միայն:

- Երաժշտական գործունեության սկզբից մինչ օրս հավատարիմ եք Ձեր ընտրած երաժշտաոճին, որը, սակայն, այսօր չի ունենում այն տարածումն ու լսարանը, ինչ տարիներ առաջ. ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ:

- Ինձ համար ինչպես տարիներ առաջ, այնպես էլ հիմա առաջնահերթ է որակը։ Ռեկորդային դիտումները ոչ միշտ են փաստում բարձր որակի մասին, թեկուզ՝ համաշխարհային մասշտաբով։ Էլ չեմ ասում, որ ռեկորդային դիտումներ ապահովելու ձեւերն այսօր այնքան էլ բարդ չեն:

Սոֆի Մխեյանը


- Դուք ծավալում եք նաեւ պրոդյուսերական գործունեություն: Այս պահին Ձեր կյանքում ո՞ր զբաղվածությունն է առաջնային. երաժշտությո՞ւնը, թե՞ պրոդյուսերական գործը:

- Առաջնայինի կամ երկրորդականի հարց երբեւէ չի եղել. երաժշտությամբ միշտ զբաղվել եմ եւ շարունակում եմ զբաղվել, իսկ պրոդյուսերությամբ զբաղվում եմ այնքան, որքան ինձնից պահանջում է աշխատանքս։

- Ինչպե՞ս  սկսեցիք զբաղվել պրոդյուսերական աշխատանքով, ինչո՞վ է այդ աշխարհը գրավում Ձեզ:

- Նախնական շրջանում հիմնականում զբաղվում էի երաժշտական նախագծերի պրոդյուսերական աշխատանքներով, ինչպես նաեւ իմ ստեղծագործական ուղու պրոդյուսինգով։ Ապա դրանց միացան «Համի ուժը», որի յոթերորդ եթերաշրջանը շուտով կհանձնվի հեռուստադիտողի դատին, հետո՝ նաեւ «Հավատքի ուժը»։

- Իսկ այս աշխատանքը չի խանգարում Ձեզ ավելի շատ լինել հենց երաժշտության մեջ:

- Ինձ անգամ համավարակը չի կարող խանգարել ավելի շատ լինել երաժշտության մեջ (ժպիտ,-հեղ.): Սրա ապացույցն իմ վերջին երեք ստեղծագործություններն են՝ «Մենակ չես», «Ապարան», «Խորոտիկ-մորոտիկ», որոնք ներկայացրել եմ մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում։

Սոֆի Մխեյանը


- Որպես պրոդյուսեր աշխատում եք Ձեր ընկերների՝ Նազենի Հովհաննիսյանի եւ Հրաչ Քեշիշյանի հետ. համատեղելի՞ են արդյոք ընկերությունն ու աշխատանքը:

- Երբ սիրում ես ընկերներիդ ու սիրում ես աշխատանքդ, ապա ընկերությունն ու աշխատանքը համատեղելի են։ Ավելին, իմ դեպքում ընկերությունն ու աշխատանքը հստակ տարանջատված են. աշխատելիս աշխատում ենք, ընկերություն անելիս, ընկերություն ենք անում։ Մինչ օրս ոչ մի հարցում բողոք չեմ ստացել։

- Մի տարածված կարծիք կա, թե կանայք ընկերություն անել չգիտեն. սրա հակաթեզը Ձեր եւ Նազենիի ընկերությունն է: Սոցցանցերում այն ընկերության կատարյալ մոդել է՝ միասին կիսել աշխատանքը, հանգիստը, զվարճանքը. ինչպե՞ս եք պահպանում եւ փայփայում ձեր ընկերությունը տեսախցիկներից այն կողմ:

- Այս հարցը բազմիցս է հնչել, ու մենք միշտ ասել ենք, որ վաղուց ենք ընկերացել, միմյանց հարազատ դարձել։ Տարիների ընթացքում հասկացել ենք, որ երբ քեզ նման ընկերություն է տրվում, պետք է ամեն գնով, ինչպես նշեցիք, պահել ու փայփայել՝ իրար օգնելով, հասկանալով, միմյանց դրության մեջ մտնելով։ Իսկ այն, ինչ մնում է տեսախցիկներից այն կողմ, հատուկ էլ տեսախցիկներից այն կողմ է։

- Կյանքի այս փուլում  ո՞ր կողմ են գնում Ձեր երազանքներն ու նպատակները:

- Կյանքի յուրաքանչյուր փուլում պետք է լինի ձգտում ավելիին. տեղում կանգնած մնալը դիտարկում եմ որպես վախճան։ Յուրաքանչյուր փուլ իր հետ բերում է երազանքներ ու նպատակներ, քանի որ աճելու, կայանալու, զարգանալու տեղ միշտ էլ կա։ Գնահատելով տարիների ձեռքբերումներդ՝ պետք է միշտ փորձես շարժվել առաջ։

Սոֆի Մխեյանը


- Եվ, զրույցն ամփոփենք հարցով, որ սպառնում է հատկապես կայացած կանանց. արդյո՞ք կողակից ընտրելն առավել բարդ է, երբ կինն արդեն հասուն միտք ունի, ֆինանսապես անկախ է, թե՞ սիրո պարագայում հանգամանքներն անզոր են:):

- Իհարկե, տարեցտարի ավելի հասուն ու պահանջկոտ ես դառնում, բայց կփորձեմ Ձեր իսկ հնչեցրած «պատասխանով» ամփոփել զրույցը. սիրո պարագայում հանգամանքներն անզոր են։ Եթե կա սեր, դրանից այն կողմ ոչինչ նշանակություն չունի։

Զրուցեց Էլեն Աղաջանյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին