×


«Երազում եմ թոռնիկներիս հարսանիքին էլ ներկա լինել»․ Վիվյեն Բաստաջյան

Վիվյեն Բաստաջյանը սեպտեմբերի 2-ին դարձել է 46 տարեկան։ Համավարակի պատճառով դերասանուհին տոնական երեկոն տանն է անցկացրել՝ մտերիմների միջավայրում, իսկ առաջին շնորհավորողները աղջիկն ու փեսան են եղել։

«Կեսգիշերին ինձ հյուր եկան, տպավորություն էր՝ Նոր տարի է։ Այնքան շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ ստացել, որ էլ ասելու չէ։ Սոցցանցային էջս ողողված էր բարեմաղթանքներով, այնքան շատ էին նամակները, որ դեռ չեմ հասցրել բոլորին պատասխանել»,-ասել է Վիվյենը։

Վիվյեն Բաստաջյանը՝ թոռնուհու հետ


Քանի որ այս շրջանում չեն խրախուսվում բազմամարդ հավաքույթները, որոշել է տանը նշել.«Հյուրերի խնդրանքով խաղողի տերեւով դոլմա էին պատրաստել: Ընթրեցինք, զրուցեցինք ու շատ հաճելի երեկո ունեցանք»,-նշել է հոբելյարը։

Չի խուսափում խոսել երազանքների մասին․«Թոռնիկներիս ծնվելուց հետո միայն մի բանի մասին եմ երազում՝ այնքան առողջ ու երկար ապրեմ, որ նրանց հարսանիքին էլ կարողանամ ներկա լինել (ծիծաղում է,-հեղ․)»։

Վիվյեն Բաստաջյանը


Վերհիշել է նաեւ ամենատպավորիչ տարեդարձը․«Բոլորն էլ իրենց տեսակի մեջ տարբերվող ու առանձնահատուկ են եղել։ Ամեն տարի փորձել եմ այդ տարվա իմ զգացողություններին բնորոշ օր անցկացնել։ Հազվադեպ է պատահել, որ տարեդարձիս օրը տխուր լինեմ, դա էլ կապված է եղել ոչ թե մեծանալու, այլ տեղի ունեցած ինչ-որ իրադարձության հետ, որոնք հիմա չեմ էլ կարող մտաբերել։ Չի պատահել, որ այդ օրն ամփոփեմ ապրածս տարիներն ու արածս գործերս. միայն մի բանի համար եմ փոշմանում, որ աշխատանքով տարված՝ չեմ կարողացել դստերս հետ փոքր տարիքում ավելի շատ ժամանակ անցկացնել, ավելի շատ զբաղվել նրանով։ Թոռնիկներիս ծնվելուց հետո փորձում եմ այդ բացն էլ լրացնել։ Որպես հիշարժան տարեդարձ կառանձնացնեմ 1998 թվականի ծննդյանս օրը. թատրոնով գնացել էինք Կահիրե՝ մասնակցելու միջազգային փառատոնի։ Չէի պատկերացնի, որ կազմակերպիչներն այնդքան ուշադիր կլինեն ու կառանձնացնեն մասնակիցների ծննդյան օրեր։ 54 թատրոնների ներկայացուցիչներն ինձ ծաղիկներ էին ուղարկել, հյուրանոցում այդքան ծաղկաման չկար՝ դրանք տեղավորելու համար (ծիծաղում է,-հեղ․), երեկոյան էլ բացօթյա նշեցինք»։

Աշխատանքային ակտիվ շրջանում է․«Արտակարգ դրության ընթացում միայն մեկուկես ամիս չեմ աշխատել, այն էլ այն շրջանում, երբ ամեն բան կանգ էր առել։ Դրանից հետո աշխատանքային ակտիվ գործունեություն եմ ունեցել՝ պահելով հակահամաճարակային բոլոր կանոնները։ Այնքան չեմ վախենում վարակվելուց, որքան այն մտքից, որ ինքս կարող եմ մեկ ուրիշի հիվանդանալու պատճառը դառնալ»,-եզրափակել է Վիվյենը։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Վիվյեն Բաստաջյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին