Ավելի քան յոթ ամսվա դադարից հետո Երեւանի կամերային թատրոնի հանդիսատեսը կրկին հնարավորություն ունի դիտելու սիրելի ներկայացումները։ Թեեւ արտակարգ դրության սահմանափակումներից ելնելով՝ դեռեւս չեն գործում թատրոնների փակ սրահները, Կամերայինում գտել են խնդրի լուծումը։ Թատրոնին կից ստեղծվել է բացօթյա սրահ, որի տարածքը համատեղությամբ նաեւ Պոլիտեխնիկական համալսարանինն է, եւ սեպտեմբերի 2-ին առաջին անգամ այդ սրահում ցուցադրվեց «Սիրո խոստովանություն» ներկայացումը։ BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել միջոցառմանը, լուսանկարել է եւ զրուցել դերասանների, բացօթյա ցուցադրության նոր ձեւաչափի հեղինակների հետ։
Մի կողմից երեւանյան գողտրիկ սրճարանները հիշեցնող միջավայրում եւ գինու հյուրասիրությամբ, մյուս կողմից էլ՝ թատերական մթնոլորտում կայացավ երկար սպասված հանդիպումը կամերայինցիների եւ հավատարիմ դարձած հանդիսատեսի միջեւ։ Ներկայացումն էլ պատահական չէր ընտրված. այն ինքնատիպ սիրո խոստովանություն է Երեւանին, որ բեմադրվել ու առաջին անգամ ցուցադրվել է դեռ հինգ տարի առաջ՝ թատրոնի ռեժիսոր եւ գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանի կողմից։ Դերերում հանդես են գալիս Ռաֆայել Երանոսյանը, Վահե Զիրոյանը, Անի Լուպեն, Սենիկ Բարսեղյանը եւ Հասմիկ Դանիելյանը։
Իհարկե, ներկայացումը փոքր-ինչ ադապտացվել էր ստեղծված իրավիճակին, ձեւաչափն էլ հարմարեցվել էր նորովի կառուցված բեմին։ Դերասաններն այս անգամ սոցիալական հեռավորությունը պահելով էին շփվում հանդիսատեսի հետ, նույնիսկ դրվագներից մեկում օղի հյուրասիրելիս փորձեցին այդ կանոնը չխախտել:): Նկատելի էր, որ նոր իրավիճակում եւ տարածքում փոքր-ինչ հուզված էին ոչ միայն դերասանները, այլեւ հանդիսատեսը, որն այս անգամ ավելի համեստ էր իր արձագանքներում ու ծափերում։
«Իհարկե, երկար լռությունից հետո ցանկությունը շատ մեծ էր ինչ-որ բան անելու։ Շատ ենք ուզում խաղալ, եւ յուրաքանչյուր հնարավորություն պատրաստ էինք օգտագործել։ Բնականաբար, եկամտի ակնկալիք բացարձակ չունենք, ավելի շատ այդ ցանկությունն է եւ կարոտը, որ զգում ենք ե՛ւ մենք, ե՛ւ հանդիսատեսը։ Դրա համար էլ որոշեցինք այսպիսի բացօթյա սրահում անցկացնել ներկայացումները։ Մենք բառացիորեն մեկ շաբաթվա ընթացքում շինհրապարակի աղտոտված տարածքը դարձրել ենք այն, ինչ հիմա տեսնում եք։ Իրականում շատ գոհ եմ արդյունքից. հետաքրքիր ու գողտրիկ վայր ենք ստեղծել քաղաքի կենտրոնում, որը կարծես քաղաքից դուրս անկյուն լինի»,- մեր զրույցում նկատեց թատրոնի ռեժիսոր Լուսինե Երնջակյանը։
Ինչպես պարզեցինք, դերասաններն իրենց աշխատանքում անհարմարություններ եւ դժվարություններ չեն զգացել ձեւաչափի փոփոխությունից հետո։ Թեեւ խոստովանում են՝ թատրոնի բեմն ու տարածքը, միեւնույն է, այլ զգացողություններ են փոխանցում․ «Տարբերությունը շատ էր, բայց մեկ է՝ բեմը մնում է բեմ, ես բավականություն ստացա, ամեն ինչ հրաշալի էր։ Հուսանք՝ սա կլինի առաջինն ու չի լինի վերջինը, մենք կունենանք շատ ներկայացումներ ոչ միայն բացօթյա, այլ նաեւ արդեն փակ բեմերում եւ նույնիսկ Հանրապետությունից դուրս»,- ասաց Ռաֆայել Երանոսյանը։
Անի Լուպեի խոսքով էլ՝ թեեւ ստիպված են եղել փոքր-ինչ փոփոխել բեմում իրենց տեղերը, զույգերը, երգերը, բայց դա էլ իրենց չի խանգարել խաղալ նախկինի նման․ «Ճիշտն ասած՝ մենք հմուտ դերասաններ ենք, մեզ ինչ տարածք էլ տանեն, սկսում ենք խաղալ, մենք ճկուն ենք»- կեսկատակ ասաց դերասանուհին։ Սենիկ Բարսեղյանն էլ հավելեց, որ հաճելի ու հետաքրքիր էր նոր փորձառությունը.«Դժվարությունը թերեւս միայն հուզմունքն էր սկզբի հատվածում, իսկ հետո որեւէ խնդիր չենք ունեցել։ Մեզ ասել են՝ սեպտեմբեր ամիսը ջերմ է լինելու, եւ մենք ամբողջ ամսվա ընթացքում հնարավորություն ունենք խաղալու»։
Հուրախություն թատերասեր հանրության՝ Կամերային թատրոնն առայժմ շարունակելու է իր բացօթյա ներկայացումները։ Առաջիկայում կլինեն նաեւ «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ», «Տղաները չափն անցնում են», «Շոու համար 3» ներկայացումները։ Իսկ այդ ընթացքում բացօթյա սրահին կից շարունակվում է կառուցվել թատրոնի նոր մասնաշենքը:):
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: