×


«Որդուս պահել են Երեւանից դուրս գտնվող ամառանոցում». Արուսիկ Մկրտչյան

Արուսիկ Մկրտչյանը (դիջեյ Վակցինա) կարծում է՝ հանրային ճնշումների եւ իրավական միջամտության շնորհիվ է կարողացել որդու հետ տուն վերադառնալ՝ օրեր շարունակ նրա հետ կապի դուրս գալու հնարավորություն չունենալուց հետո: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է՝ որտեղ էր որդին, հոգեբանական ինչ վիճակում է, եւ թե որոնք են լինելու իր հետագա քայլերը:

«Ռուբեն Խաչատրյանը եւ նրա բարեկամներից մի քանիսը երեխային պահել են Երեւանից դուրս գտնվող ամառանոցում: Մենք եղել ենք այդ ամառանոցում. ժամը 15:00-ին ճանապարհ էինք ընկել, արդեն 16:00-ին տեղում էինք՝ շատ լարված ու նյարդային վիճակում, սակայն այդ պահին երեխային արդեն տեղափոխել էին Դիլիջան. չգիտեմ՝ ինչպես կոչել այդ քայլը, երեւի՝ փախուստ: Հետո, ենթադրում եմ՝ նաեւ ԴԱՀԿ-ի իրականացրած աշխատանքների շնորհիվ, որդուս բերեցին Երեւան, որտեղ էլ կարողացա հանդիպել նրան»,- նշել է Արուսիկը:

Նա ասել է՝ մեկ շաբաթ իրար չտեսնելուց հետո հանդիպումը հուզիչ է եղել երկուսի համար էլ.«Ինձ տեսնելով՝ որդիս հուզվեց, թռավ գիրկս եւ մոտ 20 րոպե, մինչ երկու կողմերի  փաստաբանները հետագա անելիքների մասին էին խոսում, չէր իջնում: Հայրը եւ նրա բարեկամներն, իհարկե, փորձում էին կանչել նրան, բայց երեխան չէր գնում եւ միանշանակ ցանկություն ուներ ինձ հետ տուն վերադառնալ»:

Ի վերջո, ինչո՞ւ չէր հաջողվում այդ յոթ օրերի ընթացքում կապի դուրս գալ բալիկի հետ, Արուսիկի խոսքով՝ այդպես էլ չի լսել արժանահավատ որեւէ բացատրություն. «Երեխայի հոր եւ նրա բարեկամների տված պարզաբանումներն անիմաստ էին: Նրանք նշում էին, որ իրենց մոտ երեխան ռիսկի չի ենթարկվում՝ հաշվի չառնելով, որ նույնիսկ եթե կենցաղային պայմանները բավարար են, երեխան պետք է մայրիկի հետ բնակվի: Հոր տեսակցություններն, իհարկե, ընդունելի են, բայց դա չի նշանակում, որ նա պետք է տեսակցությունը վերածի յոթօրյա փախուստի, ապա ինչ-որ կերպ բացատրի այդ քայլը: Իհարկե, ենթադրում եմ, որ նպատակ կա նաեւ երեխային իմ դեմ տրամադրելու, որպեսզի հետագայում նա ինքնակամ չցանկանա ինձ հետ ապրել, բայց ես, լինելով շատ հոգատար ու սիրող մայր, վստահ եմ, որ ավելի գիտակից տարիքում նա կհասկանա, թե որտեղ է իր համար ավելի ապահով ու  լավ»:

Երեխայի բնակության վայրի հետ կապված դատական որոշում դեռեւս չկա.«Կա տեսակցությունները չխոչընդոտելու մասին որոշում, ըստ որի՝ կողմերից եւ ոչ մեկը չի կարող արգելել տեսակցությունները, ուստի դրանք կշարունակվեն, մինչ դատարանն այլ որոշում կկայացնի: Նշեմ նաեւ, որ շահառու մի քանի կազմակերպությունների եւ ակտիվիստների հետ պատրաստվում ենք այս խնդրի օրինակով բարձրաձայնել նաեւ այլ կանանց խնդիրները, քանի որ ամուսնալուծության դեպքում հաճախ երեխաները դառնում են կռվախնձոր, ինչն, իհարկե, նրանց շահերից չի բխում: Փորձելու ենք կառավարությունից նաեւ օրենքների լրացում, վերամշակում պահանջել, որպեսզի նման դեպքերը բացառվեն»,-եզրափակել է Արուսիկը:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարը՝  Արուսիկ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին