×


Արցախցի երեխաները Երեւանում կինոդիտման են մասնակցել

Արցախցի երեխաների առօրյան Երեւանում հետաքրքրացնելու համար այս օրերին կազմակերպվում են մանկական ֆիլմերի ու մուլտֆիլմերի ցուցադրություններ: Նախաձեռնության հեղինակներն են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը եւ «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունը։ Մեկնարկը հոկտեմբերի 10-ին էր՝ Կինեմատոգրաֆիստների միության դահլիճում։

«Այսօր ամեն մեկն իր հնարավորության սահմաններում փորձում է օգնել դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին, հատկապես երեխաներին։ Այն մարդիկ, ովքեր զբաղվում են այս նախաձեռնությամբ, լրջորեն հավատում են, որ արվեստը կարող է նպաստել երեխաների հոգեվիճակի բարելավմանը. ցուցադրվող ֆիլմերը կօգնեն կտրվել այն մտքերից, որոնք այսօր անհանգստացնում են բոլորիս։ Այդ նպատակով ընտրվել է 7-8 ֆիլմ, որոնք շաբաթը երկու կամ երեք անգամ կցուցադրվեն մեր դահլիճներում»,- նշեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը։

Հարություն Խաչատրյանը


Թե ինչպես են կապ հաստատում Երեւանում եւ Հայաստանի այլ շրջաններում հանգրվան գտած արցախցի ընտանիքների հետ, հետաքրքրվեցինք Կինեմատոգրաֆիստների միության նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանից, ով էլ պարզաբանեց, որ համատեղ աշխատել են ՀՀ մշակույթի եւ Սոցիալական հարցերի նախարարությունների հետ, որոնք էլ տիրապետում են ռեսուրսային բազաներին․«Մենք պարբերաբար կներկայացնենք այն ծրագրերը, որոնք լինելու են առաջիկայում։ Ֆիլմերի ցուցադրությունների մասին բոլոր հայտարարությունները բաց են, եւ, իհարկե, կարող են ներկա լինել բոլոր նրանք, ովքեր կցանկանան։ Բայց մեր հիմնական աշխատանքը լինելու է այն կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են այստեղ հանգրվանած ընտանիքների հարցերով»։


Առաջին ֆիլմը, որ պիտի դիտեին Երեւան եկած փոքրիկները, ռեժիսոր Արմեն Սիմոնյանի «Ձյունանուշն» էր։ Արկածային կատակերգությունը երեխաներին կարծես առաջին րոպեներից էլ հետաքրքրեց։ Չէ՞ որ հեքիաթային այս տեսարաններում մասնակցում էին իրենց ծանոթ ու սիրելի դարձած դերասանները՝ Լուիզա Ներսիսյանը, Շուշաննա Թովմասյանը, Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Լեւոն Հարությունյանը, Արտաշես Մխիթարյանը եւ այլք։ Իրադարձությունների հիմքում էլ բարու եւ չարի պայքարն էր, որ, իհարկե, ավարտվում էր բարու հաղթանակով եւ խաղաղությամբ։ Երեխաներից շատերը նույնիսկ խոստովանեցին, որ նախկինում երբեք կինոթատրոնում չէին եղել, եւ որ իսկապես հաճելի անակնկալ էր իրենց համար։

Անդրանիկ Հարությունյանը


Հաջորդիվ կինոդիտման հնարավորություն կունենան նաեւ Երեւանից դուրս հանգրվանած ընտանիքների երեխաները։ Արայիկ Մանուկյանի խոսքով՝ այս պահին աշխատում են նախաձեռնությունը տանել մարզեր եւ հենց տեղում կազմակերպել ֆիլմերի ցուցադրությունները։ Երեւանում նույնպես առաջիկայում կլինեն մանկական այլ ֆիլմերի եւ մուլտիպլիկացիոն ֆիլմերի դիտումներ։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին