×


«Տղերք ջան, ուժեղ եղեք, մենք ձեր կողքին ենք». Պատանիները Արցախին են փոխանցել փողոցում երգելով վաստակած 290 000 դրամը

Հյուսիսային պողոտան 14-ամյա պատանիների՝ Արեն Խաչատրյանի եւ Ալեն Ասատրյանի բեմն է, որտեղ հանդիսատեսը միշտ ջերմ է ու անկեղծ: Դասընկերները փողոցում երգելու մտքից չեն կաշկանդվել. վերցրել են կիթառն ու եկել քաղաքի կենտրոն: Մեծ նպատակներ ունեն՝ սեփական ստուդիան կառուցել, երաժշտական լավ գործիքներ գնել, սակայն պատերազմի առաջին իսկ օրերից որոշել են վաստակած գումարն ուղղել հայրենիքի պաշտպանության գործին:

View this post on Instagram

A post shared by Bravo.am (@bravoamofficial) on



«Կարդում էինք, որ արյուն է պետք հանձնել՝ զինվորների կյանքը փրկելու համար. ընկերներով որոշեցինք գնալ ու հանձնել, բայց քանի որ անչափահաս ենք, մեզ թույլ չտվեցին: Հենց այդ ժամանակ միտք ծագեց փողոցում երգելով վաստակած մեր գումարն ուղղել «Հայաստան» համահայկական հիմնադրամին»,- BRAVO.am-ին պատմել է Ալենը:

Պատանիները չորս օրում կուտակել են 290.000 դրամ եւ ողջ գումարը փոխանցել հիմնադրամին: Անգամ փոխանցումներն են ինքնուրույն անում, որպես ապացույց էլ՝ կտրոնները ցույց տալիս: Չեն պատրաստվում կանգ առնել, ասում են՝ կշարունակեն այնքան ժամանակ, մինչեւ Ադրբեջանը հասկանա, որ Հայաստանից եւ Արցախից պետք է հեռու մնալ:


Խմբի երգիչը՝ Արենն ասում է՝ կուզեր սահմանին կանգնած զինվորին առաջնագծում էլ օգնել, սակայն դեռ չի կարող, ոչինչ, թիկունքը կպահի.«Ուզում եմ դիմել բոլոր զինվորներին, կամավորներին ու ասել՝ տղերք ջան, ուժեղ եղեք, մենք ձեր կողքին ենք, կօգնենք ինչով կկարողանանք, միայն թե դուք առողջ եղեք ու վերացրեք Ադրբեջանը»: Ընկերը՝ Ալենն էլ հավելում է.«Եթե սահմանին լինեինք, թե՛ մեր հայրենիքը կպաշտպանեինք, թե՛ կերգեինք տղերքի համար: Թող բոլոր մեր քաջերը երբեք չկոտրվեն եւ իմանան՝ հաղթանակը մերն է լինելու»:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին