×


Հայտնի լուսանկարի փոքրիկը ցանկանում է գալ Հայաստան ու նկարվել Արցախի նախագահի հետ

Օրեր առաջ համացանցում տարածվեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին նմանակող փոքրիկ հայ տղայի լուսանկարը, որն արժանացավ բուռն արձագանքի։ Կայծակնային արագությամբ փոքրիկ տղայի նկարը տարածվեց ամբողջ համացանցով:

Ժամեր անց արդեն օգտատերերը պարզել էին՝ նկարի հերոսը 7-ամյա Հարութ Բոյաջյանն է, որը բնակվում է Լոս Անջելեսում: Մտահղացման մասին զրուցեցինք Հարութի ծնողների՝ Արի եւ Նանոր Բոյաջյանների հետ:

Հարութի մայրիկի խոսքով՝ այդ մտահղացմամբ հավերժացրել են ակնթարթը։ Հարութը ցանկություն է հայտնել հանդես գալ զինվորի կերպարով, իսկ մայրը փորձել է իրագործել որդու ցանկությունը:

«Հարութն ինձ ասաց, որ ուզում է զինվոր լինել, ես փորձեցի կատարել նրա ցանկությունը ինչ-որ չափով: Զինվորի հագուստ գնեցի Հարութի համար եւ սկսեցի նրան ցույց տալ զինվորների նկարներ, որպեսզի նա տեսնի, թե ինչպիսին են հայ զինվորները»,- ասաց Նանոր Բոյաջյանը:

Մայրը մանրամասնում է, թե ինչու հենց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կերպարը ոգեշնչեց որդուն։

«Երբ ցույց էինք տալիս զինվորների նկարները, Հարութը հարցրեց, թե ով է նրանց «մեծը», այսինքն` հրամանատարը, մենք ցույց տվեցինք Արայիկ Հարությունյանի նկարը, որտեղ նա նստած սուրճ է ըմպում` շրջապատված զինվորներով: Հարութն ասաց, որ ուզում է նմանվել հենց նրան, եւ այդպես ընտրեցինք Արայիկ Հարությունյանի կերպարը: Այդ նկարը մեզ համար հոյակապ մի ակնթարթ է եւ որոշեցինք` ճիշտ իր պես լուսանկար ստանալ»:

Երբ արդեն նկարն արված էր, Հարութի ծնողները որոշեցին այն տեղադրել համացանցում, որպեսզի, ինչպես իրենք են ասում, փոքր-ինչ ուրախություն բերեն այս տխուր օրերին:

Հարցին՝ արդյոք սպասելի էր այսքան բուռն դրական արձագանքը, Հարութի հայրը՝ Արի Բոյաջյանն ասաց.«Անկեղծ ասած՝ նման մեծ արձագանքի չէինք սպասում: Շատ-շատ դրական եւ քաջալերական մեկնաբանություններ ենք տեսնում: Մեզ նույնիսկ անձնական նամակով են շատ գրում ու դրական խոսքեր ասում: Շատ շնորհակալ ենք ու հուզված յուրաքանչյուր քաջալերական խոսքերի համար»:

Ծնողները յուրաքանչյուր դրական մեկնաբանության եւ նամակ՝ ուղղված Հարութին, բարձրաձայն կարդում են նրա համար։

«Ասում ենք իրեն, որ տասնյակ հազարավոր հայեր աշխարհի 4 կողմերից նայում են իր նկարը, նրանք բոլորը սիրում են եւ լավ խոսքեր ասում իր հասցեին»,- ոգեւորված պատմում է Հարութի հայրիկը:

Բուռն արձագանքն ու լայն տարածումը պատճառ հանդիսացան, որպեսզի Հարութի ծնողները կազմակերպեն դրամահավաք, որի ամբողջ հասույթը կուղղվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Երբ նկարը դրական արձագանքներ ստացավ, մտածեցինք` ինչու չօգտագործենք մի լավ բանի համար, որից օգուտ կլինի մեր զինվորներին: Ֆեյսբուքյան հարթակում ստեղծեցինք «Haroutig & Lori’s fundraiser for ArmeniaFund», եւ հավաքած ողջ գումարն ուղարկվելու է զինվորներին: Փորձում ենք մեր ուժերի ներածին չափով անել ամեն բան, որպեսզի մեր զինվորները հաղթեն», - զրույցն ամփոփում է Նանոր Բոյաջյանը։


Դրամահավաքի նպատակային գումարը՝ 12.500 դոլար, արդեն իսկ հավաքվել է. մասնակցել է 137 հոգի:

Փոքրիկ Հարութի երազանքների, նպատակների ու ցանկությունների մասին օատմեց նրա մայրիկը.«Ուզում է գիտնական ու տիեզերագնաց դառնալ ու հիմա, տեսնելով մեր հերոսներին, ուզում է նաեւ զինվոր դառնալ» ։

Հարութը ցանկանում է գալ Հայաստան ու նկարվել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Տեքստը՝ Մարո Եղոյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին