×


Սուրենյանցի գլուխգործոց «Լքյալը» առաջին անգամ Երեւանում է

Ստեղծումից ավելի քան 130 տարի անց Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվում է անվանի նկարչի հայրենիքում։ Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» եւ հումանիստական արվեստը» խորագրով ցուցահանդեսը միավորել է մարդուն, պատմական հիշողությանն ու հումանիզմին նվիրված գործեր։

Ցուցադրության շրջանակում այս գլուխգործոցը ներկայացված է նկարչի եւս երկու մոնումենտալ կտավի՝ «Ոտնահարված սրբություն» (1895) եւ «Ջարդից հետո» (1898), հետ։ Երեք աշխատանքները միասին կազմում են յուրօրինակ եռապատում, որը փոխանցում է Համիդյան ջարդերի ողբերգությունն ու հետեւանքները:


«Լքյալը» (1894) Երեւանում ներկայացվել է Ղազախստանի Աբիլխան Կաստեեւի անվան արվեստի ազգային թանգարանի բացառիկ փոխառությամբ: Ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանը պատմել է կտավի՝ ավելի քան մեկ դար անցած ճանապարհի մասին։

«Կտավն առաջին անգամ ցուցադրվել է «Պերեդվիժնիկներ»-ի խմբի 22-րդ ցուցահանդեսում: Հետո այն գնել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստների ակադեմիայի նախկին փոխտնօրենը: 1917 թվականին՝ Բոլշեւիկյան հեղափոխությունից հետո, ինչպես հազարավոր այլ աշխատանքներ, կտավն ազգայնացվել է եւ փոխանցվել Ռուսական արվեստի թանգարան, իսկ 1930-ականներին՝ խորհրդային իշխանությունների մշակութային ապակենտրոնացման ծրագրերի շրջանակում, փոխանցվել Ղազախստանի արվեստի պետական թանգարան։ Այդ օրվանից այն այդ թանգարանի մշտական ցուցադրությունում է»,- նշել է համադրողը։ 


Կտավում առանձնահատուկ ուշադրություն է գրավում ետնախորքում պատկերված Սբ․ Առաքելոց եկեղեցու պատմական դուռը: Այն ներառված է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում, սակայն այս ցուցահանդեսի շրջանակում ներկայացվում է Ազգային պատկերասրահում:

Ցուցահանդեսի գաղափարական առանցքը հումանիզմն է՝ որպես հայկական արվեստի պատմության հիմնարար արժեքներից մեկը։ Այդ իսկ պատճառով Սուրենյանցի գործերի կողքին ներկայացված են Փանոս Թերլեմեզյանի, Սարգիս Խաչատուրյանի, Ժիրայր Օրագյանի, Մարիամ Ասլամազյանի, Արմինե Կալենցի եւ այլ նկարիչների աշխատանքները։ Ստեղծագործությունները հնարավորություն են տալիս հետեւել մարդասիրական մտածողության ընդհանուր զարգացմանը։  


Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ընդգծել է, որ «Լքյալը» Հայաստանում ներկայացնելու համար անհրաժեշտ է եղել տասնամյակների աշխատանք։ Նրա խոսքով՝ ցուցահանդեսի «Մարդկության դեմքը» անվանումը պատահական չի ընտրվել։

«Կտավը ստեղծվել է հայ ժողովրդի համար ողբերգական պատմական իրադարձությունների համատեքստում, սակայն Վարդգես Սուրենյանցի հանճարն այն էր, որ նա այդ վիշտը վերհանել եւ հասցրել է համամարդկային հարթության։  Ցուցահանդեսի խորագիրը պատահական չէ ընտրված. կնկատեք, որ կենտրոնում մարդն է՝ որպես բարձրագույն եւ բացարձակ արժեք։ Մեզնից յուրաքանչյուրն է այն հերոսը, որը պատկերված է կտավներում, մեզնից յուրաքանչյուրն է մարդկության դեմքը եւ մեզնից յուրաքանչյուրն է պատասխանատու պատմական տարբեր իրողությունների համար»,- նշել է Հակոբյանը։


Ղազախստանի Աբիլխան Կաստեեւի անվան արվեստի ազգային թանգարանի տնօրեն Գուլայմ Ժումաբեկովան ընդգծեց Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ մշակութային համագործակցության կարեւորությունը։ Նա նշեց, որ հայ նկարիչների ստեղծագործությունները՝ գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն, դեկորատիվ եւ կիրառական արվեստ, շարունակում են կարեւոր տեղ զբաղեցնել իրենց թանգարանի ցուցադրություններում։ Որպես օրինակ՝ Ժումաբեկովան հիշատակեց 2017 թվականին ներկայացված «Իմ Հայաստանը» ցուցահանդեսը, ինչպես նաեւ 2026 թվականի օգոստոսին բացված «Հայաստանի գունապնակը» ցուցահանդեսը, որը ղազախստանյան հանդիսատեսին ծանոթացրել է XX դարի հայկական արվեստի բազմազանությանը։


«Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» եւ հումանիստական արվեստը» ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում կգործի մինչեւ 2027 թվականի մարտի 16-ը։

Տեքստը եւ լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի/Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW