Արցախի խորհրդանիշ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ներկայացնող արցախցի տարեց ամուսինների իլյուստրացիոն կյանքին պատերազմի օրերին շատերն էին հետեւում. Դեդոն կռվի դաշտում ո՞նց է, իսկ Բաբոն մենակ ի՞նչ է անում, այսօր Դեդոյից լուր ունեցա՞վ: Նախագծի հեղինակները «Գտնված երազ» մուլտֆիլմի ստեղծողներն են՝ նյույորքաբնակ Հովհաննես եւ Գագիկ Դիլաքյանները: Արձաններին կյանք տալու գաղափարի, ստացած դրական ու բացասական արձագանքների, ինչպես նաեւ «Գտնված երազ»-ի հնարավոր շարունակության մասին նկարիչները զրուցել են BRAVO.am-ի հետ:
-Ինչպե՞ս ծնվեց «Տատիկ-պապիկին» կենդանացնելու գաղափարը:
-Ոչ միայն իրենց, այլեւ, առհասարակ, արձաններին կյանքի բերելու գաղափարն ունեցել ենք մինչեւ պատերազմը՝ դեռ համավարակի օրերին: Մենք արդեն 40 տարի է՝ ապրում ենք Նյու Յորքում, բայց շատ կապված ենք մեր երկրի հետ՝ քաղաքի տղերք ենք (ծիծաղում են,- հեղ.): Կորոնավիրուսի օրերին, երբ խոսում էինք Երեւանի մեր ընկերների հետ, ասում էին՝ քաղաքում մարդ չկա, մենք էլ որոշեցինք դատարկ քաղաքում պատկերել մենակ մնացած արձանների կյանքը. Սպենդիարյանն ու Թումանյանը Օպերայի բակում նարդի էին խաղում, հաց կիսում, Սայաթ-Նովան, Արամ Խաչատրյանն ու Կոմիտասը՝ փողոցում նվագում, իսկ Մհեր Մկրտչյանը, Իսահակյանը, Մաշտոցն ու Կորյունն էլ՝ մրգեր վաճառում:
Արդեն պատերազմի օրերին միտք եղավ նախագիծը շարունակել «Դեդո-բաբոյի» հուշարձանով, որն, ըստ մեզ, շատ մոդեռն տարրեր ունի: Ի դեպ, հուշարձանի հեղինակի՝ Սարգիս Բաղդասարյանի հետ էլ ծանոթացաք Նյու Յորքում, շփվեցինք: Մենք ուզում էինք այդ ծանր իրավիճակում անմասն չմնալ, սակայն ոչ թե կոչեր ու ելույթներ ունենալ, այլ մեր զգացմունքներն ու ապրումներն արտահայտել հենց նկարների միջոցով:
-Շարքի զարգացումները պատկերելիս մարդկանց կարծիքները, ցանկությունները հաշվի առնո՞ւմ էիք:
- Քանի որ արձագանքը մեծ եղավ, իհարկե, ընթացքում նաեւ մեկնաբանություններն էինք քննարկում: Առաջին իլյուստրացիայում պապիկը տանկով գնում է կռիվ, իսկ տատիկը միայնակ է մնում: Որոշեցինք մի քանի կենդանի ավելացնել, որ բաբոն լրիվ մենակ չլինի: Հետագա նկարներում, երբ փիսոները չէին լինում, մարդիկ միանգամից բողոքում էին, թե հետ բերեք փիսոներին (ծիծաղում են,-հեղ.): Մենք դեդոյին շատ ժամանակակից էինք ներկայացրել՝ դաջվածքներով, մարզված, իհարկե, տատիկն այդ ֆոնին մի քիչ ավանդական էր երեւում, բայց ընթացքում նրան եւս շապիկներ հագցրինք, ջահելացրինք. հիմնական միտումը տարիքով մարդկանց առողջ, էներգետիկ ու ժամանակակից ներկայացնելն էր. ի վերջո, մենք էլ երիտասարդ չենք, բայց շփվում ենք ջահելների հետ, մեր թոռների հետ լսում իրենց սիրելի երաժշտությունը: Ժամանակին համընթաց ենք գնում:
- Այս մատուցումը որքան հետաքրքիր, նույնքան անսովոր պիտի լիներ հայաստանաբնակ հասարակության համար, ովքեր շատ զգայուն են հատկապես խորհրդանիշների հանդեպ. դրականը միանշանակ գերակշռում էր, իսկ բացասական կարծիքների չե՞ք հանդիպել:
- Իհարկե, եղել են նաեւ այդպիսիք. աչքովս ընկավ, որ մեկը գրել էր՝ չարժե Արցախի խորհրդանիշներն այս կերպ ներկայացնել, բայց մեր նպատակն է հայկական մշակույթը, հատկապես՝ նկարչությունը հասանելի դարձնել նաեւ աշխարհում, իսկ դրա համար պետք է նորարար մոտեցում: Օրինակ՝ մեր այլազգի ընկերները, տեսնելով շարքը, հիացական կարծիքներ էին հայտնում՝ երբեմն անգամ չիմանալով այդ ամենի նշանակությունը:
Կարծում ենք՝ այս հաջողության մի մեծ մասնիկը նաեւ այն է, որ հուշարձանն ի սկզբանե ունի բնավորություն. Դեդոյի եւ Բաբոյի դիմագծերն անհնար է շփոթել, այդ իսկ պատճառով շատ ֆոտոգենիկ էին նկարներում:
- Շարքը մուլտֆիլմ դառնալու հեռանկար ունի՞:
- Քանի որ մեզ ճանաչում են որպես «Գտնված երազ»-ի հեղինակներ, ինքներս էլ կարծես մեզ այդպես ենք ընկալում եւ ինչ-որ սահմանափաակումների մեջ դնում, բայց այս շարքի դեպքում, կարծում ենք, ինքնին թելադրվում է նման շարունակություն, եւ առաջարկների դեպքում մեծ սիրով պատրաստ ենք համագործակցության:
- «Գտնված երազ»-ի մասին. սիրված ու հաջողված նախագծերը միշտ վերադառնւմ են, մտքեր կա՞ն:
- Հայաստան այցերի ժամանակ մեզ միշտ հարցնում էին՝ «Գտնված երազը» շարունակություն չի՞ ունենա, ժամանակը չէ՞ արթնացնել ծերուկին, եւ մենք, այո, որոշեցինք հետ բերել նրանց, բայց առայժմ գրքային տարբերակով: Շարունակության մեջ արդեն պապիկն արթնանում է, աղջկա հետ շրջում են աշխարհով՝ լինելով Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Չինաստանում: Նաեւ կրթական գիծ ենք տարել, քանի որ փոքրիկների համար ներկայացրել ենք այս բոլոր մշակույթները:
Կարծում ենք՝ «Գտնված երազ»-ի ուժը նրանում է, որ չկան չար կերպարներ. նույնը մենք փորձեցինք անել նաեւ «Դեդո-բաբոյի» շարքում, չնայած, որ թեման պատերազմն էր: Հետագայում չենք բացառում նաեւ մուլտի իրագործումը, քանի որ նկարված իլյուստրացիաները եւս կան:
Դիլաքյան եղբայրները
-Եվ, ամփոփենք՝ մի փոքր էլ անդրադառնալով նաեւ ձեր այլ աշխատանքներին:
- Այժմ միանգամից մի քանի նախագծի վրա ենք աշխատում. կային նաեւ համագործակցություններ, որոնց շրջանակում պիտի գայինք Հայաստան, բայց, ցավոք, համավարակի պատճառով դրանք հետաձգվեցին: Մի շարք էլ ունենք, որում հանրահայտ նկարիչների գործերը խառնում ենք մեր իլյուստրացիաներին, այդ համադրություններն էլ բավական հետաքրքիր են, ու եթե հետագայում գիրք հրատարակենք, կներառենք նաեւ դրանք:
Զրուցեց Էլեն Աղաջանյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Դիլաքյան եղբայրների
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: