×


Բրազիլիայում հայտնաբերել են Անրի Մատիսի գողացված 8 աշխատանքները

Բրազիլիայի ոստիկանությունը հայտնաբերել է ֆրանսիացի նկարիչ Անրի Մատիսի 8 փորագրանկար (գրավյուր), որոնք գողացել էին Սան Պաուլոյի Մարիո դե Անդրադեի գրադարանից անցյալ տարվա դեկտեմբերին, հայտնում է տեղական Folha de S.Paulo պարբերականը։

Երկու տղամարդ զենքի սպառնալիքով պահել էին անվտանգության աշխատակցին եւ ցուցահանդես այցելած զույգին, վերցրել աշխատանքներն ու փախել գլխավոր մուտքով։

8 ամիս անց 11 խուզարկությունից հետո իրավապահները Մատիսի աշխատանքները հայտնաբերել են Սան Բեռնարդո դու Կամպո քաղաքի բնակարաններից մեկում: Ոստիկանությունը բնակարանում նաեւ հրազեն է հայտնաբերել:


Աշխատանքները նկարչի «Ջազ» ալբոմի (1943–1947) նկարազարդումների շարքի մաս են կազմում։ Դրանց թվում են «Ծաղրածու», «Կրկես», «Պարոն Լոյալ», «Մղձավանջ սպիտակ փղի հետ», «Կոդոմաս», «Պարուհին ակվարիումում», «Դահուկորդ» եւ «Կովբոյ» փորագրանկարները: Դրանց արժեքը գնահատվում է մոտ 200 հազար դոլար։

Մատիսը համարվում է 20-րդ դարի ամենաազդեցիկ նկարիչներից մեկը, եւ արվեստի քննադատները նշում են, որ գողացված աշխատանքների արժեքն «անհաշվելի» է։

Գողերը գրադարանից գողացել են նաեւ բրազիլացի նկարիչ Կանդիդո Պորտինարիի 5 աշխատանք։ Դրանք դեռեւս չեն հայտնաբերվել. ոստիկանությունը կասկածում է, որ արդեն վաճառվել են:

Կարդալ ավելին

Quality Sign BW