Այս տարի նշվում է թատրոնի եւ կինոյի մեծանուն դերասանուհի, ժողովրդական արտիստ Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակը:
Հայաստանի կինոյի հիմնադրամի նախաձեռնությամբ ու Գրականության եւ արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ բացվել է «Բեմի հմայքը» ցուցադրությունը։
«Մետաքսյա Սիմոնյանի բեմական ներկայությունն այն երեւույթներից էր, որը դժվար էր պարզապես բառերով նկարագրել։ Վահրամ Փափազյանը նրա մասին գրել է․ «Մետաքսյայի արտահայտչական միջոցները շատ են, ճիշտ է, բայց լավագույնը, ըստ իս, ձայնային տվյալների հարստությունն է, որով խոսքը նրա շուրթերում ոչ միայն բազմերանգ է եւ ախորժալուր, այլեւ հասնում է սրահին դերասանուհու ներաշխարհի ամբողջությամբ»»,- հայտնում է Հայաստանի կինոյի հիմնադրամը:
Ցուցադրությունում մեկտեղվել են Մետաքսյա Սիմոնյանի կյանքն ու բեմական գործունեությունը ներկայացնող նյութեր՝ նրա մասնակցությամբ ֆիլմերից հատվածներ, բեմական զգեստներ, զարդեր, բնօրինակ ազդագրեր, ձեռագրեր, անձնական իրեր ու արժեքավոր այլ նմուշներ։
Ցուցադրությունը Գրականության եւ արվեստի թանգարանում գործելու է մինչեւ օգոստոսի 31-ը:
Լուսանկարները՝ ԳԱԹ-ի


×
128






