×


«Ինձ են մեղադրում՝ առանց նշելու, որ զազրախոսող կինը կեղտոտ բառեր էր ինձ ուղղում». Շուշան Պետրոսյանը մանրամասնում է

Մամուլում նախօրեին լուր տարածվեց, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում 56-ամյա քաղաքացի Ելենա Պետրոսյանի ահազանգի փաստով, թե խանութում վիճաբանության ժամանակ Շուշան Պետրոսյանը հարվածել է իրեն:

Aravot.am-ը միջադեպի մասին զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ.

«Առեւտուր էի անում, երբ մտավ մի կին ու ասում է՝ «իյա՜, այս դավաճանն ի՞նչ գործ ունի մեր խանութում...»: Այնքան անպարկեշտ էր ասածը, որ զարմացա. մտքովս չէր անցնում, որ դա ինձ է ուղղված: Շուռ եկա իր կողմը եւ ասացի՝ «տիկին, կներեք, ի՞նչ»: Պատասխանեց՝ «ասում եմ՝ դավաճանն ի՞նչ գործ ունի, քո հետ եմ, դավաճանն ի՞նչ գործ ունի մեր խանութում, այ թալանչի...»: Անվանեց թալանչի, կեղեքիչ, պիցցայակեր, Սերժի ստրուկ, Քոչարյանի ստրուկ ու նման բառեր՝ այն, ինչ կկարդաք համացանցում «ֆեյքերի» կատարմամբ: Շատ տհաճ զգացողություն էր: Ինքն իր առեւտուրն արեց, հայտարարեց, որ ես իրեն լավ չեմ ճանաչում, եւ որ ինքն իմ «քթից կբերի», ու դուրս եկավ»:

Լրագրողի հարցին, թե այդ կինը պնդել է, որ իրեն հարվածել եւ քաշքշել է, Շուշան Պետրոսյանը պատասխանել է.«Փոքրիկ միջադեպ է եղել: Ես չեմ կարող անտարբեր լինել, երբ իմ արժանապատվությունն են կպնում եւ կպնում են արդեն երկու տարի: Ընդ որում, չեն ներկայացրել, թե ինչպիսին է եղել նախապատմությունը մեր ընդհարման: Միանգամից ինձ են մեղադրում՝ առանց նշելու, որ զազրախոսող կինը բացել էր իր գարշելի բերանը եւ կեղտոտ բառեր էր ինձ ուղղում: Սա շա՜տ վատ բան է, սա ողբերգություն է: Երկիրը պատերազմն է տանուլ տվել, այդքան զոհ ունենք այս ողբերգության մեջ, որին ավելանում է այս պառակտվածությունը»:

Երգչուհին նշել է, որ ոստիկանություն չի դիմել, ոստիկանությունից էլ իրեն չեն զանգահարել.«Ինչո՞ւ դիմեմ: Դիմեմ, որ իմ արժանապատվությանը կպե՞լ են: Իմ արժանապատվությանը կպել են ու ստացել պատասխան: Միայն ուզում եմ, որ ատելությունը հեռանա հայից»:

Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:

BRAVO.am
Լուսանկարը՝ Շուշան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին