×


«Ես ինձ պարզապես չեմ ների». Հայկուհի Մաթեւոսյանի 21-ամյակի խոհերը

2019 թվականին գեղեցկուհու տիտղոսը նվաճած Հայկուհի Մաթեւոսյանն այսօր դարձել է 21 տարեկան: Հոբելյարը, սակայն, տոնական տրամադրություն չունի: Որոշել է չնշել տարեդարձը, նույնիսկ մերժել է ընկերների՝ միասին տոնելու առաջարկը:

«Այս տարի բացառություն է: Տրամադրություն չունեմ՝ կապված մեր ազգային կորուստների եւ երկրի այս վատ վիճակի հետ: Ես չեմ կարող ուրախանալ, երբ հարազատ, ընկեր, ծանոթ եմ կորցրել: Դժվարանում եմ հիշել, թե վերջին ամիսներին երբ եմ ծիծաղել, ուրախացել: Ես չեմ կարող ուրախանալ, երբ պատերազմն իմ մանկության, ուսանողական ընկերներին, իմ հայրենակից երիտասարդ գրեթե ողջ սերնդին խլել է: Ես ինձ պարզապես չեմ ների: 2020 թվականը շատ է փոխել ինձ: Եթե նախկինում մեծ սիրով էի պատրաստվում այս օրվան, նախապես  զբաղվում կազմակերպչական հարցերով, հիմա անտարբեր եմ: Հիմա, երբ հիշում եմ, թե ինչ անկարեւոր բաների վրա եմ ժամանակ եւ ուշադրություն դարձրել, զարմանում եմ»,- BRAVO.am-ին ասել է Հայկուհին եւ հավելել, որ ընտանիքի անդամները, ինչպես միշտ, կեսգիշերին տորթով շնորհավորել են: Մոմերը միայն հիշեցնելուց հետո է փչել: Երազանքը հայրենքի ու խաղաղության հետ է կապված, իսկ անձնական ցանկություններն այս օրերին երկրորդ տեղում են իր համար:

Հայկուհի Մաթեւոսյանը


Նվերներ, անակնկալներ, ինչպես միշտ, այս տարի եւս եղել են: Չնայած Հայկուհին չի սիրում անանուն ծաղկեփնջեր եւ նվերներ ստանալ եւ հիմնականում չի ընդունում, բայց այս տարի եւս նմանատիպ անակնկալներ եղել են:

Ամփոփելով 2020 թվականը`Հայկուհին նշել է, որ այն իր համար շատ խոստումնալից սկսվեց, հետո քաոսի վերածվեց.«Եվրոպական մոդելային գործակալության շահավետ գործնական առաջարկը հետաձգվեց համաճարակի պատճառով: Իսկ պատերազմի օրերին առաջարկ ստացա մասնակցել միջազգային գեղեցկության մրցույթների, որոնք մերժել եմ մեր երկրի վիճակից ելնելով»:

Առաջիկա անելիքներից խոսելիս էլ նշել է, որ միշտ իր առջեւ նպատակներ էր դնում, ծրագրեր կազմում: Այսօր արդեն տեսնում է, որ դրանք չիրականացան: Այսուհետ որոշել է ծրագրեր չկազմել, ուշադրությունը կենտրոնացնել կրթության վրա եւ փորձել առաջ շարժվել:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Հայկուհի Մաթեւոսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին