×


«Այն բացառիկ ներկայացումներից է, որ անհանգստանալ իրոք պետք է»․ Կամերայինում վերաբեմադրվել է «Կեսարի խրախճանքը»

Մոտ մեկ տարվա դադարից հետո Երեւանի կամերային թատրոնը երեկ կրկին հանդիսատես ուներ, առիթն էլ՝ նոր ներկայացման պրեմիերան։ Թատրոնի խաղացանկում այսուհետ կլինի նաեւ ռեժիսոր Արշո Հարությունյանի բեմադրած «Կեսարի խրախճանքը», որի առաջնախաղին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է եւ զրուցել ներկայացման հեղինակի ու դերասանների հետ։

Նշենք, որ Կամերային թատրոնում այս ներկայացումն առաջին անգամ բեմադրվել է 1984 թվականին՝ ռեժիսոր Արա Երնջակյանի կողմից, որն ադապտացրել ու պիեսի է վերածել Էդուարդ Ռաձինսկիի «Ներոնի եւ Սենեկայի ժամանակների թատրոնը» ստեղծագործությունը։ Երկար տարիներ ներկայացման գլխավոր՝ Ներոնի դերում հանդես է եկել թատրոնի դերասան Գեորգի Ամիրաղյանը, որի հիշատակին էլ նվիրված էր երեկվա պրեմիերան․ «Սա եղել է նրա կենսագրության ամենավառ դերերից մեկը, ու նա բոլորի համար ասոցացվում էր հենց Ներոնի կերպարի հետ։ Դրա համար էլ որոշեցինք այս ներկայացումը վերաբեմադրել ու նվիրել նրա հիշատակին։ Ասեմ ավելին՝ հենց նրա ծննդյան օրը՝ դեկտեմբերի 23-ին, առանց հանդիսատեսի՝ պարզապես մեր ընկերների համար խաղացինք այս ներկայացումն ու այդպես նշեցինք։ Կարծում եմ՝ հնարավորության դեպքում պետք է պահել մարդկանց հիշատակը թատրոնում, հատկապես երբ նրանք թատրոնի տարեգրության մեջ շատ կարեւոր եւ ուրույն տեղ են ունեցել»,- մեզ հետ զրույցում նկատեց Արշո Հարությունյանը։

«Կեսարի խրախճանքը» ներկայացումը՝ Կամերային թատրոնում


Նրա խոսքով՝ ներկայացման գաղափարը, ցավոք, արդիական է նաեւ մեր օրերում, եւ այդ առումով հանդիսատեսը հնարավորություն ունի մտածել ու զգալ, թե ինչն է հիմա սխալ, ինչպես պետք է անել եւ ինչ չանել, ինչպես գտնել այս հարցերի պատասխանները․«Արդեն 3000 տարի է՝ Ներոնը չկա, բայց, ցավոք, մարդկության դաժանությունը, մարդու բնավորությունը, բովանդակությունն ու բնությունը չեն փոխվում, փոխվում են երեւի ձեւերն ու միջոցները, բայց գիշատիչը չի կորչում մարդու միջից։ Այն ի ծնե կա, ու հենց այդ գիշատչին հնարավորություն է տրվում իշխանություն ունենալու, նա միանգամից դառնում է այն հրեշը, որին կտեսնեք բեմում։ Եվ ներկայացման գաղափարախոսությունը հետեւյալն է, որ մեծագույն բարեխոսը՝ Սենեկան, դաստիարակեց մեծագույն մարդասպանի՝ Ներոնին։ Այս հակասության ու մետամորֆոզի մասին է ողջ ասելիքը, եւ ի դեմս Ներոնի, ի դեմս այս դրամատուրգիայի՝ այն շատ համահունչ է մեր ժամանակների հետ»։

«Կեսարի խրախճանքը» ներկայացումը՝ Կամերային թատրոնում


Ներկայացման գլխավոր դերում հանդես է գալիս Սենիկ Բարսեղյանը, որը վստահաբար դեռ երկար ժամանակ հիշվելու եւ ասոցացվելու է հենց այս կերպարի հետ։ Մեր զրույցի սկզբում էլ խոստովանեց, որ փոքր-ինչ անհանգիստ է, ինչն իրեն այնքան էլ բնորոշ չէ սովորաբար․«Նախ՝ երկար ժամանակ է՝ ներկայացում չենք խաղացել, եւ հետո սա այն բացառիկ դեպքերից է, որ անհանգստանալ իրոք պետք է։ Եթե անկեղծ, շատ պատասխանատու ներկայացում է, շատ պատասխանատու դեր է, մեծ ծավալով աշխատանք է կատարվել։ Խոսքը Ներոնի կերպարի մասին է, որը ժամանակին խաղացել է մեր առաջատար եւ լուսահոգի դերասան Գեորգի Ամիրաղյանը։ Ճիշտն ասած՝ դեռ նրա կենդանության օրոք ես խնդրել եւ հավանություն եմ ստացել նրանից՝ այս դերը խաղալու։ Դրա համար էլ ինձ թվում է՝ նա այսօր ներկա է լինելու անպայման»։

«Կեսարի խրախճանքը» ներկայացումը՝ Կամերային թատրոնում


Ներկայացման միակ կին դերակատարն է թատրոնի նոր դերասանուհիներից Մարիկա Դովլաթբեկյանը, ով մարմնավորում է ստեղծագործության բոլոր կին կերպարներին՝ ե՛ւ Ներոնի կնոջը, ե՛ւ սիրուհուն, ե՛ւ մորը․«Առաջին անգամ եմ Կամերային թատրոնում ներկայացում խաղում, բայց ոչ վերջին (ժպտում է,- հեղ․)։ Ընդհանրապես միշտ ցանկացել եմ այս թատրոնում խաղալ, եւ երբ առաջարկ ստացա, շա՜տ ուրախացա։ Իհարկե, պատասխանատվությունը շատ մեծ էր, եւ ես հասկանում էի՝ ինչքան մեծ աշխատանք պիտի արվի։ Շատ վախեցած էի, բայց շնորհիվ ռեժիսորի՝ Արշալույս Հարությունյանի, շնորհիվ շատ լավ խաղընկերոջ՝ Սենոյի, ոչ մի վայրկյան չեմ զգացել, որ ես նոր եմ, որ ուրիշ եմ։ Երբ զգում ես, որ քեզ վստահում են այդ դերը, ինքդ էլ լցվում ես եւ արդեն տալու ինչ-որ բան ունես։ Որպես դերասանուհի, կարծում եմ, աճել եմ այս ընթացքում»,- խոստովանեց Մարիկան։

Ստեփան Ղամբարյանը, Արման Միտոյանը, Խորեն Լեւոնյանը եւ Արշո Հարությունյանը՝ «Կեսարի խրախճանքը» ներկայացման պրեմիերային


Ներկայացման մյուս կերպարներում հանդես են գալիս Գրիգոր Բաղդասարյանը, Նարեկ Ալեքսանյանը, Մհեր Ալաբեգյանը, Դավիթ Գրիգորյանը եւ Սամվել Սերոբյանը։ Ի դեպ, Գրիգոր Բաղդասարյանը ներկայացման միակ դերասանն է, որ խաղացել է նաեւ նախորդ՝ Արա Երնջակյանի բեմադրած տարբերակում։ Ինչ վերաբերում է Արշո Հարությունյանի նոր մեկնաբանությանը, ապա կարելի է վստահորեն ասել՝ առաջին հանդիսատեսն այն հավանեց ու գնահատեց։ Վկայությունը վերջիններիս հոտնկայս ծափահարություններն էին։ Շատերը նույնիսկ ներկայացման ավարտին ցանկություն հայտնեցին գնալ եւ ավելի մանրամասն ուսումնասիրել Ներոնի ժամանակների պատմությունը։ Այնպես որ, եթե ցանկանում եք նոր դերասանների մասնակցությամբ տեսնել «Կեսարի խրախճանքը», ապա ներկայացումն արդեն սպասում է իր հաջորդ հանդիսատեսին։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին