×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը հունվարին

Կարճատեւ դադարից հետո BRAVO.am-ը կրկին պատրաստ է ներկայացնել, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հունվար ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի հունվար ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Սիրուշո՝ 39 հիշատակում

• Նազենի Հովհաննիսյան՝ 37 հիշատակում

• Լուսինե Թովմասյան՝ 31 հիշատակում


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Հունվարին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատար է եղել  Սիրուշոն: Հունվարի 7-ին լրացել է երգչուհու 34-րդ տարեդարձը: Այդ մասին տեղեկացրել են մի շարք կայքեր:

Հունվարի 23-ին տեղի է ունեցել լուսահոգի երգչուհի Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի պսակադրությունը՝ Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի քավորությամբ: Հարսանիքից հետո աղմուկ էր բարձրացել՝ կապված այն բանի հետ, որ զույգն իբրեւ թե ներկա է եղել հարսանեկան խնջույքին: Թեմային անդրադարձ է կատարել Սիրուշոյի ամուսինը, պարզաբանելով, որ իրենք մասնակցել են միայն եկեղեցում տեղի ունեցած պսակադրությանը:

Հարսանեկան երեկոն վարել է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, ով մեր վարկանիշային ցուցակում երկրորդն է:

Նա նախորդ ամիս աչքի է ընկել հայրենիքին, Հայաստանին նվիրված գրառումներով. «Պիտի անցնենք էս ամենի միջով ու մաքրված՝ հասնենք մեր երազանքներին», «Առանց Հայաստան չկա հայ... չկա հայություն ու հայոց պատմություն, չկա մեր հետքը», «Շուշին եղել է ու լինելու է նորից հայի ու հայկական քաղաք, հայերի բնօրրան․․․ ու ես ապրելու եմ էնքան, որ դա տեսնեմ։ Երիցս անիծվեն դավաճանները՝ ղեկավարներից մինչեւ նրանց մանկլավիկներ, որ դարձել են ադրբեջանի պետության հերոսներ»։


Նազենին ինստագրամյան իր էջում բալետի արտիստ, դերասան Ռուբեն Մուրադյանի հետ լուսանկար էր տեղադրել՝ «Երջանկության մեխանիկա. #էպիզոդ2 #newmovie» խորագրով: Երկրպագուները շտապել էին շնորհավորել եւ անձնական երջանկություն մաղթել, սակայն դերասանուհին պարզաբանեց, որ դա ընդամենը դրվագ է նոր նկարահանվող ֆիլմից:

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» տիտղոսակիր Լուսինե Թովմասյանը եւս մեծ ակտիվություն է դրսեւորում Ինստագրամում: Ունենալով հետեւորդների մեծ բանակ՝ նա պարբերաբար կիսվում է ինչպես առօրյա, այնպես էլ նշանակալի իրադարձությունների լուսանկարներով:

Նախորդ տարեվերջին մահացավ Լուսինե Թովմասյանի հայրը: «Միայն մի երազանք ունեմ, որ անցած տարին չկրկնվի էլ երբեք: Պատերազմը եւ այս հիվանդությունը շատ-շատերին խլեցին մեզնից, բայց արի ու տես, որ կյանքը շարունակվում է»,-գրել էր նա:

Քիչ չեն նաեւ գեղեցկուհու սիրառատ լուսանկարներն ամուսնու եւ երեխաների հետ, որոնք ուղեկցվում են գեղեցիկ մեկնաբանություններով.«Քեզ հետ անցկացրած 8 տարին ամենագեղեցիկն են իմ կյանքում», «Ամենաթանկ պահերը»..: Լուսինեն նաեւ շնորհավորել է մայրիկի տարեդարձը.«Որ դու ժպտում ես, ուրեմն իմ կյանքում ամեն ինչ լավ է, ես ամենաերջանիկն եմ»:

Հունվարին Լուսինե Թովմասյանն ինստագրամյան հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրել է, որ այլեւս չի վարելու «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագիրը եւ նշել, որ շուտով կպատմի իր նոր աշխատանքի եւ նոր նախագծերի մասին:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW