×


Zavag մանկական ապրանքանիշը հայկական շուկայում է՝ իր մուսլինե ինքնատիպ տեսականիով

Երկու դուստրերի ծնունդը տարիներ առաջ նոր կյանք պարգեւեց ոչ միայն երջանիկ ծնողներին, այլեւ առիթ հանդիսացավ եզակի արտադրանք ունեցող մանկական բրենդ հիմնելու, որը հստակ քայլերով առաջ է ընթանում ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում։ «Zavag» ապրանքանիշի հիմնադիր Աննա Կարապետյանի հաջողության պատմությունն է, որը ներկայացնում է ամիսներ առաջ հիմնադրված ընկերության ստեղծումը։ Սկանդինավյան երկրներում ապրող ու աշխատող հայ ամուսինների երազանքը, որը շուտով դարձավ նպատակ ու գործ, Հայաստանում ներկայացնում է մուսլինե կտորից պատրաստված որակյալ ու ինքնատիպ աքսեսուարներ, խաղալիքներ ու ծածկոցներ 0-7 տարեկան երեխաների համար։ Ինչպես բրենդի հիմնադիրն է նշում, մոտ ապագայում նախատեսվում է տեսականին ընդլայնել եւ նոր արտադրանքով հանդես գալ նաեւ ավելի բարձր տարիքի երեխաների համար։

BRAVO.am-ի հետ զրույցում Աննա Կարապետյանը պատմեց, որ բրենդը հիմնելու գաղափարն ունեցել է դեռ առաջին դստեր ծնունդից հետո։ Բայց ավելի հստակ մտքի է վերածվել երկրորդ երեխայի ծնունդով եւ հավանության ու աջակցության է արժանացել ամուսնու կողմից։ Ի վերջո մեկ տարվա նախապատրաստական աշխատանքներից հետո երեք ամիս առաջ հիմնադրվել է «Zavag»-ը, որպեսզի Հայաստանում ապրող ծնողներն ու երեխաներն էլ զգան մուսլինե նուրբ, փափուկ ու որակյալ կտորից, սկանդինավյան մինիմալիստական ոճով կարված ծածկոցների եւ մանկական այլ աքսեսուարների հաճույքը։


Աննան խոստովանում է, որ այնքան էլ հեշտ չէ Հայաստանից հեռու գտնվելով՝ կազմակերպել արտադրական ողջ գործընթացը, հատկապես որ կտորներն էլ բերվում են արաբական երկրներից ո Հնդկաստանից։ Բայց իրենց նպատակը հաղթահարում է բոլոր խոչընդոտները. «Մուսլինը հարյուր տոկոս բնական կտոր է, չունի որեւէ հակացուցում եւ շատ հաճելի է մարմնին կրելը։ Այն ծնունդով Իրաքից է, սակայն տարածված է աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Եվրոպայում ու Ամերիկայում։ Իմ ցանկությունն էր, որ հայ ծնողներն ու երեխաներն էլ զգան նման արտադրանքի հաճույքը։ Մեր դիզայներն աշխատում է Հայաստանում, էսքիզներն ուղարկում է մեզ, որոնց հաստատվելուց հետո պատվիրում ենք կտորները։ Դրանք այստեղ չափագրվում են, կտրվում, ստուգվում է որակը, այնուհետեւ տեղափոխվում Հայաստան, որտեղ էլ ամբողջ արտադրանքը կարվում է ձեռքով»։

Հատկանշական է, որ «Zavag»-ի ներկայացրած տեսականին նախատեսված է ոչ միայն հայ, այլեւ արտասահմանցի գնորդների համար։ Պարզապես նախագծի հեղինակների ցանկությունն է եղել, որ առաջին վաճառքները լինեն Հայաստանում։ Հուրախություն վերջիններիս՝ բրենդն արդեն ունի իր առաջին գնորդներին։ Աննա Կարապետյանը պատմում է, որ տեղի սպառողները շատ են սիրել հատկապես իրենց հեղինակային ձեռագործ խաղալիք նապաստակները, որոնք այցեքարտ են դարձել բրենդի համար։ Ի դեպ, այդ մասով «Zavag»-ն արդեն աշխատում է նաեւ LATONA ծաղկի սրահի հետ, որի տեսականու համար հատուկ կարվում են այդպիսի նապաստակներ։


Իսկ թե ինչու «Zavag», Աննան նշում է, որ իրենց համար կարեւոր էր աշխարհին ներկայանալ հայկական անվանմամբ, եւ քանի որ ունենք «զավակ» գրական գեղեցիկ բառը՝ որպես երեխայի հոմանիշ, որոշել են իրենց բրենդի համար այդպիսի անվանում ընտրել․«Սա մեր ընկերության առաջին քայլերն են, իհարկե։ Մենք ներկա պահին աշխատանքներ ենք կատարում ծավալը մեծացնելու եւ տեսականին ընդլայնելու ուղղությամբ։ Հետագայում էլ ունենալու ենք մի նորություն, որը սերտ կապված է մեր բրենդի հետ ու կրկին վերաբերելու է երեխաներին։ Բայց ուրիշ ճյուղ է լինելու, այլ ուղղությամբ։ Դա, կարելի է ասել, լինելու է համաշխարհային պրեմիերա, բայց այս պահին փակագծերը բացել չեմ կարող։)»։

Բրենդի հիմնադիրները նաեւ խոստովանում են, որ ներկա պահին բավական ռիսկային է նման արտադրություն հիմնելը՝ համաճարակային իրավիճակով ու սահմանների փակ լինելով պայմանավորված։ Բայց ինչպես Աննա Կարապետյանն է ընդգծում, իրենց ամուր ու վստահելի թիմը կարողանում է աշխատանքները սահուն կազմակերպել։ Միջոցառումներ ու ցուցադրություններ էլ դեռ չեն պատրաստվում կազմակերպել՝ կորոնավիրուսային իրավիճակից ելնելով, բայց վստահ են, որ մոտ ապագայում դա նույնպես իրենց կհաջողվի։


Իսկ մինչ այդ «Zavag» ապրանքանիշի տեսականուն կարող եք ծանոթանալ վերջինիս ինստագրամյան պաշտոնական էջում, որտեղ ներկայացված են ծածկոցներ, վերմակներ, դոշլուկներ, թաշկինակներ, ծամակալներ, խաղալիքներ եւ յուրօրինակ ու հետաքրքիր այլ աքսեսուրներ՝  https:// www.instagram.com/zavagofficial/:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին