×


«Մեր թաղը» ներկայացումը միավորել է 22 դերասանի

Պատանի հանդիսատեսի թատրոնում նարդոսյան տրամադրություն է: Երկարատեւ դադարից հետո դերասանական կազմը հանդիսատեսին ներկայացավ մեծակտավ ներկայացմամբ՝ բեմադրված Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածաշարի հիման վրա:

Լեփ-լեցուն դահլիճը բուռն ծափողջույններով ընդունեց թատրոնի նոր աշխատանքը: Շատերին զարմացրեց այն փաստը, թե ինչպես է ստեղծագործական կազմը կարողացել Նար-Դոսի տարբեր պատմվածքներ այնպես ներկայացնել, որ ամբողջական մեկ ներկայացում ընկալվի. սյուժեում ընդգրկված են «Ինչպես բժշկեցին», «Հոպոպ», «Ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց», «Սաքուլն ուխտ գնաց» գործերը: Ռեժիսորական նուրբ մատուցմամբ հանդիսատեսի առջեւ նոր երանգներով բացվեց նարդոսյան ասելիքը՝ վերհանելով կենցաղավարության, բարքերի ու նիստուկացի խնդիրները:


Թեման բավական տխուր էր եւ ինչպես նշեց ներկայացման բեմադրիչ Արթուր Սարիբեկյանը՝ պատերազմից հետո այս ներկայացումը խաղալն առավել տխուր է. «Թատրոնի ղեկավարությունը որոշել էր անդրադառնալ հայ դասականներից Նար-Դոսին, որի գործերն ընդգրկված են նաեւ դպրոցականների դասագրքերում: 2019 թվականի մայիսից սկսել ենք աշխատանքները. նման բեմ ստեղծելը բավական բարդ ու ծավալուն աշխատանք էր: Սկզբում վարպետները մեզ ճիշտ չէին հասկացել, հետո ամեն բան ստացվեց: Պրեմիերան նախատեսված էր նախորդ տարվա մարտի 5-ին, սակայն կորոնավիրուսի տարածման հետեւանքով հետաձգվեց, հետո եղավ պատերազմը, եւ իրականում բոլորս ավելի տխուր ենք այժմ»:

Բեմականացման հեղինակը ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանն է, բեմանկարիչը՝ Անտոն Քեշիշյանը, զգեստների հեղինակը Մարինե Թադեւոսյանն է, երաժշտությունը գրել է ՀՈՂ-ը:


Ներկայացման մեջ ընդգրկված է թատրոնի դերասանական կազմի 70 տոկոսը՝ 22 դերասան՝ ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյան, ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյան, ՀՀ վաստակավոր արտիստ Արեւ Սանթրոսյան, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Բաբելյան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Մաթեւոսյան, Սամվել Օհանյան, Մարիամ Ղազանչյան, Սամվել Դանիելյան, Վիգեն Թադեւոսյան, Սիրանուշ Լազյան, Վահան Միրաքյան, Նազիկ Բաղդասարյան, Անդրանիկ Հակոբյան, Անահիտ Ղուկասյան, Դիանա Խերանյան, Մարիետտա Նազարյան, Անի Վարդանյան, Ռուզաննա Փարամազյան, Կոնստանտին Կոզմանով, Տրդատ Մակարյան, Սեյրան Մովսիսյան, Ալեքս Հակոբյան:

«Ծավալուն աշխատանք է: Բոլորն էլ շատ սիրով են աշխատել: Սպասում էինք պրեմիերային: Այսպես ասեմ՝ փորձերը սկսեցվին, եւ քաղցր շոկոլադի պես սկսեցինք այն «ուտել»»,-նշել է բեմադրիչը:


Ժանրային առանձնահատկությունից խոսելով՝ նա ասել է.«Սովորաբար ժանրը որոշելիս ասում են՝ երբ մարդ է մահանում տվյալ գործում, ուրեմն ողբերգություն է: Այս դեպքում դրաման ու ողբերգությունն այնքան միաձուլված են, չեմ համարձակվի ասել՝ ողբերգություն է. դրամա է, որի հիմքում ողբերգություն է: Հենց այստեղ էլ ընկած է մարդկային ողբերգության ողջ ասելիքը»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արամ Սալոյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW