Հայաստանի եւ Արցախի հերոս, Արցախյան պատերազմի մասնակից Մոնթե Մելքոնյանի կյանքի մասին պատմող եւ ամբողջապես իրական փաստերի վրա հիմնված «Մոնթե» գեղարվեստական ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա նոյեմբերի 25-ից:
Պրեմիերային ընդառաջ ստեղծագործական թիմը մանրամասներ է ներկայացրել ֆիլմի գաղափարի եւ նկարահանման ընթացքի մասին։ Ֆիլմը նկարահանել է Genetic Production-ը, որն ավելի վաղ հեղինակել էր նաեւ «Վազգեն. վերջին սպարապետը» կինոնկարը։
«Մոնթե»-ի մտահղացման հեղինակը Նոնո Սարգսյանն է, դեռ առաջին ֆիլմի նկարահանման ժամանակ է գաղափարն առաջացել: Նրա խոսքով՝ մեր պատմության ականավոր գործիչների օրինակներով հանձն են առել ֆիլմերի միջոցով ներկայացնել հայի պայքարող եւ հաղթող տեսակը։
«Ֆիլմը բավական դժվար պայմաններում է նկարահանվել, շատերը վախենում են այս թեմայի մասին խոսել։ Չնայած բարդություններին՝ մեծ երջանկություն է, որ այն նկարահանվեց։ Մարդիկ կտեսնեն Մոնթեի մարդ տեսակն ու նորովի կճանաչեն նրան: Տիկին Սեդան մեզ համար շատ պատմություններ է հիշել։ Շեշտը դրված է Մոնթեի անձնական պատմությունների եւ իրականության վրա։ Ինչպես այս երկու ֆիլմերի, այնպես էլ հետագա աշխատանքների դեպքում չենք մտնելու քաղաքական թեմաների մեջ, ինչն ինձ համար օրենք է: Հորեղբայրս ասում էր․ «Քաղաքականությունը անբարոյականություն է»։ Այդ քաղաքական հոսքերը գալիս եւ գնում են, բայց արժեքները պետք չէ խառնել այդ ամենի հետ»,- նշել է Սարգսյանը։
Ֆիլմում հանդիսատեսը տեսնելու է մանուկ Մոնթեին, որն ապրում է ԱՄՆ-ում եւ մեծանում հայրենասիրական ընտանիքում. «Նա դպրոցական տարիներին է հայերեն սովորել։ Մինչ այդ ծնողներից լսած հայերենը Մոնթեի համար օտար լեզու էր, բայց ինչ-որ պահի նրա մեջ ժայթքեց հայկական գենը։ Իմ ու տիկին Սեդայի որոշմամբ որոշ թեմաների ֆիլմում չենք անդրադարձել: Չարժե խոսել այն ամենից, ինչի պատասխանը չունենք»,-հավելել է նա:
Ֆիլմի ռեժիսորը Սուրեն Սաֆարյանն է, որը «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմի երկրորդ ռեժիսորն է։ Նա նաեւ Մոնթե Մելքոնյանի կնոջ՝ Սեդա Գպրանյան-Մելքոնյանի հետ գրել է ֆիլմի սցենարը։ Սաֆարյանը շեշտել է, որ Մելքոնյանի մասին բազմաթիվ լեգենդներ կան, սակայն ֆիլմում գեղարվեստական լուծումներով միայն իրական փաստերն են ներկայացրել.
«Ողջ ընթացքում տիկին Սեդան մեզ թեւ ու թիկունք էր։ Սցենարի աղբյուրները շատ տարբեր են՝ նամակներ, գրություններ եւ այլն։ Շատ գեղեցիկ ստեղծագործական մթնոլորտում ենք աշխատել: Շատ կարեւոր էր, թե տիկին Սեդան մեզ ու հատկապես՝ ինձ ինչպես կընկալի, եւ ինչպիսի փոխհարաբերություններ կկառուցվեն։ Վտանգ կար, որ կարող է նրա դուրը չգայի, քանի որ շատ բծախնդիր, ամեն բառին ու տառին ուշադրություն դարձնող մարդ է։ Շատ շնորհակալ եմ, որ ստացվել են ոչ միայն մարդկային, այլեւ ստեղծագործական փոխհարաբերություններ»,-պատմել է ռեժիսորը։
Ստեղծագործական թիմի խոսքով՝ դերակատարների ընտրության հիմքում միայն ազնիվ քասթինգն է եղել, քանի որ ֆիլմում նաեւ վառ է արտահայտված Մոնթեի ազնվությունը։
Գլխավոր դերակատար Վլադիմիր Մսրյանի խոսքով՝ դերասանի կյանքում նման դեր միայն մեկ անգամ է լինում, կամ էլ առհասարակ չի լինում. «Շնորհակալ եմ այս նախաձեռնության համար: Այն մշակույթի միջոցով ազգային արժանապատվության եւ արժեքների վերականգնման նախաձեռնություն է։ Քասթինգին ներկայացումից հետո էի գնացել, թատրոնում զինվորական հագուստ էի գտել ու հետս վերցրել: «Իմ հագուստն ինձ հետ եմ բերել»,- ասացի։ Գծային պրոդյուսեր Նարեկ Սողոյանն է լավ հիշում այդ օրը․ «Եկել էր ու նրան էլ չկարողացանք դուրս հանել»,- կատակում է: Շատ շոկային էր, ուրախությունից հավատս չէր գալիս: Պատկերացրեք, թե հայ մարդու եւ դերասանի համար նման պատասխանատվությունն ու բախտը ինչ են նշանակում։ Դերին ծանոթացել եմ ռեժիսորի ուղղորդումներով եւ այն հոլովակներով, որտեղ հնչում է Մոնթեի ձայնը: Ուսումնասիրել եմ այն ամենն, ինչ կա նրա մասին»:
Ֆիլմի նկարահանումներն անցել են Հայաստանում, Լիբանանում եւ ԱՄՆ-ում։ Անձնական արխիվների ուսումնասիրությունից, տեսանյութերի դիտումից եւ փորձերից բացի, դերասանները Զառա Ներսիսյանի հետ շատ երկար աշխատել են խոսքի վրա։ Սեդայի դերակատար Հռիփսիմե Նահապետյանը նշել է, որ իր համար արեւմտահայերենը կարծես մի նոր լեզու լիներ։
«Ես էլ եմ շնորհակալ այս առաքելության համար, որը ստանձնել ենք։ Լավ եմ հիշում քասթինգը՝ ծննդյանս նախորդ օրն էր։ Գիշերը փորձում էի հոլովակներ գտնել ու դիտել: Արեւմտահայերեն երբեք չէի խոսել, բայց տիկին Սեդայից շատ տեսանյութեր չգտա։ Քասթինգին այնպես էի խոսում, կարծես, ինձ արդեն ընտրել էին: Հետո հասկացա՝ ինքս արդեն որոշել էի, որ շատ եմ ուզում խաղալ այդ կերպարը, ու հրաշք տեղի ունեցավ։ Գրքի ընթերցանության միջոցով էի փորձում հասկանալ իմ կերպարը։ Մի հուզումնալից տեսարան կա, որին սպասում էի՝ պետք է կադրում լաց լինեի, բայց ռեժիսորն ասաց․ «Տիկին Սեդան չի արտասվել»։ Զսպում էի արցունքներս, եւ դա ճիշտ էր, էկրանին ամենալավը երեւում է զգացմունքների զսպվածությունը»,- կիսվել է դերասանուհին:
Ֆիլմում նկարահանվել են նաեւ Սամվել Թոփալյանը, Դավիթ Թադեւոսյանը, Ռոզի Ավետիսվան, Մանե Մխոյանը, Գուրգեն Սարգսյանը եւ այլոք։ Խորեն Լեւոնյանն այս ֆիլմում կրկին մարմնավորում է Վազգեն Սարգսյանին։
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի


×
203





