×


Ինչի մասին են երազում «Երեք քույրերը». Չեխովի պիեսի հետադարձ զարգացումը ԴրամաԼաբի բեմում

Անցյալ դարասկզբին Չեխովը գրել է «Երեք քույր» պիեսը՝ երեք կանանց մասին, որոնք երազում են այլ կյանքի մասին, բայց չեն համարձակվում փոխել ներկան։ 

Սյուժեի կենտրոնում գավառական քաղաքում ապրող Պրոզորովների ընտանիքն է։ Հոր մահից հետո երեք քույրերը՝ Օլգան, Մաշան եւ Իրինան, երազում են վերադառնալ Մոսկվա։ Նրանց եղբոր՝ Անդրեյի ամուսնությունը Նատալյա Իվանովնայի հետ փոխում է ընտանիքի կենսակերպը. կինը սկսում է տնօրինել ամեն ինչ՝ քույրերին մղելով երկրորդ պլան։


Քույրերից յուրաքանչյուրը յուրովի է փնտրում երջանկությունը։ Օլգան աստիճանաբար հաշտվում է կյանքի միապաղաղության հետ, Մաշան դժգոհ է ամուսնությունից, իսկ Իրինան շարունակում է հավատալ ավելի լավ ապագային։ Հերոսները խոսում են սիրո, երջանկության եւ փոփոխությունների մասին, սակայն նրանց երազանքներն այդպես էլ չեն իրականանում։ Չեխովը ցույց է տալիս, թե ինչպես է այլ կյանքի ձգտումը բախվում սովորույթներին, անվճռականությանն ու ներկան փոխելու անկարողությանը։


Ռեժիսոր Մաքսիմ Սոկոլովն առաջարկում է ծանոթ պատմությանը նայել այլ դիտանկյունից. նա փոխում է պիեսի իրադարձությունների հաջորդականությունը եւ համադրում այն Կոնստանտին Սիմոնովի «Քսան օր առանց պատերազմ» կինոսցենարի հետ՝ վերաիմաստավորելով ժամանակի սովորական ընկալումը։ 

Բեմադրությունը ներկայացվեց Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի նոր հարթակում՝ ԴրամաԼաբում։


Ներկայացման պատմությունը սկսվել է 2025 թվականին՝ Հայաստանում Ռուսաստանի թատերական գործիչների միության կազմակերպած «Դասական գրականություն» ռեժիսորական լաբորատորիայից։ Ռուս ռեժիսորներն ու հայ դերասաններն աշխատել են ապագա բեմադրությունների էսքիզների վրա։ Դրանցից մեկը Յուրի Բուտուսովի աշակերտի՝ Մաքսիմ Սոկոլովի «Երեք քույր» պիեսի ընթերցումն էր, որն այնուհետեւ վերածվել է լիարժեք ներկայացման։

Գլխավոր հերոսը ժամանակն է։ Գործողությունը սկսվում է պիեսի չորրորդ մասից եւ աստիճանաբար շարժվում հակառակ ուղղությամբ՝ թույլ տալով հանդիսատեսին հետեւել, թե ինչպես են ձեւավորվել հերոսների հույսերը, հիասթափություններն ու չիրականացած երազանքները։

Մաշայի հետ իր նմանության մասին պատմել է այդ դերը մարմնավորող Արմենուհի Հակոբյանը։

Արմենուհի Հակոբյանը


«Իմ ռեժիսորը նկատեց, որ ես ու իմ կերպարը շատ նման ենք։ Եթե ինչ-որ բան եմ ուզում, գնում եմ մինչեւ վերջ ու հասնում նպատակիս, ինչպես Մաշան։ Նա շատ զգայուն մարդ է, որը կյանքում միշտ սեր ու զգացմունքներ է փնտրել, ինչպես ես»,- սիրո մասին հուզմունքով պատմել է Արմենուհին։

Մաշան հուզական ու խոցելի հերոսուհի է, որը, չնայած անհաջող ամուսնությանը, շարունակում է փնտրել սեր եւ հոգեւոր մտերմություն։ Վերշինինի հետ հանդիպումը նրա մեջ արթնացնում է այդքան պակասող զգացմունքները։

Տիրուհի Հակոբյանը


Կրտսեր քրոջ՝ Իրինայի դերակատար Տիրուհի Հակոբյանը խոստովանել է, որ ժամանակի ընթացքում հասկացել է՝ այս դերը կարծես հենց իր համար էր նախատեսված. «Երբեք չէի մտածի, որ կխաղամ Իրինայի դերը, որովհետեւ, ինչպես դերասանուհի դառնալ երազող բոլոր աղջիկները, ես էլ միշտ երազել եմ մարմնավորել Ջուլիետային։ Երբեք չէի պատկերացնում, որ կկարողանամ խաղալ Իրինային, իսկ հիմա հասկանում եմ, որ հենց այս դերն էր իմ երազանքը։


Շատ եմ սիրում իմ դերն ու հերոսուհուն, հատկապես այն, որ նա անընդհատ երազում է։ Ինչ-որ առումով նա նման է ինձ՝ Տիրուկիս, քանի որ ես էլ եմ շատ երազկոտ։ Ներկայացման ընթացքում անընդհատ ասում եմ, որ ուզում եմ գնալ Մոսկվա։ Իրականում երբեք այնտեղ չեմ եղել, բայց հիմա, ինչպես Իրինան, ուզում եմ գնալ ու տեսնել, թե ինչ է այդ քաղաքը, ինչի մասին է նա երազում»։

Իրինան քույրերից ամենաերազկոտն է։ Նա հավատում է սիրուն, աշխատանքին եւ փոփոխություններին, իսկ Մոսկվան նրա համար դառնում է նոր կյանքի խորհրդանիշ։ Սակայն նրա հույսերը աստիճանաբար բախվում են իրականությանը։

Լիդա Լեւոնյանը


Ավագ քրոջ՝ Օլգայի դերակատար Լիդա Լեւոնյանը խոստովանել է, որ սկզբում իրեն այլ կերպարում էր պատկերացնում։


«Բոլորովին չէի սպասում, որ ավագ քույրն եմ լինելու։ Երբ իմացա, որ Մաքսն ինձ էլ է ընտրել, վստահ էի, որ Նատաշան եմ լինելու։ Արդեն ամեն ինչ պատկերացրել էի, գլխումս գծել, ու հանկարծ պարզվեց, որ ավագ քույրն եմ։ Սկզբում չէի համակերպվում այդ մտքի հետ, բայց հիմա, կարծես, սիրեցի դերս։ Դե, Նատաշան բացասական կերպար է, համենայն դեպս՝ քույրերի նկատմամբ։ Ինձ թվում էր՝ շատ ավելի հետաքրքիր է խաղալ բացասական կերպար՝ հարսին, քան տան քրոջը, որի գլուխը միշտ ցավում է, միշտ հոգնած է ու միշտ աշխատանքի է գնում»,- պատմել է Լիդան՝ գուլպաները փոխելով։


Օլգան ավագ քույրն է, որը սովոր է հոգ տանել մերձավորների մասին եւ պատասխանատվություն ստանձնել։ Աստիճանաբար նրա սեփական երազանքները զիջում են իրենց տեղը առօրյա պարտականություններին, հոգնածությանը եւ համակերպմանը։

Չնայած բնավորությունների տարբերությանը՝ երեք քույրերին միավորում է այլ կյանքի ձգտումը։ Մաքսիմ Սոկոլովի բեմադրությունը հիշեցնում է՝ ժամանակն անողոքաբար առաջ է գնում, եւ երազանքները կարող են այդպես էլ չիրականանալ, եթե կյանքը շարունակ հետաձգում ենք՝ թողնելով «հետո»-ին։

Տեքստը եւ լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի/Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW