×


«Սեզար 2021» մրցանակաբաշխությունը՝ մերկ եւ «առանց կինոյի»

Ուրբաթ երեկոյան Փարիզում՝ անսովոր պայմաններում, տեղի ունեցավ «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակաբաշխության 46-րդ արարողությունը: Դժվար է նշել կինոյի տոնը, երբ Ֆրանսիայում կինոարտադրությունը ճգնաժամ է ապրում համաճարակի մեկնարկից ի վեր. կինոթատրոններն ու մշակութային բոլոր օջախներն ավելի քան 7 ամիս փակված են եղել եւ այժմ էլ փակ են անորոշ ժամանակով:

Առանց հանդիսատեսի՝ մրցանակաբաշխությունն, այնուամենայնիվ, կայացավ, իսկ արտիստներն իրենց հատուկ սարկազմով եւ հնարամտությամբ ակնարկեցին, որ Ֆրանսիայի կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի «փրկելու» մշակույթը:

Սենսացիոն դարձավ դերասանուհի Կորին Մասիերոյի մուտքը բեմ՝ «ավանակի կոստյումով», որն էլ հանելուց հետո նա բեմում կանգնեց ամբողջովին մերկ՝ «No culture, no future» («Չկա մշակույթ, չկա ապագա») գրառումը մարմնի վրա:

Անկախ իրավիճակից՝ բաղձալի արձանիկին սպասողները շատ էին՝ լավագույն ֆիլմ դարձավ ռեժիսոր Ալբեր Դյուպոնտելի «Adieu les cons » («Հաջողություն, ապուշներ») կինոնկարը, որը 7 մրցանակի արժանացավ տարբեր անվանակարգերում: Այս ֆիլմը կինոթատրոններում ցուցադրվել է ընդամենը մեկ շաբաթ՝ 2020 թվականի հոկտեմբերին, որից հետո կրկին փակվել էին կինոդահլիճները:

Լավագույն դերասանուհի հռչակվեց Լոր Կալամին, իսկ լավագույն դերասանն այս տարի Սամի Բուաժիլան է:

Համաճարակային սահմանափակումներից ամենախիստ տուժած բնագավառը Ֆրանսիայում հենց մշակույթն է: Արվեստագետները պարբերաբար բարձրաձայնում են ֆինանսական, հոգեկան եւ այլ խնդիրների մասին:

Պանդեմիայի կառավարման շրջանակում՝ Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել էր, որ փակ կմնան «ոչ կենսական» նշանակության վայրերը, իսկ այդ արտահայտությունը վիրավորել էր արվեստագետներին:

Պատրաստեց Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW