×


«Երջանիկ մարդը նման բան չէր անի». Թամարա Գեւորգյանը՝ նոր դերի եւ չարախոսների մասին

Հեռուստադիտողը Թամարային տեսնում է համարձակ, տարբերվող ու հավակնոտ կնոջ կերպարում: Դերասանուհին խոստովանում է, որ այդ տպավորությունը խաբուսիկ է: Իրականում ինքն ավելի հասարակ, պարզ ու բարի է: BRAVO.am-ի հետ զրույցում այս անգամ նա խոսել է նոր դերի, իրեն վատաբանողների ու առաջիկա նորությունների մասին:

Առաջին փորձը

Չգիտեմ՝ ինչու են ինձ հիմնականում բացասական կերպարներ առաջարկել: Մուտքս է նման դերով եղել, երեւի դա է պատճառը, որ ինձ այդ կերպարում են տեսնում ռեժիսորները: Սովորական եւ բարի աղջիկ՝ այդպիսին էի «Ախթամար» սերիալում: Նմանօրինակ կերպար մարմնավորելը, կարելի է ասել, առաջին փորձն էր:

Առօրյայում

Շքեղ կնոջ կերպարում միայն նկարահանման հրապարակում եմ: Առօրյայում շատ հասարակ եմ թե՛ հագնվում, թե՛ շփվում: Կարծում եմ՝ քմահաճությունը երեխաների համար է: Հասուն մարդ եմ եւ հասկանում եմ, որ եթե ինչ-որ բան եմ ուզում, պետք է ջանք թափեմ եւ աշխատեմ: Շատերը կարծում են, որ դու նման ես քո խաղացած կերպարին, իսկ շատերն էլ հասկանում են, որ ուղղակի դեր է, որը իրական Թամարայի հետ կարող է որեւիցե կապ չունենալ: Էկրանի մյուս կողմում սովորական, 25 տարեկան աղջիկ եմ, ով ունի երազանքներ ու գնում է դրանց հետեւից, չի նեղանում, չի չարանում եւ պայքարում է:

Թամարա Գեւորգյանը


Քննադատությունների մասին

«Ֆեյք պապա» սիթքոմում կերպարիս մասին դրական արձագանքներ եմ ստանում: Դրական կարծիքն ու առողջ քննադատությունն ուրախացնում են: Չկա կարծիք, որ կվախեցնի: Որոշ դեպքերում զարմանում ու զայրանում եմ: Երբեմն կարդում եմ վատ մեկնաբանություն, մտնում այդ մարդկանց «ֆեյսբուքյան» էջ, նայում նկարները: էդպես էլ չեմ հասկանում, թե ինչը կարող է ստիպել 2 երեխաների մայրիկին մտնել մեկ այլ կնոջ վիրտուալ տարածք ու վատ մեկնաբանություն թողնել: Զարմանում եմ, բայց չեմ նեղանում: Նման մարդկանց հիմնականում երջանկություն եմ մաղթում: Իրապես երջանիկ մարդը նման բան չէր անի:

Անձնականի մասին

Անձնական կյանքում փոփոխություն չկա: Խնդիրը դժվար ընտրությունը չէ: Չեմ փնտրում, վստահ եմ՝ երբ ժամանակը գա, ինքն ինձ կգտնի: Իմ կողքին պետք է լինի բացառապես ուժեղ տղամարդ: Խոսքը ֆիզիկական ուժի մասին չէ:

Իր մասին

Գեղեցիկ, հմայիչ եւ ինտելեկտուալ, չգիտեմ, բայց անհամեստությամբ ասեմ, որ տարբերվող եմ: Կարծիք կա, որ նման կանանցից տղամարդիկ վախենում են: Ավելացնելու ոչինչ չկա, ամեն ինչ ապացուցված է: Ահա եւ հարցի պատասխանը, թե ինչու ընտրություն չեմ կարողանում անել:

Թամարա Գեւորգյանը


Պոեզիայով տարված

Ներկայումս տարված եմ ժամանակակից պոեզիայով՝ թե՛ հայկական, թե՛ արտասահմանյան: Հայ իրականության մեջ ֆանտաստիկ գրողներ կան, որոնց իմ էջում մեջբերում եմ եւ նշում անունները: Բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ: Մերոնք լավն են:

Գործնականի մասին

«Ֆեյք պապա» սիթքոմում նկարահանվելու առաջարկը ստացել եմ ռեժիսոր Հարություն Խալաֆյանից: Սիրով եմ համաձայնել: Այս ժանրում իմ առաջին փորձն է: Շուտով կկայանա իմ՝ «Դեպի» դերասանական ստուդիայի բացումը: Մանրամասներ չեմ կարող ասել, բայց առաջիակում շատ նորություններ կլինեն:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Թամարա Գեւորգյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW