×


«Լույսի ծածկագիր». Ալլա Սահակյանի կախարդիչ աչքերն ու նրա խաղով կլանված երեխաները

Ամեն տարիքում էլ մարդիկ իրական լույսի ու այն գտնելու ծածկագրի կարիք ունեն։ Դա շատ լավ են հասկացել Ավետիք Իսահակյանի երեւանյան տուն-թանգարանը, բեմադրիչ Քրիստինե Ասրյանն ու դերասանուհի Ալլա Սահակյանը։

Նրանք գրողի 150-ամյակի առթիվ երեխաների համար գրված մանկական ստեղծագործությունների հիման վրա բեմադրել են «Լույսի ծածկագիր» ներկայացումն ու արդեն մեկ տարի է լույս են փոխանցում դրա կարիքն ունեցողներին: 

Bravo.am-ը վաղուց էր ցանկանում դիտել ներկայացումը, բայց առիթ ընձեռվեց աշնանային մի մռայլ օր, ասես եղանակն ինքն էր որոշել լույսի հետեւից որոնումների ուղարկել։ Ներկայացման ավարտից հետո մեկի փոխարեն մի քանի լույսի աղբյուրով դուրս եկանք՝ լցված հոգով ու զինված փոքրիկ լամպով։

Արդեն մոռացել էի, թե երեխաների հետ ներկայացում նայելը որքան հետաքրքիր ու զվարճալի է, նրանց հետ նորից մանկանում ես ու անկեղծ դառնում։ Կապ չունի, թե քանի տարեկան ես, միասին կլանվում եք ու սկսում հավատալ հեքիաթին, մանավանդ եթե պատմողն այդքան վարպետորեն է անում։ Իսկ Ալլա Սահակյանը լրիվ նորովի է բացահայտվում ինտերակտիվ-ներկայացման շնորհիվ։ Նա հեքիաթը պատմողն է, տիկնիկներին վարողը, երգողը, պարողը, երեխաներին զվարճացնողը, մի խոսքով՝ ամենակարեւոր մարդը։ 


Դերասանուհին ներկայացումից բավական շուտ է գալիս, որպեսզի պատրաստի բեմը, տիկնիկներին դասավորի իրենց տեղերում ու սնուցի լույսի աղբյուրները․ նրան օգնում են նաեւ թանգարանի աշխատակիցները: 

Փոքրիկները ծնողների եւ ուսուցիչների հետ նախ շրջայց են անում թանգարանում ու ծանոթանում Իսահակյանին, ապա բարձրանում են ներկայացման համար նախատեսված սրահ։ Երբ բոլորն իրենց տեղերում են, հեքիաթասաց Ալլան ու նրա օգնական Աբուն երեխաների օգնությամբ բացում են կախարդական սնդուկը եւ մեզ տեղափոխում Նուկիմ քաղաք, որտեղ Իսահակյանի այլ հերոսների եւս կհանդիպեք:  

Ալլա Սահակյանն առաջին անգամ է նման ձեւաչափով հանդես գալիս ու միայնակ խաղում երեխաների՝ իր համար ամենակարեւոր հանդիսատեսի համար։

«Ինձ համար թանկ ու սիրելի ներկայացում է։ Շատ կարեւոր է նախ նրա համար, որ Իսահակյանի հեքիաթների հիման վրա է, ու խաղում ենք թանգարանում, բացի այդ էլ ուսուցողական ու ինտերակտիվ է։ Այն շատ կարեւոր խորհուրդ ունի՝ այսօր եւ մեծերին, եւ փոքրերին անհրաժեշտ է լույսի գաղափարը, ու ներկայացման մեջ ներառել ենք իմաստունության, բարության, գիտության եւ ապագան տեսնելու կարեւոր կոդերը»,- Bravo.am-ի համար պատմել է դերասանուհին։


Թանգարանի հետ նրա ծանոթությունը շատ վաղուց է եղել ու ցանկացել են համատեղ որեւէ նախաձեռնությամբ հանդես գալ, բայց այն իրականություն է դարձել  Քրիստինա Ասրյանի շնորհիվ, ով բեմադրության մտահաղացման հեղինակն ու ռեժիսորն է։ Նրանց շուրջ նվիրյալների թիմ է հավաքվել ու ամեն մեկն իր աշխատանքը մեծ սիրով է արել։ Երգերի հեղինակը Էլլադա Սայադյանն է, բեմանկարիչը՝ Սուսաննա Հախնազարյանը, տիկնիկագործը՝ Նանե Զուրաբյանը, իսկ ձայնային ռեժիսորը՝ Մանե Հարությունյանը: Նաեւ հատուկ «Լույսի ծածկագրի» համար մուլտֆիլմ է նկարահանվել ու հերոսների հնչյունավորում արվել։ 

«Մոնոներկայացում խաղալու փորձառություն չէի ունեցել, բայց հիմա այս ձեւաչափն այնքան հարազատ է դարձել։ Առանց խաղընկերների ինքս եմ ձեւում ներկայացման տեմպն ու ռիթմը, եւ երեխաների հետ ինտերակտիվությունը պահելով՝ տանում  մինչեւ ներկայացման ավարտը։ Անձամբ եմ մասնակցում պրոցեսի խմորմանը, որպեսզի մեկ վայրկյան անգամ նրանց ուշադրությունը բաց չթողնեմ ու միշտ իմ դիտակետում պահեմ։ Բազմիցս լսած լավ եւ ջերմ խոստովանությունների շնորհիվ հասկացել ենք, թե ամեն ինչ որքան ճիշտ ենք ներկայացրել։ Ինձ համար կարեւորը երեխաներն են, որոնցից շատերն առաջին անգամ են ծանոթանում թատրոնի ու Իսահակյանի մշակույթի հետ։ Նրանց ներգրավում ենք հեքիաթների կախարդական աշխարհ, որտեղ մտածելու հնարավորություն են ստանում։ Նաեւ կապվում են թատրոնի ու նաեւ ինձ հետ, ինչը կախարդական շղթա է ստեղծում մեր միջեւ»,- կիսվել է նա։  


Սահակյանը 55 րոպե կլանում ու գերում է փոքրիկներին, անդադար նրանց հետ կապի մեջ մտնում ու ներգրավում իր խաղում։ Չնայած բավական բարդ փորձառությանը, երբեմն համաձայնվում է նաեւ օրական երկու անգամ խաղալ՝ հասկանալով, թե փոքրիկներին որքան մեծ բավականություն է պատճառում։ Որքան էլ դերասանուհին իրեն դրական մարդ է համարում ու լույսն իր ներսում գտնում, բայց նաեւ հանդիսատեսից եկող ջերմության կարիքն ունի. 

«Եթե իմ մեջ անհրաժեշտ լույսը չունենայի, չէի կարողանա ներկայացման կարեւոր հավատամքը փոխանցել։ Բայց ամեն անգամ նաեւ ինքս եմ լուսավորվում երեխաների աչքերից։ Ուղիղ կերպով հետեւում եմ ներկայացման ընթացքին ու տեսնում, թե նրանք ինչ տրանսֆորմացիայի են ենթարկվում։ Երբեմն գալիս են բավական աղմկոտ երեխաներ, ու 5-7-րդ րոպեից մեկ էլ հասկանում եմ՝ այնքան են ընկղմվել, որ կռիվ են տալիս հերոսների հետ։ Վերջում ամեն մեկն իր ձեւով, բայց հասկանում է այդ լույսի, բարության, իմաստնության, սիրո շնորհը վերցնելու եւ փոխանցելու ձիրքը։ Բացի այդ էլ, վերջում լույս ենք բաժանում, որ այն տանեն ու տարածեն աշխարհով մեկ։ Պետք է վերանայենք մեզ՝ այսօր անչափ լուսավո՞ր ենք, լույս տարածո՞ղ, թե՞ չհասկանալով գնում ենք մութի կողմը։ Այսօր գայթակղություններն ամենուր շատ են, պետք է հասկանանք, թե որտեղ ենք սայթաքում, իսկ հեքիաթը, իհարկե, բանալիներ է տալիս»,- ընդգծել է դերասանուհին: 


Իր աղջիկն էլ է ներկայացումը մի քանի անգամ դիտել ու շատ հավանել։ Սահակյանի խոսքով՝ իր դասախոսներն ու ավագ ընկերներն էլ բարձր են գնահատել խաղն ու ներկայացման ասելիքը։ Գտնում է, որ մեծահասակներն էլ հեքիաթի կարիք ունեն, ու Իսահակյանն իր կոչերով շատ բաների մասին է ստիպում մտածել, այլապես իրոք կարող է գալ «ոգու սով»։

«Լույսի ծածկագիրը» 2026 թվականին «Լավագույն մանկական ներկայացում» է ճանաչվել ու «Արտավազդ» մրցանակ ստացել: Հեղինակները կարեւորում են այդ գնահատականը, բայց նրանց համար ոչինչ չի համեմատվի մարդկանց սրտերն արթնացնելու ու աննկարագրելի ապրումներ փոխանցելու զգացողության հետ:


Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանի որդին՝ Դավիթը, որը ներկայացումն արդեն 6-րդ անգամ նայեց ու այն անգիր գիտի, հատուկ նվեր էր պատրաստել Ալլա Սահակյանի համար։ Նա տոնածառ էր սարքել ու այն անձամբ նվիրեց իր սիրելի դերասանուհուն։ Տանն էլ ներկայացման երգերն է կատարում ու մայրիկին խնդրում իրեն նկարահանել եւ ուղարկել Սահակյանին։

 «Իմ տղան շատ-շատ է սիրում ներկայացումն ու զարմանալի է, որ հետեւում է առանց աչքերը թարթելու։ Շատերը համարում են, որ Իսահակյանը հիմնականում ավելի մեծ տարիքի երեխաների ու մեծերի համար է ստեղծագործել, բայց նաեւ առակներ, հեքիաթներ ու լեգենդներ ունի։ Նախ փորձեցինք այն կարծրատիպը կոտրել, որ թանգարան պետք է մեծ տարիքում այցելել։ 3 տարեկանից սկսած կարող են երեխաներին բերել մեզ մոտ, այսօր ներկայացմանը նույնիսկ 2 տարեկան փոքրիկ ունեինք։ «Լույսի ծածկագիրը» ձուլվել է թանգարանին ու նրա բաղկացուցիչ մասը դարձել»,- կիսվել է նա։


Տնօրենի խոսքով՝ ներկայացման հաջողության ամենամեծ գրավականն այն հրաշալի թիմն է, որը ստեղծել է ներկայացումը. «Երեխաներին շատ բան է գրավում՝ գույները, լույսերը, խաղը, Ալլայի կախարդիչ աչքերը։ Նա իր ողջ հմայքով ու թանգարանի աշխատակիցներն ապահովում են այն ջերմ մթնոլորտը, որն էլ հենց ներկայացման հաջողության գրավականն է»:

Թեեւ ներկայացումը մանկական է, բայց մեծահասակներին էլ է շատ հուզում ու դիպչում նրանց հոգիներին:  

Տեքստը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW