Լոս Անջելեսում տեղի է ունեցել Դեւիդ Ֆինչերի «Քլիֆ Բուտի նոր արկածները» ֆիլմի պրեմիերան: Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի սփին-օֆֆի գլխավոր դերում Բրեդ Փիթն է: Ֆիլմում նկարահանվել է նաեւ Կարեն Կարագուլյանը:
Առաջին ցուցադրությանը ներկա են եղել ֆիլմի աստղերն ու բազմաթիվ հյուրեր: Նրանց թվում էին Փիթը՝ Ինես դե Ռամոնի հետ, Կարագուլյանը, նրա ընկեր Վաչե Թովմասյանը, սցենարի հեղինակ Տարանտինոն ու դերակատարները: Ֆինչերը պատմել է, որ նախնական սցենարը 230 էջ է եղել, որը կրճատել է ու հասցրել 60-ի:
Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1977 թվականին՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի իրադարձություններից ութ տարի անց, երբ Բուտը հանդիպում է Մենսոնների ընտանիքին։ Նա Հոլիվուդում եւս մեկ ամառ է անցկացնում՝ լուծելով խնդիրներ, որոնցից գլուխ է հանում միայն ինքը։
Երբ բարմեն կամ կինոցուցադրող չի աշխատում, Բուտը Հոլիվուդի ազդեցիկ մարդկանց համար տարբեր հարցեր է կարգավորում։ Նրա ուշադրությունը գրավում է տաղանդների գործակալ Կարեն Քրոսբիի (Էլիզաբեթ Դեբիկի) զանգը։ Նա դիմում է Բուտին իր հաճախորդի՝ հեռուստատեսային մեգաաստղ Չարլի Փիթերսի (Սքոթ Քաան) անունից։
Variety-ն գրում է, որ գրավիչ ֆիլմը յուրահատուկ հարգանքի տուրք է Հոլիվուդին եւ Լոս Անջելեսին: Կինոքննադատ Սայմոն Թոմփսոնը Ֆինչերի աշխատանքը բնութագրել է որպես սիրային նամակ Լոս Անջելեսին՝ գովելով դերասանական կազմը եւ ֆիլմի եզրափակիչ մասը: Քննադատ Զաք Փոուփը ֆիլմը համարում է Տարանտինոյի քաոսի, Ֆինչերի՝ մանրուքների նկատմամբ ուշադրության եւ Փիթի խարիզմայի համադրություն: Critics Choice-ի ներկայացուցիչ Ռիկի Վալերոն էլ այն անվանել է տարվա լավագույն ֆիլմերից մեկը:
Ֆինչերի «Քլիֆ Բուտի նոր արկածները» ֆիլմը IMAX կինոթատրոններում կցուցադրվի նոյեմբերի 25-ից, իսկ Netflix-ում հասանելի կլինի դեկտեմբերի 23-ից։ 2019 թվականին Փիթը Քլիֆ Բուտի դերակատարման համար «Օսկար» է ստացել՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։
Լուսանկարները՝ Deadline-ի եւ Just Jared-i


×
57





