Բացահայտել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների խոհանոցային ավանդույթները, առավել դիտարժան դարձնել այդ համայնքների կյանքն ու մշակույթը՝ այս նպատակով Հանրային հեռուստաընկերության եթերում մեկնարկել է նոր հաղորդաշար՝ «Ազգային համեր»։ Փոքրիկ հեռուստաֆիլմեր հիշեցնող թողարկումների շարքը վարում է դերասանուհի, հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանը, որը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես են ընտրում հաղորդման հերոսներին եւ հետաքրքիր ինչ պատմությունների են հանդիպում նկարահանումների ընթացքում։
«Հանրայինը միշտ անդրադարձել է ազգային փոքրամասնություններին, եւ այս նոր եթերաշրջանում ուզում էինք ավելի թարմացված, հետաքրքիր ձեւ ընտրել։ Երկար քննարկումների արդյունքում հասկացանք, որ շատ ավանդույթներ, սովորույթներ չեն պահպանվել մեր կողքին ապրող այլազգի մարդկանց շրջանում՝ ի տարբերություն խոհանոցի։ Որոշեցինք, որ հաղորդման հիմնական դրամատուրգիական գիծը լինելու է հենց ազգային խոհանոցը, եւ ամեն ինչ պետք է դիտարկենք այդ տեսանկյունից»,- մեր զրույցում պատմել է հաղորդավարուհին։
Հերմինե Ստեփանյանի խոսքով՝ իր նախորդ հաղորդումների աշխատանքային թիմերին միշտ շատ է սիրել, բայց այս անգամ փոքր-ինչ մտավախություն է ունեցել, քանի որ նոր կազմի հետ պետք է աշխատեր, նոր մարդիկ էին հրավիրվել։ Սակայն համատեղ աշխատանքները սկսելուն պես հասկացել է, որ նույն աշխարհայացքն ունեն, նույն էսթետիկ ընկալումները․«Բոլորը յուրահատուկ հումոր ունեն, եւ այդ իմաստով՝ նրանք ինձ են դիմանում, ես էլ՝ իրենց։ Ու այդպես իմ բախտը բերեց, հուսամ՝ իրենցն էլ, որ մենք իրար հանդիպեցինք ու միասին սկսեցինք անել այս նախագիծը։ Թիմին միացավ նաեւ հեռուստատեսային պրոֆեսիոնալ կադրերից մեկը` Ալինա Օրդյանը, որն ինձ համար շատ թանկ ազգանուն է, ընտանիք է»,- անկեղծացել է նա։
Հերմինեից հետաքրքրվեցինք, թե ինչպես են գտնում եւ ինչ սկզբունքով են ընտրում իրենց հաղորդման հերոսներին․«Իրականում շատ լավ ադմինիստրատիվ կազմ ունենք, եւ պետք է առանձնացնեմ Արմինե Նիկողոսյանին, որը չգիտեմ՝ ինչ միջոցներով ու ինչ տարբերակներով կարողանում է գտնել ամենահավանական ու անհավանական մարդկանց։ Իհարկե, մենք ամբողջ թիմով անհրաժեշտության դեպքում օգնում ենք նրան, եւ շատ մարդիկ էլ, քանի որ արդեն տեղյակ են՝ նման նախագիծ ենք անում, ասում են՝ վայ, գիտե՞ք, մենք ունենք, օրինակ, եզդի ծանոթ, լեհ ծանոթ եւ այլն։ Ու այդպես հավաքվում են մեր հաղորդման հերոսները։ Այս եթերաշրջանում 16 թողարկում կլինի, եւ կարծում եմ՝ մեկը մյուսից յուրահատուկ ու գունավոր։ Նույնիսկ հաղորդման ձեւաչափն է այդ մասին խոսում, քանի որ տաղավարային չէ, իր դրայվով, էքստրիմով, նկարահանման մեխանիզմով ու տարածքներով շատ է տարբերվում։ Ինձ էլ այդ ամենը շատ է դուր գալիս, քանի որ ինքս սարերի, ձորերի ու բնության սիրահար եմ»,- ասել է հաղորդավարուհին։
Նա նաեւ շեշտեց, որ հաղորդման հերոսներին ընտրելիս բացարձակ կարեւորություն չեն տալիս նրանց խոհարարական հմտությունների լավ կամ վատ լինելուն, այսինքն՝ բավարար է, որ մարդը պատրաստել իմանա եւ կարողանա անդրադառնալ իր ազգային խոհանոցին․«Եթե դիտել եք հաղորդման առաջին թողարկումները, ապա գիտեք, որ պատրաստելու հետ կապված ամեն ինչ մենք միասին ենք անում մեր հերոսի հետ, եւ դա նախագծի իմ ամենասիրելի մասերից մեկն է։ Ինքս էլ սկսում եմ տիրապետել մյուս երկրների խոհանոցներին եւ ինձ համար դա շատ հետաքրքիր է․ ես խոհանոցի շատ մեծ սիրահար եմ, սիրում եմ տանը պատրաստել։ Այդպիսով քիչ-քիչ իմ տան խոհանոցում էլ հայտնվում են տարբեր ազգերի ուտեստներ (ժպտում է,- հեղ․)»։
Հերմինեն նաեւ հավելեց, որ նախագծում շեշտը դնում են վավերագրական անկեղծության վրա՝ ցուցադրելով այն, ինչ տեղի է ունենում, փոխանցելով այն էմոցիաները, որոնք իրական են։ Այնպես որ, ամեն շաբաթ Առաջին ալիքով կարող եք միանալ «Ազգային համեր» հաղորդմանը՝ ծանոթանալու գերմանացի, ուկրաինացի, ռուս, հնդիկ, քուրդ, լեհ, եզդի, ասորի եւ այլ ազգերի խոհանոցային յուրօրինակ համերին ու ավանդույթներին։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Հերմինե Ստեփանյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: