×


Հայփոստի առաջին աճուրդ-երեկոն՝ ֆիլատելիայի եւ ջազի սիրահարների համար

Հայկական փոստային նամականիշերը, որ ճամփորդում են ամբողջ աշխարհում եւ բոլորին պատմում հայկական մշակույթի հարուստ ժառանգության մասին, այժմ նաեւ նոր ձեւաչափով են ներկայացվում հայ ֆիլատելիստներին։ Մարդիկ, որոնք հավաքում, ուսումնասիրում եւ ցուցահանդեսների են ներկայացնում նամականիշերը, երեկ ներկա էին «Հայփոստ ՓԲԸ»-ի կողմից առաջին անգամ կազմակերպված ֆիլատելիստական աճուրդ-երեկոյին։


Միջոցառման անցկացման օրն ու վայրն էլ պատահական չէին ընտրված․ ապրիլի 30-ին ամբողջ աշխարհում նշվում է Ջազի միջազգային օրը, եւ երեկոն կազմակերպելով «Մալխաս» ջազ-ակումբում՝ Հայփոստը փորձել էր հետաքրքիր կապ ստեղծել հայկական ջազի ու ֆիլատելիայի միջեւ։ Երեկոյին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, զրուցել է նախագծի հեղինակների հետ եւ լուսանկարել հետաքրքիր դրվագները։

Հայկ Կարապետյանը


Ինչպես պարզվեց, նման աճուրդ-երեկո կազմակերպելու գաղափարը «Հայփոստ ՓԲԸ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանինն է եղել։ Վերջինս իր խոսքում ընդգծեց, թե ինչպիսի մեծ առաքելություն ունեն հայկական նամականիշերը փոստային գործառույթներ իրականացնելուց զատ.«Հատելով սահմաններ՝ դրանք ամբողջ աշխարհին պատմում են հայ ժողովրդի նվաճումների մասին ամենատարբեր բնագավառներում։ Նաեւ հենց դա է մեզ պարտադրում անել ամեն ինչ, որ հայկական ֆիլատելիան զարգանա։ Մենք որոշեցինք ուսումնասիրել աշխարհի փորձը, թե ինչպես են դա անում, օրինակ, Ֆրանսիան, Չինաստանը, եւ եկանք մի մտքի՝ հայկական դարձած բրենդերը, ինչպիսիք են երեւանյան ջազը կամ հայկական գինին, համեմել նոր մշակույթով՝ հայկական ֆիլատելիայով։ Փորձենք պարբերաբար հանդիպել այսպիսի ձեւաչափով եւ ընդլայնել մեր ֆիլատելիստների քանակը, նոր համակիրներ ձեռք բերել եւ ունենալ ավելի մեծ շուկա Հայաստանում»։

Շուշան Ալեքսանյանը


Աճուրդ-երեկոյին հավիրված էին Հայաստանի ֆիլատելիստները, Հայփոստի լավագույն հաճախորդներն ու տարբեր գործընկերներ։ Ինչպես մեր զրույցում նշեց «Հայփոստ ՓԲԸ»-ի ֆիլատելիայի բաժնի ղեկավար Շուշան Ալեքսանյանը, միջոցառման բուն նպատակը հայ ֆիլատելիստների հետ կապերի խթանումն ու զարգացումն է, հայկական ֆիլատելիայի մասին եւս մեկ անգամ խոսելը:

«Հուսով ենք՝ նման երեկոները մշակույթ կդառնան մեզ մոտ։ Եվ որպեսզի օրն ավելի հետաքրքիր անցնի, որոշել ենք կազմակերպել նաեւ ֆիլատելիստական նմուշների աճուրդ։ Այս արտադրանքները Հայփոստի կողմից պատրաստվել են խիստ սահմանափակ քանակով, այսինքն՝ թեմատիկ նամականիշեր եւ հուշանվերներ, որոնք վաղուց արդեն չեն վաճառվում Հայփոստի կողմից։ Հուսով ենք՝ դրանք կհետաքրքրեն մեր ֆիլատելիստներին։ Ինչպես նաեւ նպատակ ունենք շփվել նրանց հետ, քննարկել մեր առաջիկա անելիքները, լսել նրանց խորհուրդները, առաջարկները»,-ասաց Շուշան Ալեքսանյանը:


Աճուրդի ավարտից հետո երեկոն եզրափակվեց ջազ-համերգով։ Միջոցառման մյուս հետաքրքիր դրվագները կարող եք տեսնել BRAVO.am-ի ֆոտոշարքում։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին