×


«Ես չեմ կարող համակերպվել հայրենիք ծախողների հետ»․Գուժ Մանուկյան

Արդեն մեկ տարուց ավելի է՝ առողջական խնդիրների պատճառով նա բեմ չի բարձրանում։ Ամենաշատը կարոտել է հանդիսատեսի ծափերը, բայց չի հուսահատվում, ասում է՝ դեռ դերեր ունի խաղալու: BRAVO.am-ի զրուցակիցը ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Գուժ Մանուկյանն է։ 84-ամյա դերասանի հետ զրուցել ենք իր տան այգում, խոսել անցած-գնացած օրերի մասին: Հիշել ենք մանկությունը, ինչպես է ընտրել դերասանի մասնագիտությունը, եւ այլն:

- Արվեստագետների ընտանիքից եք եւ հետաքրքիր հուշեր ունեք:

- Ծնվել եմ դերասանուհի Վալենտինա Արաքսմանյանի եւ դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի ընտանիքում։ 5-6 տարեկան էի, մայրս տանը դերերից հատվածներ էր փորձում, ես ուշադիր նայում էի ու ասում․«Մա՛մ, դու գի՞ժ ես: Չգիտեի, որ մի օր էլ ես եմ նվիրվելու այդ «գժությանը», որ կոչվում է թատրոն: Իհարկե, մեր դաստիարակությամբ տատիկս էր զբաղվում, որն ավարտել էր ռուսական գիմնազիան։ Անընդհատ կարդում էր, ուսուցչանոցից դուրս չէր գալիս, հենց երկուս էի ստանում, դասատուները տատիկս միանգամից բողոքում էին։ Մենք խուժանային շրջապատում ենք մեծացել։ Մեր մուտքում գողականները ղումար էին խաղում, տատիկս ասում էր․«Ըդիկ վատ բան է, չսորվիք», ու դա տպավորվեց։

Գուժ Մանուկյանը


- Այսինքն՝ ոչ մեկի համար զարմանալի չէր, որ Դուք ընտրեցիք թատրոնի ուղին։

- 1958 թվականից բեմում եմ: Բոլորը սպասում էին ու վստահ էին, որ ես դերասան կդառնամ, բացի ինձնից։ Երբ դպրոցն ավարտեցի, ընկերոջս հետ որոշեցինք ընդունվել Գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետ, բայց կես բալով դուրս մնացի։ Հայրս առաջարկեց ընդունվել Վարդան Աճեմյանի կուրս, սակայն Աճեմյանը հայրիկիս ասել էր.«Տղային ինչո՞ւ ես դժբшխտшցնում, միջակություն է լինելու, ես ուժեղ կուրս եմ հավաքել»։ Եվ իսկապես, հավաքել էր լավագույններին՝ Արմեն Ջիգարխանյան, Երվանդ Ղազանչյան, Գալյա Նովենց, Ներսես Հովհաննիսյան եւ այլք։ Բայց դա ինձ հետ չպահեց. որոշեցի սիրելի վարպետիցս «վրեժխնդիր» լինել: Գնում, նստում էի լսարանի վերջերում: Մի օր էլ կուրսն էտյուդ էր փորձում, ասաց`«Դու էլ փորձիր»: Մի պահ դուրս եկա, խաչակնքվեցի ու ներս մտա: Մոտ 15 րոպե տեւեց ելույթս, վերջում ասաց՝ «Ապրես, լավ էր»: Մեկ ամիս ուշացումով ուսանող դարձա: Ու լրիվ արդարացրի հորս սպասելիքները։ Մեր կուրսում մի աղջիկ կար, Զվարթ էր անունը, ամենաշատն ինձ էր սիրում ու հենց տեսնում էր, ասում էր.«Կուրսի ամենաշնորհալին եկավ»։ Ա՛յ, մարդ, էս մեր կուրսից էլ մարդ չմնաց։ Կինոռեժիսոր Գառնիկ Արազյանը Ջիգարխանյանի մահվանից հետո զանգել, ասում էր.«Գո՛ւժ, ես ու դու մնացինք», ասացի՝ դե, հիմա կյանք է, էդպես էլ կլինի (ծիծաղում է,-խմբ․)։

- Պարոն Մանուկյան, Ձեզ միայն Ձեր կուրսեցին չէր հավանում։ Նորօրյա խոսակցական լեզվով ասած՝ Դուք այն տարիներին ցանկալի փեսացուների շարքում էիք. աղջիկները միշտ սիրահարվում էին Ձեզ, դժվա՞ր չէր դիմանալ այդ ամենին։

- Հա՜ (ծիծաղում է,-խմբ.): Հաճելի զգացողություն էր: Երբ ներկայացումից հետո դուրս էի գալիս, բոլորը գալիս, համբուրում էին, կինս էլ միշտ կողքիս էր։


- Չէ՞ր խանդում:

- Չէ, Հասմիկն ինձ միշտ ազատ է թողել։ Ասում էր՝ բա իրենց սիրելի դերասանն եմ, թող համբուրեն։ Դե, այն ժամանակ էլ կորոնավիրուս չկար։ Գիտես, հաճելի է, երբ բեմում սիրված ես, բայց կրկնակի հաճելի է, երբ տանն էլ քեզ նույն ջերմությամբ են ընդունում։ Հանդիսատեսի բուռն ծափահարություններից ոչ պակաս կարեւոր է, որ տանն էլ քեզ այդպես դիմավորեն։ Այդ առումով Հասմիկը միշտ իմ կողքին է եղել։

Գուժ Մանուկյանը


- Հիմա առանց թատրոն, առանց նկարահանումների ինչպե՞ս եք Ձեր օրը լցնում։

- Դե, առողջականս չի ներում, բայց ես դեռ չեմ մտածել բեմից հեռանալու մասին։ Եղբայրս այն օրը զանգել ու ասում էր.«Դու ո՞նց ես ապրում առանց ծափի»։ Ասացի, դե, ի՞նչ անեմ։ Պատասխանեց.«Շուտ լավացիր, բեմը քեզ է սպասում»։ Ներքուստ ինձ պինդ եմ զգում։ Բացարձակ չեմ զգում տարիքս։ Ծերություն չկա, մարդը ներքուստ իրեն ինչպես զգում է, այդպիսին էլ կա: Եթե նայում ես հայելու մեջ ու քեզ այդպիսին չես տեսնում, ի՞նչ ծեր: Իսկ ես ինձ դեռ բավական ջահել եմ զգում: Իսկ օրս թոռնիկս է լցնում։ Երկու տարեկան Ռոբերտիկս չի թողնում, որ տխրեմ։ Աշխարհի չափ ուրախացնում է։ Իհարկե, Լիլիթիս համար խելագարվում եմ, բայց թոռնիկիս սերն ուրիշ է։ Իսկ որ ասում են՝ թոռնիկի սերն ավելի քաղցր է, այդքան էլ այդպես չէ։ Ուղղակի թոռնիկի հետ լեզու ես գտնում, քանի որ այդ տարիքն ես կարոտում, մանկությունդ ես կարոտում, դրա համար էլ թոռնիկը քաղցր բան է։

- Ստեղծագործողին արվեստագետ է դարձնում վարպետությո՞ւնը, ի վերուստ տրված շնո՞րհը, թե՞ աշխատասիրությունը։

- Աշխատասիրությունը։ Ես միշտ ուսանողներիս ասում եմ.«Կարող եմ ձեզ շատ դասեր տալ, բայց եթե դուք չուզեք ինձնից «գողանալ», անիմաստ կլինի»։ Ժամանակին «գողացել» եմ իմ վարպետից՝ Վարդան Աճեմյանից։

- Որտե՞ղ է արարվում արվեստը՝ հոգո՞ւմ, զգացմունքների ոլորտո՞ւմ, թե՞ անշոշափելի ինչ-որ հարթության մեջ։

- Զգացմունքների ոլորտում՝ լինի սեր, թե ատելություն։ Հաճախ, երբ բացասական դերեր եմ խաղացել, բացասականի մեջ միշտ փնտրել եմ դրականը։

Գուժ Մանուկյանը


- Երբ առաջին անգամ տեսա Ձեզ թատրոնում, տեւական ժամանակ կարծում էի, թե Գուժը Ձեր բեմական կեղծանունն է։

- Դուք միակը չեք։ Դպրոցում ես Գուրգեն Մանուկյանն էի։ Հերթական ներկայացումից հետո մի կին մոտեցավ, ասաց.«Պարոն Մանուկյան, ինչ է Ձեր անունը»։ Ասացի՝ Գուժ, զարմացած ասաց՝ «Ես գիտեի «Գուժ Մանուկյան» Ձեր ազգանունն է»։

- 1978 թվականին էկրան բարձրացավ Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» վեպի մոտիվներով «Հուսո աստղ» գեղարվեստական կինոնկարը, բոլորը Մխիթար Սպարապետի դերում տեսնում էին Ձեզ, ոչ թե Արմեն Ջիգարխանյանին:


-Հա՜, անկեղծ, ինձ էլ են շատ ասել, բայց դե, ձեւ չկար. Արմենը շատ մտերիմ էր Քյոսայանի հետ (ծիծաղում է,-խմբ.)։ Իհարկե, Խանզադյանն իր գրքում հենց այդպես էլ նկարագրել է Մխիթարին։ Գիտես, վավերագրական ֆիլմի հերոսին խաղալը շատ դժվար է. ամեն մեկի մեջ իր հերոսն է նստած։ Օրինակ, երբ Հայկ Բժշկյանցին մարմնավորեցի, շատ ուսումնասիրեցի այդ կերպարը։ Մտածում էի՝ հանկարծ այնպես չներկայացնեմ, որ մարդիկ հիասթափվեն։

Գուժ Մանուկյանը


- Վերջին շրջանում հաճախ են հիշատակում այս ֆիլմի հատկապես այն հատվածը, որը վերաբերում է Սյունիքին ու Արցախին։ Ֆիլմում այսպիսի մի արտահայտություն է հնչում.«Եթե նրանք գրավեն Արցախն ու Սյունիքը, տապանաքար կդնեն Հայոց աշխարհի վրա»։ 44-օրյա պատերազմի հետեւանքներն արդեն պարզ են. Արցախի 75 տոկոսը չկա, Սյունիքից արդեն հատվածներ մեր տիրապետության տակ չեն.... Ֆիլմում հնչող խոսքերը կարծես արդիական են դառնում։

- Ես ապշում եմ այս ժողովրդի վրա։ Այո, այս ամբողջ ընթացքում պարբերաբար եմ այդ թեմային անդրադառնում։ 5000 զոհ ունենք, ո՞նց եք համակերպվում նման մարդկանց հետ։ Ես չեմ կարող համակերպվել այն մարդկանց հետ, որոնք ծախում են երկիր ու հայրենիք։ Ես չգիտեմ՝ այս ժողովուրդը ինչպե՞ս է մտածում։ Մենք կորսված հայրենիք սիրող ազգ ենք դարձել։

Հ.Գ. BRAVO.am–ը դերասանին հանդիպել էր ծննդյան տարեդարձի նախօրեին։

Զրույցը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW