×


Հայ-ֆրանսիական «Ջինջը»՝ երեւանյան համերգով ու նոր տեսահոլովակով

Հայ-ֆրանսիական երաժշտական համագործակցություն, որ նոր նախագծի սկիզբ դարձավ. նորաստեղծ «Ջինջ» խումբը, որ ներկայացնում են Սեւանա Չագրեանն ու Գոռ Թադեւոսյանը, առաջին տեսահոլովակն է թողարկել հեղինակային երգի հիման վրա։ Ֆրանսահայ երգչուհու եւ վանաձորցի երաժշտի համատեղ աշխատանքին միացել է նաեւ իրանահայ ռեժիսոր Արմեն Փիրի Մասիհին, որի հետ նկարահանել են «Խոսա-խոսա» երգի հոլովակը։ Երաժշտական նոր նախագծի շնորհանդեսը Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում էր, որտեղ ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է հյուրերին, ինչպես նաեւ զրուցել խմբի անդամների ու հոլովակի ռեժիսորի հետ։

Միաձուլելով հայկական ֆոլկ երաժշտությունն արտասահմանյան հիփ-հոփի հետ՝ Գոռն ու Սեւանան փորձել են նոր ու անսովոր հնչողություն ներկայացնել ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանյան հարթակներում։ Հատկանշական է, որ դուետի անդամները միմյանց հետ համագործակցել սկսել են պատերազմի օրերին, երբ համերգներով հանդես էին գալիս Արցախից եկած ընտանիքների ու վիրավոր զինվորների համար։ Այդ ժամանակվանից էլ հասկացել են, որ թեեւ երաժշտական տարբեր ժանրերում են հանդես գալիս, բայց կարող են դրանք համատեղել ու նոր բան ստեղծել:

«Ջինջ» խմբի համերգին


«Մենք հայկական երաժշտություն շատ ենք սիրում, բայց նաեւ լսում ենք տարբեր մշակույթների գործեր, եւ մեզ համար շատ կարեւոր է ստեղծել մի խումբ, որը նոր շունչ կտա հայկական երաժշտությանն ու նորություն կլինի նաեւ դրսում Հայաստանը ներկայացնելիս։ Մենք ուզում ենք յուրահատուկ լինել ու մտածում ենք, որ նախագծի վիզուալ կողմն էլ պիտի կրեատիվ լինի։ Այդպես սկսեցինք փնտրել ամենաստեղծագործ ռեժիսորին ու գտանք Արմենին։ Նրա հետ որոշեցինք մեր առաջին ստեղծագործության հիման վրա տեսահոլովակ նկարահանել, բայց այնպես ստացվեց, որ մեր համագործակցությունն այդքանով չավարտվեց․ շարունակելու ենք աշխատել միասին»,- մեր զրույցում նշեց Սեւանա Չագրեանը։

«Ջինջ» խմբի համերգին


Նա պատմեց, որ ծնվել ու մեծացել է Ֆրանսիայում, իսկ վեց տարի առաջ որոշել է Փարիզից գալ Հայաստան՝ երաժշտական տարբեր ծրագրեր ստեղծելու համար։ Այդ նպատակով Թեհրանից Հայաստան է եկել նաեւ հոլովակի ռեժիսորը՝ Արմեն Փիրի Մասիհին, որն իր խոսքում ընդգծեց՝ իրենց օրինակով փորձում են ցույց տալ ամբողջ աշխարհի հայերին, որ կարող են գալ Հայաստան, հավաքվել այստեղ ու ստեղծագործել միասին․«Ինձ այնքա՜ն է ոգեշնչել նրանց երաժշտությունը, որովհետեւ այն իսկապես նոր շունչ է լինելու։ Նրանք շատ ասելիք ունեն հատկապես մեր երիտասարդներին, եւ այդ առումով՝ սա շատ կարեւոր նախագիծ է։ Իսկ տեսահոլովակը շատ խորհրդանշական լեզվով է, այն մարդկային հարաբերությունների մասին է։ Կարեւոր չէ՝ ովքեր կգան քո կյանք, ինչ կմտածեն քո մասին, լավություն կանեն թե վատություն, կարեւոր է՝ միշտ նպատակասլաց լինել, հավատալ ինքդ քեզ, քո երազանքներին ու փորձել իրականացնել դրանք»։

«Ջինջ» խմբի համերգին


Ինչ վերաբերում է երգին, ապա Գոռ Թադեւոսյանն ասում է՝ «Խոսա-խոսա»-ն բոլորի համար է, ամեն մարդ կարող է իր պատմությունը մտաբերել ու ապրել այն լսելիս․ «Ուզում ենք ուժ տալ մարդկանց, որ իրենք լինեն այն, ինչ կան, ու չվախենան դիմացինից, չար լեզուներից, բամբասանքներից։ Ուզում ենք ասել՝ խոսեք, որքան ուզում եք, լռության տարբերակ էլ չկա հիմա։ Մեր ամեն երգն իր աշխարհն ունի, ապրած է, անկեղծ եւ իր ուղերձն ունի։ Իհարկե, պիտի ավելացնենք մեր երգացանկը, որ կարողանանք համերգներ ունենալ։ Այդ նպատակով ինչպես հեղինակային գործեր ենք ստեղծում, այնպես էլ ժողովրդական երգերն ենք մեր մշակմամբ ներկայացնում»։

«Ջինջ» խմբի համերգին


«Ջինջ» նախագծի առաջին տեսահոլովակը, որ ցուցադրվեց համերգ-շնորհանդեսի ժամանակ, արդեն հասանելի է նաեւ համացանցում։ Առաջիկայում կթողարկվեն խմբի մյուս գործերն էլ, իսկ Սեւանան ու Գոռը մտադիր են ակտիվ ստեղծագործել եւ շատ նոր երգեր գրել։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW