«Եվրատեսիլ 2026»-ից անմիջապես հետո, երբ մրցույթի շուրջ կրքերը փոքր-ինչ հանդարտվել են, Հայաստանի պատվիրակ Սիմոնը վերադարձել է ստեղծագործական բուռն առօրյային։ Մրցույթից առաջ Bravo.am-ը զրուցել էր արտիստի հետ նրա սպասելիքների ու պատրաստվածության մասին, իսկ այժմ, երբ ամեն ինչ արդեն հետեւում է, ժամանակն է ամփոփելու անցած ճանապարհը։
Սիմոնից պարզել ենք, թե ինչ մթնոլորտ էր տիրում կուլիսներում, ինչպես է վերաբերվում հնչած քննադատություններին, արդյոք Վիեննայում իր ելույթում որեւէ բան կփոխեր եւ հնարավո՞ր է՝ կրկին տեսնենք նրան եվրատեսիլյան բեմում։
- Եվրատեսիլյան բեմում «Paloma Rumba»-ի էներգիան մինչեւ վերջին վայրկյանը պահելը որքանո՞վ էր բարդ եւ արդյո՞ք բեմում զգացիք այն, ինչ ակնկալում էիք փորձերի ժամանակ։
- Միանշանակ համամիտ եմ. «Paloma Rumba»-ն այնքան էներգետիկ ու դինամիկ երգ է, որ կարծես հենց ինձ համար գրված լիներ։ Ես ինձ այլ կերպ պարզապես չէի էլ պատկերացնում բեմում։ Չեմ ասի, թե հեշտ էր, բայց ճանաչելով ինձ ու իմ ներքին էներգիան՝ վստահ կարող եմ ասել, որ հաջողվեց մինչեւ վերջին վայրկյանը պահել այդ ռիթմը։ Կարծում եմ՝ դա փոխանցվեց նաեւ հանդիսատեսին, որովհետեւ երբ կանգնած ես այդպիսի բեմում ու ամբողջովին զգում ես երգի ռիթմը, էներգետիկ չլինելը պարզապես անհնար է:
- Ձեր ելույթն աչքի ընկավ լուսային էֆեկտներով։ Որքանո՞վ բեմադրությունն օգնեց բացահայտել երգի ասելիքը:
- Բոլորդ էլ տեղյակ եք, որ բեմադրող ռեժիսորը շատ տաղանդավոր Արթուր Մանուկյանն էր, ով ոչ միայն պրոֆեսիոնալ է, այլեւ իմ լավ ընկերը։ Նա ամեն ինչ արել էր, որպեսզի թե՛ լուսային լուծումները, թե՛ հրատեխնիկական էֆեկտները (պիրոտեխնիկան) ներդաշնակ լինեն եւ համահունչ երգի էներգետիկային։ Կարծում եմ՝ դա նրան փայլուն կերպով հաջողվեց, ինչի համար անչափ շնորհակալ եմ։ Մենք ստացանք իսկապես ամբողջական, ավարտուն ու տպավորիչ համար։
- «Եվրատեսիլը» միայն բեմը չէ, այլեւ մեծ երաժշտական համայնք։ Մյուս երկրների պատվիրակություններից ու մասնակիցներից ո՞ւմ հետ եք շփվում, եւ ինչպիսի՞ն էր մթնոլորտը կուլիսներում։
- Միանշանակ, «Եվրատեսիլը» միայն բեմի ու ելույթի մասին չէ։ Սա առաջին հերթին տարբեր երկրների ներկայացուցիչների հետ ծանոթանալու, նրանց մշակույթներին հաղորդակից դառնալու, աշխարհայացքն ու մտածողությունը հասկանալու մեծ հնարավորություն է, որովհետեւ բոլորն էլ իրականում շատ տարբեր են։
Մթնոլորտը շատ լավն էր ու հաճելի։ Չեմ ուզում առանձնացնել որեւէ հատուկ երկիր. բոլորի հետ էլ փորձել ենք պահպանել առավելագույնս դրական ու ջերմ հարաբերություններ։ Կուլիսներում մթնոլորտը շատ լավն էր։
Անկասկած, բոլորի աչքերում էլ նկատելի էր այն մեծ լարվածությունը, որ կար մրցույթի պատճառով։ Բայց այն թոթափելու համար հաճախ էինք հավաքվում, զրուցում եւ ինչ-որ պահի նույնիսկ մոռանում մեր առջեւ դրված պատասխանատու խնդիրն ու առօրյա հոգսերը։ Բոլոր մասնակիցներն էլ շատ հետաքրքիր անհատականություններ էին: Բոլորին էլ շատ սիրում եմ, եւ մինչեւ հիմա էլ փորձում ենք կապ պահել։
- Կա՞ր որեւէ ելույթ, որը Ձեզ զարմացրեց դրական կամ բացասական իմաստով։
- Չի եղել որեւէ ելույթ, որը տարակուսանք կառաջացներ։ Շատ ուրախ եմ, որ հենց այս տարվա մասնակիցներից եմ եղել, որովհետեւ, իմ կարծիքով, շատ ուժեղ տարի էր, եւ բոլորի համարներն ու երգերը յուրովի հետաքրքիր էին։
Իրականում «Եվրատեսիլը» հենց այդ բազմազանության մասին է. դու տեսնում ես մեկը մյուսից լիովին տարբերվող բեմադրություններ, երգեր ու ոճեր։ Իմ ելույթից հետո հասցրել եմ մյուս մասնակիցների կատարումները վայելել հենց դահլիճից։ Կասեմ, որ դա բոլորովին այլ զգացողություն է, երբ այդ ամենը տեսնում ես տեղում՝ կենդանի հնչողությամբ։ Շատ հետաքրքիր էր, կարելի է ասել՝ բոլորովին ուրիշ աշխարհ։
- Ի՞նչն էր Ձեր համար առանձնահատուկ հաղթող երգում եւ բեմադրության մեջ։
- Բուլղարիան ներկայացնող Դարան շատ հետաքրքիր ու վառ կերպար է։ Նույնիսկ հիշում եմ մեր առաջին հանդիպումը. տեսաբացիկի նկարահանման ժամանակ այնպես էր ստացվել, որ նա նկարահանվում էր ինձնից անմիջապես հետո։ Իր արտաքինով ու կերպարով միանգամից առանձնանում էր. շատ հետաքրքիր, յուրահատուկ աղջիկ է։ Երգն էլ բավական տպավորիչ էր ու էներգետիկ։ Շեշտը դրված էր նրա վրա, որ ընկալելի ու հիշվող լինի լայն լսարանի համար այդ կրկնվող ռիթմիկ բառերով ու էներգիայով։
Ինձ համար նաեւ շատ հաճելի անակնկալ էր նրա պարային պատրաստվածությունը. միշտ առանձնահատուկ հարգանքով ու հիացմունքով եմ վերաբերվում այն արտիստներին, որոնք բեմում միաժամանակ ե՛ւ երգում են, ե՛ւ պարում։ Նա իր գործն արեց 100 տոկոսով եւ, կարծում եմ, լիովին արժանի էր այդ հաղթանակին։
- Երբ հայտնի դարձան կիսաեզրափակչի արդյունքները եւ Հայաստանի անունը չհնչեց, ո՞րն էր Ձեր առաջին զգացողությունը: Ո՞վ էր առաջին մարդը, ում հետ խոսեցիք այդ պահին։
- Թերեւս ասեմ մի բան, որը շատերի համար կարող է զարմանալի հնչել. ես չեմ զգացել որեւէ հիասթափություն կամ ընկճվածություն։ Սա վստահաբար եմ ասում, որովհետեւ այնպես եմ ելույթ ունեցել, որ այսօր այն հպարտությամբ եմ վերանայում։ Անկեղծորեն՝ արել եմ իմ առավելագույնը։ Բեմական ելույթս նույնիսկ ավելի լավ ստացվեց, քան բազմաթիվ փորձերի ժամանակ։ Երբ կանգնում ես բեմում, գիտակցում ես, որ այդ երեք րոպեի ընթացքում միայն դու ես ու քո ուժերը։ Եվ երբ ամեն ինչ անցնում է իդեալական, այդ պահին աննկարագրելի հպարտություն ու ուրախություն ես ապրում։ Ահա թե ինչու չկա ոչ մի հիասթափություն։
Ավելին ասեմ. իմ թիմից, ինչպես նաեւ մեր հայրենակիցների մեծ մասից սպասվածից ավելի մեծ աջակցություն ու ջերմություն ստացա։ Ոչ մի վայրկյան չեմ ափսոսում, որովհետեւ նման փորձառությունն ինձ համար՝ որպես արտիստի, շատ մեծ ձեռքբերում էր։
Այո, եթե նայենք զուտ մրցութային արդյունքի տեսանկյունից, կարող է թվալ, թե ջանքերն ապարդյուն էին, բայց որպես ելույթ՝ կարծում եմ, որ բոլորս էլ կատարել ենք իդեալական աշխատանք։ Էկրաններից այն կողմ նայելն ու դատելը միշտ հեշտ է, բայց երբ դու ես բեմում եւ քո ուսերին ես պահում այդ ամբողջ պատասխանատվությունն ու ուժը, դա մեծ փորձություն է, որը յուրաքանչյուրն էլ կհասկանա:
- Սրբուկն իր հարցազրույցներում բազմիցս նշել է, որ 2019-ին եզրափակիչ չանցնելուց հետո բախվեց հանրային շատ լուրջ ճնշման ու քննադատության։ Արդյո՞ք Դուք զգացիք այդ «հարվածը»։
- Ես նման խնդրի չեմ բախվել։ Կարծում եմ՝ դա պարզապես ժամանակների փոփոխության արդյունք է։ Առաջվա այդ ծայրահեղ բացասական ալիքն ու ընկճվածությունը հիմա չկան։ Հակառակը՝ մարդիկ աջակցում էին։ Ում էլ հանդիպում էի, ասում էին, որ ամեն ինչ շատ լավ էր ստացվել։ Երեւի թե ժամանակի հետ մեր հասարակությունն էլ է փոխվել: Եթե նախկինում սրան չափազանց ողբերգական էին վերաբերվում, հիմա սկսել են ընկալել ճիշտ այնպես, ինչպես կա՝ որպես մրցույթ։ Բոլորս էլ պետք է հասկանանք, որ սա ընդամենը մրցույթ է։ Հաղթողը մեկն է, բայց դա ամենեւին չի նշանակում, թե մնացած բոլորը պարտվողներ են։ Յուրաքանչյուր արտիստ ահռելի աշխատանք ու ներդրում ունի իր ելույթի մեջ. ով անցել է այդ ճանապարհով, գիտի դրա իրական դժվարությունն ու ծանրությունը։
- Ձեր կարծիքով՝ արդարացի՞ է «Եվրատեսիլ»-ում չհաջողելու պատասխանատվությունը միայն արտիստի վրա դնելը։
- Անգամ մեկ րոպե նման խոսակցություն չի եղել, թե ով է մեղավոր կամ ով՝ ոչ, որովհետեւ սա մրցույթ է։ Չեմ կարող չնշել, որ բոլորս՝ երգի ստեղծման, բեմադրության եւ կազմակերպման վրա աշխատած ամբողջ թիմը, արել ենք առավելագույնը, որպեսզի մեր առջեւ դրված խնդիրները լուծենք լավագույնս։
Երբ դու ես բեմում, առաջին հայացքից կարող է թվալ, թե ամբողջ բեռն ու պատասխանատվությունը քո ուսերին են, եւ եթե ինչ-որ բան այն չէ, միայն դու ես մեղավոր։ Բայց դա մակերեսային մոտեցում է: Կարծում եմ՝ հասարակության միայն շատ փոքր մասն է այդպես մտածում կամ ինչ-որ մեկին մեղադրելու առիթ փնտրում։
- Իսկ ի՞նչ եք կարծում՝ այլ երգով մասնակցելու դեպքում շանսերն ավելի մե՞ծ կլինեին։
- Երբ ինչ-որ բան չի ստացվում, մարդիկ հաճախ մտածում են՝ ինչ-որ բան սխալ է արվել կամ երգի ընտրությունն էր անհաջող։ Բայց ասեմ, որ սա մի տեսակ վիճակախաղի պես բան է. կարող ես ունենալ հիանալի երգ, բայց չանցնել եզրափակիչ, եւ հակառակը։
Չեմ կարող հստակ բացատրել, թե ինչից է կախված հաջողությունը, բայց վստահ եմ, որ միայն երգից չէ։ «Paloma Rumba»-ն ստեղծելիս մենք փորձել ենք այն դարձնել առավելագույնս հետաքրքիր ու էներգետիկ: Եթե ուշադիր լսեք, այնտեղ նույնիսկ հայկական յուրահատուկ տարրեր ու հնչյուններ կան։ Այս երգն ինձ լիովին համապատասխան էր: Ինձ պարզապես չէի պատկերացնում այլ՝ օրինակ՝ բալադային ոճի մեջ։ Մենք մեծ հավատով ու նվիրումով ենք ներկայացրել այն «Եվրատեսիլ»-ում։
Կինս էլ կողքից հուշում է մի շատ կարեւոր փաստ. երբ երգը նոր էր թողարկվել, թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային հարթակներում կային ահռելի քանակությամբ քննարկումներ ու արձագանքներ։ Առանց գլուխ գովելու՝ արձագանքների 99 տոկոսը հիացական էր. մարդիկ երգի էներգետիկայից «վաու» զգացողություն էին ունենում։ Այնպես որ, չեմ կարծում, թե որեւէ բան փոխելու կարիք կար։ Ես իմ երգը շատ եմ սիրում, այն շատ լավն է, եւ ամենակարեւորը՝ ես այն կատարել եմ ամբողջ սրտով։
- Եթե հնարավորություն ունենայիք վերադառնալու այն պահին, երբ դեռ չէիք բարձրացել Վիեննայի բեմ, կա՞ր մի բան, որ կփոխեիք Ձեր ելույթում:
- Իրականում չկա որեւէ բան, որ կուզեի փոխել իմ ելույթում։ Նույնիսկ բեմում ինձ հետ հանդես եկող պարողներն իմ անձնական ընտրությունն էին: Նրանք ինձ համար շատ հոգեհարազատ մարդիկ են, որոնց ներկայությունից մեծ ուժ ու աջակցություն էի զգում։ Անկեղծորեն՝ ոչ մի դետալ չէի փոխի:
- Կցանկանա՞ք ապագայում կրկին վերադառնալ «Եվրատեսիլ»։
- Այս ընթացքում շատ հետաքրքիր բան բացահայտեցի. պարզվեց՝ իսկական «եվրոֆան» եմ։ Անկեղծորեն շատ սիրեցի այս մրցույթն ու նրա շուրջ ձեւավորված աշխարհը։ Այնպես որ, ինչո՞ւ ոչ. տարիներ անց լիովին հնարավոր է, որ կրկին վերադառնամ եվրատեսիլյան բեմ։
- Ի՞նչ երաժշտական նախագծերի վրա եք հիմա աշխատում։
- Դրանք բազմաթիվ են: Կան թե՛ նոր նախագծեր, թե՛ երգեր, ինչպես նաեւ մասնակցում եմ փառատոնների։ Այնպես որ, աշխատանքային գրաֆիկս շատ խիտ է։
- Ի՞նչ խորհուրդ կտաք Հայաստանի հաջորդ պատվիրակին։
- Հաջորդ պատվիրակին խորհուրդ կտամ առավելագույնս վայելել այդ օրերը, որովհետեւ դրանք այնքա՜ն արագ են անցնում։ Կարեւոր է հավատալ սեփական ուժերին, որովհետեւ այն պահին, երբ բարձրանում ես բեմ, դու ինքդ ես քո ուժը։ Ցույց տուր քո ներաշխարհը, սերը: Ցույց տուր, թե ով ես դու որպես արտիստ, եւ երբեք կեղծ չլինես, որովհետեւ էկրանից այն կողմ մարդիկ դա միանգամից տեսնում են քո աչքերում։ Պետք է պարզապես նվիրվել ու վայելել այդ րոպեները։ Վստահաբար կարող եմ ասել, որ դրանք իմ երաժշտական կարիերայի ամենաանմոռանալի օրերն են եղել։
Տեքստը՝ Լիանա Թեհմուրյանի
Լուսանկարները՝ Մարատ Սարգիսովի


×
83






