×


Գեւորգյանցի եւ Գուերայի երեւակայական զրույցն ու Մովսիսյանի նոր ֆիլմի պրեմիերայի հետաքրքիր մյուս դրվագները

«Երիտասարդներին պետք է ոգեւորել, իսկ ոգեւորել կարելի է հայրենասիրությամբ, որովհետեւ դրանից կայուն արժեք գոյություն չունի»՝ այս խոսքերը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցինն են, որը 2017թվականին հեռացավ կյանքից՝ եւս մի ազգայնասեր հայի ներկայություն ավելացնելով երկնքում։ Հունիսի 12-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Հրանտ Մովսիսյանի «Բարի գալուստ հավերժություն» ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է Ռուբեն Գեւորգյանցին։ Հրանտ Մովսիսյանը նրան լավ է ճանաչել, քանի որ ընկերներ են եղել, եւ այս պատճառով էլ Հայաստանի վավերագրական ֆիլմերի կինոստուդիան ֆիլմը նկարելու գործը վստահել է հենց Մովսիսյանին։

Հրանտ Մովսիսյանը


«Կյանքի վերջին տարում Ռուբենն արդեն առողջական շատ խնդիրներ ուներ, հաճախ էր տարբեր հիվանդանոցներից զանգում, զրուցում էինք, նա շատ յուրահատուկ մարդ էր՝ իր հումորով ու տարբերվող էությամբ։ Ֆիլմն էսսե կարելի է անվանել, բայց ես չեմ դիմել դասական տարբերակին, երբ բոլորը նստած պատմում են հերոսի մասին։ Վերեւից եւ նրա աչքերով եմ ցույց տվել իր անցածն ու իր մասին։ Կարծում եմ՝ երբ մարդը մահանում է, երկնքում անպայման ինչ-որ մեկը դիմավորում է նրան, այս ֆիլմում Ռուբենը գնում է երկինք, նրան դիմավորում է իտալացի հայտնի գրող, սցենարիստ ու ռեժիսոր Տոնինո Գուերան։ Շատ հանճարներ են արդեն վերեւում ապրում՝ կինոռեժիսորներ, գրողներ, դերասաններ, նկարիչներ, երգիչներ, ֆիզիկոսներ եւ այլք, շփվում են իրար հետ, այնտեղ շատ հետքրքիր է»,-ասաց Հրանտ Մովսիսյանը։


Ֆիլմում Ռուբեն Գեւորգյանցին ձայնավորում է դերասան Ժան Նշանյանը, իսկ Տոնինո Գուերային՝ Սամվել Բաղինյանը: Նրանք երկար զրուցում են իրենց արած գործերից, Փարաջանովից, իրենց պոեզիայից։

Գոհար Իգիթյանը եւ Արմեն Խանդիկյանն՝ իրենց թոռնիկի հետ


Ռեժիսորը նշեց, որ ցանկություն ունի տարբեր լեզուներով ներկայացնել ֆիլմը, բայց հատկապես իտալերեն, քանի որ ֆիլմում նաեւ Գուերայի մասին պատմող հատվածներն են շատ։ Սցենարի վրա աշխատել է Լեւոն Գալստյանը, իսկ օպերատորը Վահագն Տեր-Հակոբյանն է։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW