×


«Երգով սեր տալ, սատարել, գոտեպնդել». Սյունիքում եւ Արցախում 7-օրյա երգչախմբային փառատոն է անցկացվել

«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում մայիսի 29-ից հունիսի 5-ը Սյունիքում եւ Արցախում անցկացվել է «Երգով եւ սիրով» խորագրով երգչախմբային փառատոնը:

Ո՛չ վայրերը, ո՛չ էլ խորագիրը ուղղակի չեն ընտրված. կազմակերպիչները միտում են ունեցել Սյունիքի և Արցախի բնակիչներին երգով սեր տալ, սատարել, գոտեպնդել։ Փառատոնին մասնակցել են Ստեփանակերտ, Մարտունի, Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի քաղաքների, ինչպես նաև Խնձորեսկ եւ Շինուհայր գյուղերի գործող երգչախմբերի երեխաները:


Յոթ օր տեւած փառատոնի ընթացքում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի յուրաքանչյուր կատարում նվիրվել է բոլոր տարիների հերոս նահատակների հիշատակին, վերջին պատերազմում անմահացած, անհետ կորած, գերեվարված տղաներին։ Նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ու «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի կողմից՝  երկրի համար շատ տագնապալի օրերին, երբ ադրբեջանական զորքերը հայտնվել էին Հայաստանի սահմաններից ներս:

Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշեց, որ  փառատոնը վերջին շրջանի այն բացառիկ միջոցառումներից է, որը կոչ է արժանապատվության, չհանձնվելու եւ քաղաքացիական գիտակցության:

«Ես վստահ եմ, որ բոլորս շատ հակասական ապրումների մեջ ենք հիմա, բայց այս փառատոնը բացառիկ միջոցառումներից է: Այս ամենն իրականացավ մաեստրո Հեքեքյանի եւ նրա երգչախմբի շնորհիվ: Այն, ինչ տեղի ունեցավ, քաղաքացիության ամենաբարձր դրսեւորումներից մեկն է: Մենք ապրում ենք տեղեկատվական թունավորված մթնոլորտում, որտեղ սովորական մարդը չի կարողանում կողմնորոշվել, թե ինչը վերցնել որպես արժեք, եւ տեղի ունեցածը հենց այդ ուղերձն է, կողմոնորոշիչն է, փորձությունն ու բարդ ժամանակաշրջանն արժանապատիվ ու ստեղծագործաբար հաղթահարելու գրավականն ու հրամայականն է:


«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագիրն արդեն իսկ ասում է, թե որն է մեր նպատակը: Այսօր, առավել քան երբեւէ, մշակույթն ունի հսկա քաղաքացիական ապրումներ եւ գիտակցություն արթնացնելու գործառույթ: Քանի, որ շատ վտանգավոր էր, ես փորձ արեցի, որպես պատասխանատու, հետաձգել միջոցառումը, սակայն պատանիներն են ընդվզել՝ պահանջելով գնալ եւ ելույթ ունենալ: Երեխաները իրենց քաղաքացիական պարտքը կատարեցին այդ քայլով», - նշեց Արա Խզմալյանը՝ հավելելով, որ ցանկանում է՝  փառատոնն ամենամյա դառնա, քանի որ այդպիսով արցախցի եւ սահմանամերձ համայնքների հայրենակիցներին հիշեցնում եւ ապացուցում ենք, որ նրանք մենակ չեն:

Տիգրան Հեքեքյանը պատմեց, որ Սյունիքն ու Արցախը դեռ 2000 թվականից են եղել  իր ուշադրության կենտրոնում, երբ առաջին փառատոնն էր այնտեղ անցկացրել ու ծանոթացել տեղի մարդկանց,  հողին ու ջրին: Այդ ժամանակ գիտակցել է այդ երկու շրջանների կարեւորությունը մեզ համար:


«Պատերազմից հետո ամբողջ միտքս ու հոգիս իրենց հետ էր, հասկանում էի, որ պետք է ինչ-որ բան անել, բայց չէի խիզախում: Մտածում էի, թե ինչպես անել: Մեզ խնդրեցին համերգներով ներկայանալ, ես տեսա, որ անհրաժեշտ է մարդկանց ուժ ու կորով փոխանցել: Մեզ այստեղ շատ էին ասում, որ վտանգավոր է, պետք չի գնալ, բայց Արցախում եւ Սյունիքում մարդիկ անընդհատ շնորհակալություն էին հայտնում մեզ: Մենք լուրջ հոգեբանական պատնեշներ էինք հաղթահարում, բայց գիտեի, որ պետք է կազմակերպել փառատոնը: Մշակույթը ամենահզոր զենքերից է, որ ունի Հայաստանը: Չէի ընդունում մարդկանց շնորհակալությունը, որովհետեւ դա ոչ թե մեր առաքելությունն էր, այլ՝ պարտքը: Ծնողը չի կարող դժվարության մեջ գտնվող իր զավակին չմոտենալ՝ վախենալով վտանգներից: Եթե չգնայի, ապա ինձ լիարժեք մարդ չէի համարի: Ուրախ եմ եւ հպարտ, որ ինձ հետ իմ փոքրիկ զինվորներն էին: Բոլորս հասկացանք ու տեսանք՝ ինչ կարեւոր էր մեր այնտեղ հայտնվելը: Մենք պարտավոր ենք այնտեղի բնակչությանը ձեռք մեկնել: Անգամ պատրաստ եմ գնալ աշխատել,  այնտեղ ապրել, որ ոգեւորեմ այդ մարդկանց», - ասաց Տիգրան Հեքեքյանը:


 Նա նաեւ կարեւորեց այն, որ մենք պետք է գործենք, պետք չէ միայն երազել, հարկավոր է վստահ ժողովուրդ լինել, ինչի հիմքը կրթությունն է: Մենք այսօր քաղաքական դաշտում եւ տարբեր ոլորտներում տեսնում ենք, որ ունենք անկիրթ հասարակություն, որը մշակութահեն չէ, իսկ ազգային անվտանգության հիմնական գրավականը նախ կրթությունն է՝ կրթված հրամանատարներ, քաղաքական եւ մշակութային  գործիչներ:

Արմինե Բրսոյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW