×


Ռավեննայից՝ Մանսուրյանի «Քավարան»-ով. Ռիկարդո Մուտին ելույթ կունենա Երեւանում

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը հյուրընկալում է Ռավեննայի հեղինակավոր փառատոնի համերգը Երեւանում: «Բարեկամության շառավիղներ» խորագրով համերգը տեղի կունենա հուլիսի 4-ին, ժամը 19.00-ին՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Մաեստրո Մուտին Երեւան է ժամանելու իր Լուիջի Քերուբինիի երիտասարդական նվագախմբի հետ։ Համերգին մասնակցում են Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Ռոբերտ Մլքեյան), մենակատարներ՝ սոպրանո Նինա Մինասյանը, տենոր Ջովաննի Սալան, բարիտոն Գուրգեն Բավեյանը եւ երգեհոնահար Դավիդե Կավալին։

Ծրագրում կհնչեն՝  Ֆ․ Յ․ Հայդնի, Վ․ Ա․ Մոցարտի, Ֆ․ Շուբերտի ստեղծագործությունները, ինչպես նաեւ կկայանա Տ. Մանսուրյանի «Քավարան» (Purgatorio) ստեղծագործության պրեմիերան, որը գրվել է Ռավեննայի փառատոնի պատվերով` Դանթե Ալիգիերիի 700-ամյակի կապակցությամբ:


Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը նշել է, որ Ռավեննայի փառատոնը բարձր որակի երաժշտական միջոցառում է, որն արդեն երկար տարիների կյանք ունի, եւ որտեղ դասական մեծագույն կոմպոզիտորների ստեղծագործություններ են ներկայացվում:

«Մենք ունենք հրավեր այնտեղ երգելու համաշխարհային դասական գոհարներից, ինչպես նաեւ կատարելու ենք Տիգրան Մանսուրյանի «Քավարանը»: Մեր երգչախմբի եւ բարիտոն Գուրգեն Բավեյանի հետ համատեղ աշխատելու եւ դիրիժորական վահանակի մոտ է լինելու աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտին։ Իտալիայից հետո նույն կազմով համերգը տեղի կունենա Երեւանի օպերային թատրոնում, որի ժամանակ Հայաստանում առաջին անգամ կհնչի Մանսուրյանի ստեղծագործությունը: Այս իրադարձությունը նշանակալի եւ կարեւոր է, քանի որ լուրջ համագործակցություն է Իտալիայի հետ, ինչը նպաստում է մշակութային փոխհարաբերությունների զարգացմանը, եւ հուսով եմ՝ շարունակական կլինի»,-ասել է Ռոբերտ Մլքեյանը:

Ալիգիերիի «Աստվածային կատակերգությունը» բաղկացած է երեք մասից՝ «Դժոխք», «Քավարան» եւ «Դրախտ»: Ռավեննայի փառատոնի կազմակերպիչները Տիգրան Մանսուրյանին առաջարկել են «Քավարան»-ի համար գրել ստեղծագործություն:

«Մաեստրո Մուտին ցանկություն հայտնեց այս գործը հնչեցնել թե՛ Երեւանում, թե՛ Իտալիայում։ Պետք է ասեմ, որ իտալերեն տեքստի հետ կապված խնդիրներ են եղել, քանի որ իրենց շեշտադրումները թափառող են. այս հարցում ինձ օգնել է իտալերենի մասնագետ Գրիգոր Ղազարյանը, որը հստակեցրել է ոչ միայն բառի իմաստը, նրբերանգները, այլ նաեւ շեշտադրությունը: Հարկ է նշել, որ այս պահին կա Ռիկարդո Մուտիի բարձր գնահատականը երգչախմբին, որը մեզ հույս է ներշնչում, որ այս համագործակցությունը կարող է ունենալ նաեւ իր շարունակությունը»,- նշել է մաեստրո Մանսուրյանը:

Իրադարձությանն աջակցում են Իտալիայի Հանրապետության մշակույթի եւ արտաքին գործերի նախարարությունները, Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Վենետիկի հայ մշակույթի ուսումնասիրության եւ վավերագրման կենտրոնը:

Երեւանյան համերգի նախօրեին՝ հուլիսի 3-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ տեղի կունենա համերգ՝ ի նվիրումն եւ ի պատիվ Ռիկարդո Մուտիի եւ Ռավեննա փառատոնի։ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախումբը կկատարի Բեթհովենի թիվ 3 դաշնամուրի կոնցերտը եւ Բեռլիոզի «Ֆանտաստիկական» սիմֆոնիան: Երեկոյին որպես մենակատար հանդես կգա Իտալիայից Հայաստան ժամանած դաշնակահար Մայա Օհանյանը:

«Երեւանյան հեռանկարներ» եւ Ռավեննա փառատոները հանդիսանում են Եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամներ եւ դասվում են Եվրոպայի լավագույն փառատոների շարքին:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW