×


Հասմիկ Կարապետյանի տարբերվող 44-ամյակն ու ամուսնու եւ սկեսրոջ անակնկալները

Ծննդյան 44-ամյակը՝ համերգային միջոցառմամբ, ամենասիրելի ու մտերիմ մարդկանց միջավայրում․ երգչուհի Հասմիկ Կարապետյանն առաջին անգամ տարեդարձը նշել է այսպիսի ձեւաչափով։ Նրա հետ էին ինչպես ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները, այնպես էլ երկրպագուները, որոնք տեւական դադարներից հետո բաց չեն թողնում երգչուհու ելույթները։ BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել համերգին, հետնաբեմում անկեղծ զրույց է ունեցել Հասմիկ Կարապետյանի հետ եւ լուսանկարել նրան ու հյուրերին։

«Շատ հաճելի մարդիկ են դահլիճում, որոնք ցանկացել են իմ տարեդարձի օրը նշել ինձ հետ։ Միշտ ասում եմ, որ ծննդյանս օրերին հիմնականում տխուր եմ լինում, բայց այս մարդիկ փաստորեն փորձում են ինձ ուրախացնել։ Ու թեեւ օրեր առաջ մրսել եմ ու փոքր-ինչ վատառողջ եմ, ձայնս վնասված է, բայց կարծում եմ՝ դա չի խանգարելու, որ մենք այսօր ընտիր, ջերմ, լուսավոր ու պայծառ երեկո ունենանք»,- մեր զրույցում ասաց երգչուհին։

Հասմիկ Կարապետյանը


Նրան հարցրինք, թե որն է լինում տխրելու պատճառը, ասաց՝ ֆիզիկական տարիքն իր տրամադրության վրա երբեք չի ազդել, բայց տխրում է, երբ հասկանում է, որ ժամանակն է քչանում․«Երեւի հոգու երիտասարդությունն ու թեթեւությունն են, որ ինձ այսպիսին են դարձրել։ Տարիքն ինձ վրա չի ազդում ոչ մի առումով. ես 80 տարեկանում էլ կլինեմ ասող-խոսող ու ճտպտան Հասիկոն եւ շատերի համար տարօրինակ կթվամ։ Նույնիսկ եթե քսան երեխա ունենայի երկուսի փոխարեն, էլի չէի փոխվի, դա արդեն մարդկային տեսակի ախտորոշում է (ժպտում է,- հեղ․)։ Բայց տխրում եմ, որովհետեւ անելիքներ շատ ունեմ իմ մտքում, երազանքներ, նպատակներ, ինչ-որ պլանավորված գործեր, որոնց համար արդեն ժամանակս է քիչ։ Երեւի ինչ-որ տարօրինակ տխրություն է գալիս այս օրերին, եւ միայն ես չէ, որ այդ մասին ասում եմ։ Հետաքրքիր է, չէ՞, լինելով այսքան շփվող, հանրային մարդ, բայց ծննդյանս օրերին ինձ զգում եմ աշխարհի ամենամիայնակ մարդը»։

ԴերՀովան եւ Ավետ Բարսեղյանը


Չնայած դրան՝ շնորհավորանքներ ու նվերներ ստանալ սիրում է, նրա կարծիքով՝ հանրային մարդկանց բնորոշ է ուշադրության կենտրոնում լինելու ցանկությունը։ Ինքն էլ նվերներ անել սիրում է եւ նույնչափ ուրախանում է մյուսներին հաճելի անակնկալներ անելիս։ Մեր զրույցում Հասմիկը պատմեց, որ այս տարի առաջին շնորհավորանքը սկեսուրից է եղել, առաջին նվերը՝ ամուսնուց․ «Շատ հետաքրքիր է, բայց առաջին շնորհավորանքս ստացել եմ սկեսուրիցս, որն այժմ ԱՄՆ-ում է։ Նա մինչ օրս ժամային գոտիները փոքր-ինչ շփոթում է, եւ երբ գրեց, այստեղ դեռ հուլիսի 3-ն էր։ Շատ ուրախացա, որ նա այդպես ուշի ուշով սպասել էր՝ առաջինը շնորհավորելու համար։ Ինձ շատ է սիրում, ես էլ՝ իրեն։ Շատ երիտասարդ, սիրունիկ, համովիկ կին է, եւ ես չեմ զգում, որ սկեսուր ունեմ, կարծես ընկերուհիս լինի։ Ամուսինս էլ շատ գեղեցիկ շվեյցարական ժամացույց է նվիրել: Ասաց, որ ես ավելիին եմ արժանի։ Ինձ շատ շոյված զգացի (ժպտում է,- հեղ․)»։


Հասմիկի հետ ետնաբեմում պատրաստվում էր նաեւ Անի Ժանեն՝ երգչուհու աշակերտուհին, որ արդեն հասցրել է մի քանի ելույթ ունենալ տարբեր համերգների ու նախագծերի շրջանակում։ Հուլիսի 4-ին էլ պատրաստվում էր մի քանի կատարում ներկայացնել ինչպես առանձին, այնպես էլ զուգերգերով Հասմիկ Կարապետյանի եւ Արթուր Խաչենցի հետ․«Արդեն մեկուկես տարի է՝ համագործակցում ենք։ Բացի այն, որ ես նրա վոկալի ոճաբանության ուսուցչուհին եմ, նաեւ զբաղվում եմ նրա պրոդյուսինգով, որքանով կարողանում եմ։ Անին շատ տաղանդավոր աղջիկ է, ձայնային շատ լավ տվյալներ ու հետաքրքիր տեմբր ունի, շատ մտածող է երաժշտության մեջ ու ընկալող։ Բավական կարճ ժամանակում նրա օպերային վոկալը փոխեցի ավելի էստրադային վոկալի, բայց, իհարկե, դեռ շատ աշխատելու տեղ կա։ Նպատակն այն է, որ մի օր Անին էլ հանդես գա իր մենահամերգով»,- նշեց Հասմիկը։

Հասմիկ Կարապետյանը


Նրա վատառողջ լինելը, իհարկե, չխանգարեց, որ ամեն ինչ նախատեսվածի նման ընթանար։ Հասմիկը նույնիսկ կեսկատակ նկատեց, որ ներկաների ջերմ էներգիայի շնորհիվ ձայնը վերականգնվեց ու հուսախաբ չարեց իրեն։ Ելույթի առաջին հատվածի համար էլ սպիտակ զգեստ էր ընտրել։ Ինչպես իր խոսքում նշեց՝ այդ ընտրությունը պատահական չէր, քանի որ սպիտակ գույնն իր համար երեք խորհուրդ ունի՝ լույս, մաքրություն եւ անսահմանություն։

Հասմիկ Կարապետյանը եւ Անի Ժանեն


Առաջիկայում էլ հանդիսատեսը Հասմիկ Կարապետյանի համերգներին երկար սպասելու առիթ չի ունենա։ Արդեն սեպտեմբերին երգչուհին կներկայանա համերգային նոր ծրագրով ու թարմացված երգացանկով։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին