×


Սահմանամերձ Բերդավանում մեկնարկել է «Ֆրեսկո» 8-րդ միջազգային փառատոնը

«Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնն այս տարի մեկնարկել է Տավուշի մարզի Բերդավան գյուղում՝ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի համերգային ծրագրով:

Հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր հերոսների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո  «Ֆրեսկոյի» համահիմնադիրներ Շահեն Նազարենկոն եւ Աննա Կարապետյանն ազդարարեցին մեկնարկը՝ կարեւորելով հատկապես հիմա Տավուշում ամուր ոգին եւ հոգեւոր արժեքները պահելու գաղափարը։  Համերգային ծրագրին հաջորդեցին ֆիլմերի դիտում-քննարկումները։

Նախօրեին  Իջեւանում եւս Տավուշի Թեմի «Արեւիկ» սոցիալ-կրթական կենտրոնի կինոդահլիճում անցկացվեցին ֆիլմերի դիտում-քննարկումներ՝ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ներկայությամբ։
Ցուցադրվեց Շահեն Նազարենկոյի «Հայոց Ասպետաց Հավատամքը» (Հայաստան ) ֆիլմը, որի նկարահանումներն իրականացվել են մինչ պատերազմը, իսկ ֆիլմը վերջնական տեսքի բերվել է  44-օրյա պատերազմից  հետո։ Հաջորդիվ ցուցադրվեց ռեժիսոր  Թամարա Ցոցորիայի «Բարձունքի հատակից»  (Ռուսաստան) ֆիլմը, որի հիմքում Ռուսաստանի պարալիմպիկ խաղերի երկակի չեմպիոն  Ա. Մոշկինի պատմությունն է։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ից 29–ը Հայաստանում անցկացվում է «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը, որի նպատակն է հոգեւոր եւ մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը:  

Փառատոնի երեւանյան ծրագրի հանդիսավոր բացումը կլինի օգոստոսի 20-ին  Աբովյան փողոցի Սբ. Աննա եւ Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում: Փառատոնը հյուրընկալելու է միջազգային անվանի կինոգործիչների, արվեստագետների, ովքեր մեծ ներդրում եւ ասելիք ունեն հասարակական եւ մշակութային կյանքում: Այս տարի փառատոնը մշակել է լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք՝ «#FrescoLive» խորագրով:
       
«Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ եւ աջակցությամբ:

Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին