×


Տիգրան Խանջարյանի երեւանյան համերգն ու ապրումները ելույթից առաջ

Տիգրան Խանջարյանի կատարումները լսելիս ոմանք գուցե եւ չկասկածեն, որ նա երգարվեստով սկսել է զբաղվել ընդամենը մի քանի տարի առաջ: Հանդիսատեսի սիրտը նա գրավեց համավարակով պայմանավորված սահմանափակումների ժամանակ, երբ  Բելգիայում ամեն օր պատշգամբից ներկայանում էր «մենահամերգներով»։ Երեկ տեղի է ունեցել նրա երեւանյան առաջին մենահամերգը: Բեմելից առաջ երգիչը BRAVO.am-ին պատմեց, որ շատ երկար է սպասել այս օրվան, հուզված է եւ ուրախ, որ համերգային երեկոն իրականություն է դարձել:

«Ծնվել եմ Ֆրանսիայում, մեկ տարեկան եմ եղել, երբ ընտանիքս տեղափոխվել է Բելգիա: Հայաստանի հանդեպ իմ վերաբերմունքը միշտ եղել է կարոտով ու սիրով, կարող եմ ասել, որ իմ կյանքի կարեւորագույն ու սպասված օրերից է այս օրը: Իմ հետեւորդները եւս ինձ բազում նամակներ էին գրում ու սպասում, որ այստեղ համերգային ծրագրով հանդես գամ»,- նշում է երգիչը:


Համերգային երեկոն սկսելուց առաջ Տիգրան Խանջարյանը նախ խոսեց հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը տված հերոս տղաների մասին.«Ամեն տեղ ու անկախ առիթից ես առաջին երգս նվիրում եմ մեր հերոսներին, քանի որ դա ամենափոքր բանն է, որ կարող ենք անել մենք: Իրենց շնորհիվ է, որ հիմա գտնվում ենք այստեղ»:

Երիտասարդ երգիչը ի սկզբանե զբաղվել է պրոֆեսիոնալ ֆուտբոլով, եղել է «Փյունիկ» ակումբի դարպասապահը, բայց լուրջ վնասվածքը նրան ստիպել է հեռանալ սպորտից:

Տիգրան Խանջարյանը


«Վնասվածք ստանալուց հետո վերականգնողական փուլ անցա մեկուկես տարի, բայց մարզվելը վերսկսելու ժամանակ հասկացանք, որ չեմ կարող շարունակել: Շատ հետաքրքիր փուլ սկսվեց այդ ժամանակ իմ կյանքում: Սկսեցի երգել նախ սիրողական ինքս ինձ համար, հետո զբաղվեցի նաեւ վոկալով: Հայրս՝ Արմեն Խանջարյանը, տարիներ առաջ նույնպես երգել է եւ անգամ զուգերգով հանդես եկել Աիդա Սարգսյանի հետ, եւ հենց նրա հետ սկսեցի վոկալի պարապմունքները: Շատ դրական արձագանքներ ստացա, ինչն ավելի ամրապնդեց երգելու որոշումս: Առաջին լուրջ քայլս արեցի 2019 թվականին՝ «Սիրուն Երեւան» երգով, որի հեղինակը Մարինա Թագակչյանն է: Այնուհետ ներկայացրի կրկին նրա հեղինակած «Մամ» երգը»,-պատմում է նա:

Տիգրան Խանջարյանի երեւանյան համերգին


Տիգրանը հանդես է գալիս շատ տարբեր ոճերում, եւ նրա համերգային երեկոյի ընթացքում հնչեցին երգեր Առնո Բաբաջանյանի, Ազնավուրի երգացանկից, ինչպես նաեւ՝ հունական ու իսպանական կատարումներ: «Unity Production»-ի նախաձեռնած երեւանյան համերգի հյուրերի թվում էին դերասանուհիներ Անահիտ Կիրակոսյանը, Օլյա Հակոբյանը, նաեւ այն մարդիկ, որոնց հետ նա համագործակցում է՝ երգահան Մարինա Թագակչյանը, գործիքավորող Վահան Նահապետյանը, Օֆելյա Մուրադյանը եւ այլք: Տիգրանի երգացանկում նաեւ կան Գրիգոր Կոկչյանի հեղինակած երգերից: Առաջիկայում  հանդես է գալու նոր երգերով ու տեսահոլովակներով, որոնք հիմա դեռ մշակման փուլում են:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին