×


Ոճի դասեր «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի հերոսուհիներից

Նյու Յորքում բուռն կերպով շարունակում են ընթանալ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի «Պատմությունը շարունակվում է» սիքվելի նկարահանումները: Հրապարակվող լուսանկարներում գլխավոր հերոսուհիները ոճային ու վառ նորանոր հագուստներ են կրում եւ էլ ավելի մեծացնում իրենց նկատմամբ հետաքրքրությունը:

Սերիալի շարունակությունում ոճաբանները որոշել են Քերի Բրեդշոուի (Սառա Ջեսիկա Փարկեր) ոճը մի քիչ փոխել՝ ավելի հարմարեցնել նրա տարիքին ու հրաժարվել կարճ շրջազգեստներից: Սակայն որքան էլ մեծանա սերիալի հերոսուհին, նա շարունակում է ոգեշնչման աղբյուր լինել բազմաթիվ կանանց համար: Նկարահանման հրապարակից արված վերջին լուսանկարներում հատուկ կախիչներով կարճ տաբատով է: Մարդկանց ամենաշատը զարմացրել է այն, թե նա ինչպես է կարողացել համադրել 2 այդքան տարբերվող պրինտերը:


Հատուկ ուշադրություն է պետք դարձնել կոշիկներին. դրանք տղամարդկանց համար նախատեսված օքսֆորդներ են, որոնք հաճախ չես հանդիպի կանանց զգեստապահարանում: Այն շրջանառության մեջ է մտել դեռ 19-րդ դարի կեսերին ու նախատեսված էր կրիկետ խաղալու համար: Կոշիկները ոճային են դարձել 1930-ականներին` ջազ երաժիշտների ու գանգստերների շրջանում: Իսկ հիմա նրանք նորից հայտնիություն ձեռք կբերեն Քերի Բրեդշոուի շնորհիվ:

Սերիալի սիրահարների ուշադրությունը գրավել էին նաեւ Քերիի ու Միրանդայի (Սինտիա Նիքսոն) համատեղ կադրերը, որոնցում նրանք աստիճաններին նստած զրուցում են:


Ոճաբանները նրանց համար նույն գունային երանգով զգեստներ են ընտրել: Եթե մինչ այդ արված կադրերում Սառա Ջեսիկա Փարկերն ու Քրիստին Դեւիսը (Շառլոտը) վարդագույն էին կրում, այս անգամ գերակշռում էր կապույտը: Քերին արդեն 2-րդ անգամ էր ամառային սարաֆանով, որը համադրված էր կապույտ վերնաշապիկի հետ: Կերպարը բավական քննարկվեց համացանցում, քանի որ շատերը կարծում էին, որ այն չի համապատասխանում հերոսուհուն:

Սերիալի ոճաբանները նաեւ 20 տարի անց կրկնել են Բրեդշոուի հայտնի կերպարը: Նրանք ովքեր գոնե մեկ անգամ սերիալը դիտել են, հիշում են հերոսուհու սպիտակ կիսաշրջազգեստը, որով նա քայլում է Մանհեթենով: Եվ ահա այն նորից կհայտնվի էկրաններին, բայց մի քիչ ձեւափոխված տարբերակով:


Նախկինում սերիալում հայտնված իրերը նորից կլինեն էկրաններին: Սեւ հաստ կաշվե գոտին, որը Բրեդշոուն կրում էր 2008 թվականին նկարահանված ֆիլմում, այս անգամ համադրվել է Carolina Herrera բրենդի վերնաշապիկ-զգեստի հետ: Պարբերաբար հայտնվելու են նաեւ Manolo Blahnik-ի կոշիկները, որոնք այդքան հայտնի դարձան ու սիրվեցին սերիալի շնորհիվ:


Իսկ այս կերպարի գլխարկը ոգեշնչված է Բրեդշոուի ու պարոն Բիգի հարսանիքից. հենց այսպիսի գլխի զարդարանք էր նա կրում այդ կարեւոր օրը: Բոլոր այդ միջոցներն օգնում են հերոսուհուն ավելի անմիջական դարձնել, ինչպես նաեւ ընդգծել նրա պատմությունը: Մյուս կողմից էլ ոճաբանները բոլորիս եւս մեկ անգամ հիշեցնում են, որ հին իրերին կարելի է նոր կյանք հաղորդել ու յուրովի կրել դրանք:


Թեեւ առաջին նկարահանումներից երկար տարիներ են անցել ու գլխավոր հերոսուհիների կյանքում շատ փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն նրանք, միեւնույն է, հավատարիմ են մնացել իրենց ոճին: Քերին նյույորքյան նույն ակտիվ գրողն է, որն անբաժան է իր սիրելի բարձրակրունկներից ու Fendi Baguette պայուսակից, Միրանդայի զգեստապահարանում գերակշռում են տաբատե կոստյումները, իսկ Շառլոտը շարունակում է էլեգանտ զգեստներ կրել: Ափսոս, որ բացակայում է գրավիչ ու անկանխատեսելի Սամանտան (Քիմ Քեթրոլ), այլապես ամեն ինչ ավելի հետաքրքիր կլիներ:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Աղբյուրը՝ Elle, Vogue, Harper's Bazaar

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW