×


«Հրանտը չէր պատկերացրել, որ դագաղում պառկելը շատ տանջալի կլինի». վերամշակվել է «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմը

Տարիներ առաջ մեծ աղմուկ բարձրացրած «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի վերամշակված տարբերակի թողարկման առթիվ BRAVO.am-ի հետ զրույցում ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը վերհիշել է, թե ինչպես է նկարահանել իր համար այցեքարտ դարձած ֆիլմը, ինչպես է Հրանտ Թոխատյանին տրվել ժամերով դագաղում անցկացնելը, նաեւ՝ ի՞նչ է փոխվել տարիներ հետո։

 «Պրեմիերայի օրը պատահական չէ ընտրված. ուղիղ 15 տարի առաջ հենց սեպտեմբերի 15-ին է ֆիլմն առաջին անգամ ներկայացվել հանրությանը: Ոչինչ չենք փոխել, ֆիլմը նույնն է, պարզապես վերամշակել ենք: Զրոյից արել ենք գունամշակումը եւ ձայնային աշխատանքները: ֆիլմը թեպետ 15 տարեկան է, սակայն այսօրվա չափանիշներին է համապատասխանում, իսկ այդ արդյունքին հասել ենք ամիսներ աշխատելու շնորհիվ: Կարծում եմ՝ մեր ֆիլմի երկրպագուները նորից կգան այն դիտելու, իսկ այն մարդիկ, ովքեր չեն դիտել, նրանց եւս կհետաքրքրի»,- նշել է Գոռը։

«Մեծ պատմություն փոքր քաղաքումը» նկարահանելու ժամանակ Գոռ Կիրակոսյանն ընդամենը 24 տարեկան էր. ֆիլմը դիպլոմային աշխատանք է: Իր խոսքով՝ ֆիլմին վերադարձ կատարելը հաճելի ապրումների առիթ է դարձել.

Կադրը՝ «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմից


«Պետք է խոստովանեմ, որ կային չհրապարակված աշխատանքային նյութեր, որոնք ինձ բավական զվարճացրին: Կարոտել էի նաեւ այն շրջանի Երեւանը: Այս ֆիլմը լավ հնարավորություն է՝ տեսնելու այդ շրջանի մայրաքաղաքը: Կարծում եմ՝ շատերը կարոտ կզգան, քանի որ իսկապես երեւանյան կոլորիտն է ներկայացված: Մեր քաղաքը ներկայացրել եմ այդ շրջանին հատուկ զգացողությամբ, հիմա պարզ է, որ այլ ձեւով կներկայացնեի, ի վերջո, տարիների ընթացքում ավելի պրոֆեսիոնալ եմ դարձել: Չնայած դրան՝ հասկացա, որ այս ֆիլմը ստացված է, այն չի կարելի փոփոխել կամ նորը նկարահանել: Այն ունեցել է իր հանդիսատեսը, իր հաջողությունը: Ի դեպ, հաջողությունն էլ բացատրում են այն գործոնով, որ ֆիլմի կատակներն իրադարձային չէին եւ հատուկ չէին միայն այդ շրջանին»։

Կադրը՝ «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմից


Ֆիլմի հաջողությունն, իհարկե, պայմանավորված է նաեւ դերասաններով, եւ հատկանշական է, որ շատ դերասանների համար ֆիլմում նկարահանվելու առաջին փորձն էր։ Խոսելով դերակատարների մասին՝ ռեժիսորն ասել է, որ երբ լինում են քասթինգն անցած դերասաններ, ովքեր հասկանում են իրեն, ֆիլմի գաղափարը,  սցենարը, ապա այդ ամենը շատ է օգնում ֆիլմի հաջողությանը.

Կադրը՝ «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմից


«Այդ ժամանակ մեծ քասթինգ էի արել, մանրակրկիտ որոշում էի, թե ով ինչ դեր պետք է ստանձնի: Շատերի համար սա ֆիլմում նկարահանվելու առաջին փորձն էր, հիմա նրանք արդեն հայտնի դերասաններ են: Ուրախ եմ, որ իրենց առաջին ֆիլմը եղել է «Մեծ պատմություն փոքր քաղաքումը», նրանք էլ կարող են հպարտությամբ նշել, որ նկարահանվել են այնպիսի ֆիլմում, որն արդեն, կարելի է ասել, մեր հայկական ֆիլմադարանի պատմության մեջ է: Ի դեպ, մոտ երկու դերասան հրաժարվել էին դերից, կարծում եմ՝ չէին վստահել, քանի որ սկսնակ էի, սակայն Հրանտը ճանաչում էր ինձ, գիտեր իմ երազանքների մասին։ Նա ինձ դեռ մանկուց խոստացել էր, որ նկարահանվելու է իմ առաջին ֆիլմում: Երբ արդեն պետք է սկսեինք նկարահանումները, նրան առաջարկեցի Համլետի կերպարը, որին ֆիլմում մարմնավորում է Վահագն Սիմոնյանը, սակայն Հրանտն առաջարկեց լինել ֆիլմի ձայնը, պատմել բոլոր գործողությունների մասին: Հետո առաջարկեց մարմնավորել հանգուցյալին: Հրանտն այդ շրջանում նկարահանվում էր «Մեր բակը 3» ֆիլմում, շատ զբաղված էր, նրան թվում էր, թե դագաղում պառկելը շատ աշխատատար չի լինի: Պարզվեց, որ չէր պատկերացրել, որ իր նկարահանման օրերը բավական տանջալի կլինեն: Նա պառկած էր դագաղում, սակայն ստիպված էր շունչը պահել, քանի որ պառկած մարդու որովայնից երեւում է, որ նա շնչում է:  Դադարների ժամանակ չէի թույլատրում, որ դուրս գա դագաղից, քանի որ կկեղտոտեր հագուստը եւ կոշիկները: Մենք նկարահանում էինք օգոստոսին, շատ շոգ էր, Հրանտը դագաղում պառկած էր կոստյումով, պատկերացրեք, թե որքան բարդ էր նրա համար: Շատ շնորհակալ եմ, որ համաձայնել էր խաղալ իմ ֆիլմում»։

Կադրը՝ «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմից


Գոռը նաեւ զավեշտալի միջադեպ է հիշել.«Երբ նկարահանումներն իրականացնում էինք բակում, այնտեղ երեխաներ կային, որ տեսել էին Հրանտին դագաղում, վազել էին իրենց տներ եւ ասել, որ Հրանտ Թոխատյանը մահացել է: Ամբողջ բակը հավաքվել էր, որպեսզի տեսներ՝ արդյոք նա մահացել է: Նրանց հետաքրքիր էր նաեւ, թե ինչու են Հրանտին այդ շենքից հանում, չէ՞ որ նա այնտեղ չէր բնակվում: Հանգստացնում էինք մարդկանց՝ ասելով, որ չի մահացել: Իսկապես շատ ծիծաղ բերող ու ջերմ հիշողություններ ունենք ֆիլմի հետ կապված»։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Գոռ Կիրակոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին