«Բացի այն, որ յուրաքանչյուրս մեր գործը պիտի լավ անենք, նաեւ պիտի փորձենք մեր եղբայրների կիսատ թողած գործերը շարունակել, որովհետեւ դա է միակ տարբերակը նոր հաղթանակներ ունենալու»,- ասում է Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի եղբայրը՝ Սարգիս Մելիքսեթյանը, որը բարեգործական ցուցահանդես-վաճառք է նախաձեռնել՝ եղբոր մասնագիտական ոլորտում ֆինանսական միջոցներ ներգրավելու համար։ Վահեն կլինիկական դեղագետ է եղել, գիտնական, ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, սակայն պատերազմում բազմաթիվ կյանքեր փրկելու ճանապարհին զոհել է սեփական կյանքը։ Այժմ Սարգիսը փորձում է շարունակել եղբոր կիսատ թողած գործը՝ ստեղծելով «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը։
Հայաստանի նկարիչների միությունում բացված ցուցահանդես-վաճառքը մեկն է այն ծրագրերից, որ իրականացնում է հիմնադրամը՝ ֆինանսական միջոցներ ներգրավելու եւ հիմնադրամի առջեւ դրված նպատակներն իրագործելու ուղղությամբ։ Ներկայացված մոտ հինգ տասնյակ աշխատանքները տրամադրել են հայ նկարիչներն ու քանդակագործները՝ իրենց ներդրումն ունենալով կազմակերպված բարի գործում։
«Ցուցահանդես կազմակերպելու գաղափարը ծնվեց մեր ընկերների հետ համատեղ զրույցի ժամանակ, երբ մտածում էինք՝ ինչ տարբերակներով կարող ենք ֆինանսական միջոցներ գեներացնել հիմնադրամի համար։ Միտքը եկավ, որոշեցինք անել, իսկ կազմակերպելու, համադրելու գործում վստահեցինք պրոֆեսիոնալի՝ արվեստաբան Քրիստինե Սարգսյանին։ Նա մեզ օգնեց, ծանոթացանք նկարիչների հետ, եւ բոլորը մեծ սիրով իրենց աշխատանքներից նվիրաբերեցին այս գործին։ Ես շատ էի լսել, որ արվեստագետները դժվարությամբ են բաժանվում իրենց աշխատանքներից, բայց այդ առումով էլ հաճելիորեն զարմացած եմ։ Շատ տաղանդավոր, հայրենասեր ու լավ արվեստագետներ ունենք»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Սարգիսը։
Խոսելով նաեւ հիմնադրամի առաքելությունների եւ նպատակների մասին՝ Սարգիս Մելիքսեթյանն ասել է, որ հիմնական ուղղություններից են կլինիկական դեղագիտության զարգացմանն ուղղված ներպետական եւ միջազգային միջոցառումների կազմակերպումը, կլինիկական դեղագետ մասնագետների կադրային ապահովումը, այդ մասնագիտությամբ ուսումնառություն անցնողների ֆինանսավորումը, վերապատրաստումը եւ, իհարկե, կլինիկական դեղագիտությունը որպես գիտության առանձին ճյուղի ադապտացումը:
Վահե Մելիքսեթյանի եղբայրը՝ Սարգիս Մելիքսեթյանը
«Եղբայրս այդ մասնագիտության հետ կապված հարցերի քննարկումների ժամանակ բոցավառվում էր, եւ ես, տեսնելով այդ կրակը, կայծը, ինքս ինձ երդվել եմ, որ նրա նպատակներն իմ ու իր ընկերների միջոցով պիտի իրականություն դարձնենք։ Դա շատ լայնածավալ աշխատանք է ենթադրում ե՛ւ պետական պատկան մարմինների, ե՛ւ մասնավոր սեկտորի հետ, բայց մենք լիահույս ենք, որ հաջողություն ենք ունենալու։ Մենք պարտավոր ենք մեր եղբայրների կիսատ թողած գործերը շարունակել, որովհետեւ դա է միակ տարբերակը նոր հաղթանակներ ունենալու»,- ընդգծել է նա։
Նկարիչների միությունում բացված ցուցահանդեսը գործելու է մինչեւ սեպտեմբերի 22-ը, այնպես որ դուք նույնպես կարող եք այցելել, ծանոթանալ ներկայացված աշխատանքներին եւ գնելով այդ ցուցանմուշներից որեւէ մեկը՝ ձեր ներդրումն ունենալ հիմնադրամի նախաձեռնած կարեւոր գործում։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: