×


«Ամուսինս օգնության հասավ». Նորա Գրիգորյանի երկվորյակների 5-ամյակի լուսանկարները

Նորա Գրիգորյանի երեխաները՝ Կոնստանտինն ու Լիանան, օրերս դարձել են հինգ տարեկան։ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ռեժիսորը BRAVO.am-ին է տրամադրել խնջույքի լուսանկարներն ու պատմել է, թե ինչպես է անցել տոնական օրը:

Նախապատրաստական աշխատանքներով, ինչպես Նորան է պատմել, ամուսինն է զբաղվել.«Հարսանիքից հետո ֆիզիկապես շատ հոգնած էի, չէր կարողանում տրամադրվել ու խնջույքով զբաղվել, չնայած գիտեի, որ երեխաներս անհամբերությամբ են սպասում իրենց տարեդարձին: Արմենն օգնության հասավ՝ առաջարկելով նրանց ընկերներին ու բարեկամներին հավաքել մանկական սրճարանում ու բոլորի համար ուրախ ժամանց ապահովել: Վաղուց էին սպասում այդ օրվան, հիանալի ժամանակ անցկացրին»:


Խոսելով նվերներից՝ ռեժիսորն ասել է.«Ամուսնուս հետ ամբողջ գիշեր փուչիկ ենք փչել, որ առավոտյան նրանց հաճելի անակնկալ մատուցենք: Միտքը զարգացնող հետաքրքիր խաղալիքներ ենք գնել, իրոք շատ հավանեցին: Մի բան պետք է առանձնացնեմ, ինչն ինձ շատ է ոգեւորել: Խնջույքի ժամանակ փոքրիկներս չափից շատ գեղեցիկ նվերներ ստացան, ու հուրախություն ինձ, չէին շտապում դրանք բացել: Իրենց ավելի շատ հյուրերի հետ ուրախ ժամանակ անցկացնելն էր գրավում, քան նյութական նվերները»:

Տորթերը երեխաների ընտրությամբ են եղել.«Կոնստանտինը Սարդ-մարդու թեմայով էր ուզել, Լիանան՝ պոնիների: Երազանք պահելուն էլ չեմ միջամտել: Հնարավորինս ինքնուրույն եմ մեծացնում, մեծ մարդու պես եմ վերաբերվում՝ փորձելով չկորցնել նրանց մանկությունը: Հաճախ ենք զրուցում, կարծիքներով փոխանակվում: Տղաս սիրում է կիսվել, պատմում է, թե ինչպես է անցկացրել օրը, ինչ նոր բան է տեսել ու արել: Աղջիկս ավելի փակ է, քչախոս: Աշխատանքային զբաղվածությունս չի խանգարում նրանց հետ բավականաչափ ժամանակ անցկացնել»,- ասել է Նորան:


Խոսել է նաեւ երեխաների նախասիրություններից.«Կոնստանտինը հաշվարկներ է սիրում, բայց գնահատում է նաեւ գեղեցիկը: Լանան ավելի արվեստի մարդ է, պարել է սիրում, նկարել, երգել, շուտով բալետի դասերի կհաճախի: Սպորտով են սիրում զբաղվել, Կոնստանտինը ֆուտբոլի է ուզում գնալ: Կփորձեմ հնարավորինս հագեցնել նրանց ցանկությունները»:

Բազմազավակ մայրիկը հաճախ է հիշում փոքրիկների հետ առաջին հանդիպումը. «Կեսարյան հատումով եմ ունեցել երկվորյակներիս: Քաշով շատ փոքրիկ էին, բժիշկներն ասացին, որ չեն մոտեցնելու ինձ. նրանց հատուկ խնամք է պետք: Շատ էի ընկճվել, ուժերս հավաքեցի, չնայելով կարելիին ու չի կարելիին, գնացի նրանց տեսնելու: Առաջին հարցը, որ մտքովս անցավ՝ ովքեր են նրանք, այս մարդուկները, որ փոխեցին իմ ողջ կյանքը: Նրանց ծնվելուց հետո ամեն բան իրենցն է, ես արդեն ոչ թե երկրորդ, այլ տասներորդ տեղում եմ»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նորա Գրիգորյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին