×


Պատերազմը լուսանկարներում. բացվել է Միքայել Նազարենկոյի «1080 ժամ» ցուցահանդեսը

Մեկ տարի առաջ այս օրերին պատերազմ էր, բոլորս մեկ բռունցք էինք դարձել, իսկ սահմանին տղերքն էին՝ հավատով, ուժով: Նրանց թվում էր նաեւ լուսանկարիչ Միքայել Նազարենկոն, որն այդ օրերին կատարվածի տարբեր ակնթարթներ լուսանկարել է ու ներկայացրել «1080 ժամ» խորագիրը կրող ֆոտոպատմության միջոցով. եռօրյա ցուցադրության հանդիսավոր բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ին՝ Հայաստանի նկարիչների միությունում: Նախ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի աղոթքից հետո մեկ րոպե լռությամբ ներկաները հարգեցին անմահացածների հիշատակը։

Հեղինակի բնորոշմամբ՝ 55 լուսանկարում ներկայացված է պատերազմի «խաղաղ կողմը». «Յուրաքանչյուր խաղաղության մեջ կա պատերազմ, իսկ պատերազմում՝ խաղաղություն: Ես նախ եւ առաջ զինվորական առաքելություն էի կատարում, որից հետո միայն մտածում լուսանկարելու մասին: Եթե ժամանակ ու հնարավորություն ունենայի, ապա կլուսանկարեի հարյուրավոր կադրեր մեկ օրում, բայց ստիպված մեկ կադր էի նկարում ու փորձում ներկայացնել ամբողջ օրն իր անցուդարձով եւ հույզերով: Այս ցուցահանդեսն ինձ համար կարեւոր նշանակություն ունի, քանի որ լուսանկարներում մենք կարող ենք տեսնել զինվորի, զինծառայողի առօրյան,  լարված վիճակում ներքուստ խաղաղություն պահելու ունակությունը: Այնտեղ կային նաեւ մարդիկ, որոնք գուցե նախկինում սովոր չեն եղել այդպիսի իրավիճակի, բայց ստիպված սովորեցին ու այնտեղ սկսեցին ապրել ու ապրեցնել, ապրել ու փորձել կատարել իրենց առաքելությունը»:

Միքայել Նազարենկոն


Միքայելի համար հիմա էլ հեշտ չէ նայել նկարներին, քանի որ հիշողությունները շատ են.«Ես նույնպես ընկերներ կորցրի այնտեղ: Ամեն քայլս անելիս իրենց հետ եմ մտովի զրուցում ու թույլտվություն հարցնում: Դժվար է... Այս ամենին զուգահեռ կյանքը շարունակվում է, ինչպես ժամացույցի անխափան ընթացքը, ու մենք պետք է մեր ցավի հետ մեկտեղ փորձենք կատարելագործվել: Գիտեմ, որ նրանք ցանկանում են՝ մենք ուժեղանանք, ավելի պատրաստված լինենք»:


Առաջին անգամ ցուցադրվեց նաեւ Միքայել Նազարենկոյի «1080 ժամ» խորագրով փաստավավերագրական կարճամետրաժ ֆիլմը, որի կադրերի գերակշիռ մասը նկարահանվել է պատերազմի ընթացքում՝ առաջնագծում։ Ֆիլմը նաեւ ներառում է հետպատերազմական շրջանում նկարահանված հարցազրույցներ պատերազմի մասնակիցների հետ: 1080 ժամը 45 օրն է, ինչպես հեղինակն է նշում՝ 44+1.«Այդ մեկն ի նշան այն փաստի է, որ մարտնչող տղաներն ուշ են իմացել, որ պատերազմը դադարեցվել է»:


«1080 ժամ» նախագիծն իրականցվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո: Կազմակերպել է «Ալամեզոն» ընկերությունը Նկարիչների միության հետ համատեղ:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին