×


Մահացել է երգիչ Հայկոն

Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ, երգահան Հայկոն: Լուրը հաստատել են Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոցից, որտեղ էլ այս օրերին բժիշկները պայքարում էին արտիստի կյանքի համար: Երաժիշտը վարակվել էր կորոնավիրուսով, նրա վիճակը ծայրահեղ ծանր էր: 

Հայկոն օգոստոսի 25-ին դարձել էր 48 տարեկան:  

BRAVO.am-ն իր խորին ցավակցություններն է հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին, ընկերներին եւ նրա արվեստի սիրահարներին: 

Հայկոն ծնվել է 1973թ. օգոստոսի 25-ին, Երեւանում: 1987թ. ավարտել է Երեւանի Տ. Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը եւ ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան: 1996թ. «Մոսկվա 96» երգի փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակին: 1997թ. մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին եւ դարձել հաղթող: 1998թ. հայկական «Այո» երգի մրցույթի ժամանակ արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին: 1999թ. ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1998թ., 1999թ., 2002թ., 2003թ. եւ 2006թ. հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002թ.` «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003թ.` «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին: 2003թ. առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում:

2007թ. «Anytime You Need» երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ եւ զբաղեցրել 8-րդ տեղը: Հեղինակել է «Մի վախեցիր» (2007թ., «Տարվա լավագույն կոմպոզիտոր»), «Ոչինչ չի մնա» (2007թ.), «Սպանված աղավնի» (2009թ., «Տարվա լավագույն կոմպոզիտոր»), «Խաչագողի հիշատակարանը» (2010թ., «Տարվա լավագույն կոմպոզիտոր»), «Հոբելյանական հաճախորդ» (2011թ.), «Վանա ծովուն արշալույսը» (2011թ.), «Գարեգին Նժդեհ» (2013թ.), «Մեր սրտի տնակը» (2014թ.) եւ այլ ֆիլմերի երաժշտություններ:

2011թ. Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին: 2012թ. «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել` որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի երաժշտական պրոդյուսեր: Թողարկել է «Ռոմանս» (2000թ.), «Նորից» (2003թ.), «Մի խոսքով» (2007թ.), «Ես քեզ սիրահարվել եմ» (2014թ.) ձայնասկավառակները, երկու տեսասկավառակ: Նկարահանել է բազմաթիվ տեսահոլովակներ: 2006թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

Հայկոն ամուսնացած է եղել երգչուհի Անահիտ Սիմոնյանի հետ, որդին՝ Արմանը, 10 տարեկան է:

BRAVO.am
Կենսագրական տվյալները՝ avproduction.am/-ի 













Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին