Արդեն հինգ տարի Մոսկվայի «Գավիթ» թատրոնի խաղացանկում ընդգրկված, հանդիսատեսի սերը վայելող եւ Միացյալ Նահանգներում հյուրախաղերով հանդես եկած «Մեկը երկուսի համար» ներկայացումն այս անգամ բեմ բարձրացավ Հայաստանում։
Հայրենիք հասնելու ճանապարհը երկար էր, բայց ոչ թե խոչընդոտների պատճառով. ժամանակ էր պետք, որպեսզի համոզվեն՝ ներկայացման կարինքն այստեղ էլ կա։ Պիեսի հեղինակ ու բեմադրող Համլետ Ղալեչյանն այն ստեղծել է ամենածանր շրջանում։ 2020 թվականին պատերազմը նոր էր ավարտվել՝ հուսահատություն առաջացնելով ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում բնակվող հայերի շրջանում։ Նա իր ամենամեծ մտահոգություններն ու հուզող հարցերն ընդգրկել է ներկայացման մեջ՝ փորձելով ցույց տալ, որ միայն միասնական լինելու դեպքում է հնարավոր ունենալ հզոր ու ծաղկող հայրենիք։
Արման Նավասարդյանը եւ Աշոտ Քեշչյանը
«Մեկը երկուսի համար»-ի հերոսները աննշան տարբերությամբ միեւնույն անուններն ունեցող՝ Արմենակ (Արման Նավասարդյան) ու Արմեն Սիմոնյաններն (Աշոտ Քեշչյան) են։ Անծանոթները շփոթմունքի պատճառով հայտնվում են մոսկովյան էլիտար հիվանդանոցներից մեկի միեւնույն հիվանդասենյակում։ Արմենակն արդեն 20 տարի Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնած հայ է, ով սիրող կին ու երեխաներ ունի։ Արմենի կյանքում ամեն ինչ հակառակն է՝ երեք անհաջող ամուսնություն, երեխաներ չկան, բայց փոխարենը մեծահարուստ է ու անդադար գլուխ է գովում իր փողերով։ Նա իր հագեցած աշխատանքային առօրյայում դեռ մեկուկես տարի առաջ էր պլանավորել բժշկական հետազոտությունը։ Ինչպես պարզվում է՝ երկուսն էլ ծանր հիվանդություն ունեն ու դատապարտված են մահվան։
«Մինչեւ չխաղաս արկղում» ֆիլմի հերոսների պես (ի դեպ, նրանք մի պահ հիշատակում են նաեւ Ջեք Նիքոլսոնի ու Մորգան Ֆրիմանի կերպարներին) այս տղամարդիկ նույնպես փոխում են միմյանց, բայց ոչ թե ցանկություններն իրականացնելով, այլ կյանքի իմաստն ու հայրենիքի դերը վերարժեւորելով։ Իր ողջ էությամբ Հայաստանի հետ կապված ու կյանքը միայն այնտեղ պատկերացնող Արմենակը կարծում է, որ հայերն Ավարայրից մինչեւ Արցախ իրենց կռիվը կիսատ են թողել։ Նրա խոսքով՝ հայերի շատ տեսակներ կան՝ «լավ ու վատ, վատից էլ վատ, անհայրենիք, անսիրտ ու օտարացած»՝ վերջինները վերագրելով Արմենին։
Ներկայացումը սկսվում է որպես կատակերգություն ու աստիճանաբար իր լարման աստիճանը բարձրացնում՝ վեր հանելով կարեւոր թեմաներ ու ասելիքներ։ Արմենակն ու Արմենը վերջին հրաժեշտից առաջ մտորում են իրենց ապրած կյանքի եւ հայրենիքի հետ կորցրած կապը վերագտնելու մասին։ Պատահական չէ, որ վերջում հնչող խնդրանքներից մեկն այդքան ազդեցիկ տպավորություն է թողնում հանդիսատեսի վրա. «Իմ սիրտը տուն տար, ինձ տուն տար»։
«2020-ի ամռանն Արման Նավասարդյանը Մոսկվայում սերիալում էր նկարահանվում, ձեռքը վնասել էր ու չէր կարողանում աշխատել։ Մենք վաղուց ընկերներ ենք, ու մի օր մեր տանն առաջարկեց. «Մի բան բեմադրիր, որ ես էլ խաղամ, Մոսկվա հաճախ եմ գալիս»։ Միտքը հավանեցի եւ փնտրում էի, թե ինչ գործ անել։ Նոյեմբերից հետո հասկացա, որ չեմ կարող ոչինչ բեմադրել, քանի որ իմ մասնագիտությունն ու աշխատաքն անհեթեր էին թվում, մանավանդ՝ դրսում։ Արդեն 17 տարի Ամանորին «Գավիթ» թատրոնում հայալեզու մանկական ներկայացում եմ բեմադրում, բայց 2020-ին չկարողացա, պարզապես իմ մեջ ուժ չգտա»,- կիսվել է Ղալեչյանը։
Համլետ Ղալեչյանը
Սեպտեմբերի վերջին նա էլ ժամանել էր Հայաստան ու փորձում էր օգնություն ցուցաբերել։ Հենց այդ շրջանում ընկերների հետ քննարկել են տեղի ունեցածը, այն ամենը, ինչի միջով անցել ենք, ու ծնվել է ներկայացման հստակ գաղափարը։
«Երբ սկսեցինք ոչ թե վիճել, այլ քննարկել, թե Սփյուռքն ի՞նչ արեց, ի՞նչ կարող էր անել, ինչի՞ շատ չարեց, կամ տեղացիներն ինչպե՞ս գործեցին։ Բնավորություն ունենք միշտ Սփյուռքին մեղադրել եւ ավելին պահանջել։ Ինքս ապրելով Մոսկվայում՝ տեսել եմ, թե հայերն ու իմ բոլոր ընկերներն ինչպես են օր ու գիշեր աշխատել, խորանարդ մետրերով ռացիաներ ու օգնություն ուղարկել։ Այստեղ ինքս եմ դրանք դիմավորել։ Հետո խոսք եղավ, որ Սփյուռքը ցանկացած պարագայում ամեն ինչ պատրաստ է տալ հայրենիքի համար, անգամ՝ սիրտը։ Այդպես եղել է ու կլինի։ Հենց այդ մտքով էլ գրեցի պիեսը։ Առանց հայրենիքի կամ թույլ հայրենիքով Սփյուռքը չի կարող ուժեղ լինել, եւ իմաստ էլ չունի, որ լինի»,- ասել է նա։
Այդպես էլ ծնվել է մեծ ասելիքով, բայց նաեւ կատակերգության տարրերով ներկայացումը։ Ղալեչյանի համար կարեւոր է եղել ցույց տալ նաեւ հայերի հումորը, որն անգամ ամենածանր պահերին միշտ փրկում է. «Երկրաշարժի ժամանակ դպրոցական էի ու հիշում եմ՝ ընդամենը մի քանի որ անց Գյումրուց արդեն անեկդոտներ էին մեզ հասնում երկրաշարժի մասին։ Մենք ինքնահեգնող ազգ ենք ու կարողանում ենք ինքներս մեզ վրա ծիծաղել»։
«Գավիթ»-ի գեղարվեստական ղեկավարի համար ամենակարեւոր ձեռքբերումներից մեկն այն է, որ թատրոնի գործերի ու հատկապես «Մեկը երկուսի համար» ներկայացման շնորհիվ մարդիկ որոշել են վերադառնալ Հայաստան։ Իր ներկայացումները ստեղծելիս նա հիմնականում փորձում է գրել հայերի ու նրանց հուզող թեմաների մասին, որպեսզի թատրոնում մարդիկ տեսնեն հենց իրենց ու սեփական խնդիրները։ «Էյֆորիկ բաներ չասեմ, բայց տպավորություն ունեմ, որ Հայաստանում ներկայացումն ընդունվեց»,- հանդիսատեսի բուռն ու շատ երկար ծափահարություններից հետո խոստովանել է նա։
Ի տարբերություն Համազգային թատրոնի դերասան Արման Նավասարդյանի՝ Աշոտ Քեշչյանն առաջին անգամ էր խաղում Հայաստանի հանդիսատեսի համար։ Շատ երկար էր սպասել այդ հանդիպմանն ու համարում է, որ անկախ վայրից՝ ներկայացման ասելիքը, միեւնույն է, կարեւոր է։
«Թեեւ ճանապարհը երկարեց, բայց ի վերջո մայր Հայասանում ենք: Վաղուց էինք ուզում այստեղ խաղալ։ Ամեն դեպքում Հայաստանի եւ Սփյուռքի հայերը տեղի ունեցողը տարբեր կերպ են ընկալում, դրա համար էլ շատ կարեւոր էր ներկայացումը նաեւ այստեղ ցույց տալ»,- ասել է նա։
Նավասարդյանն էլ լրացրել է, որ 5 տարի շարունակ Սփյուռքի, մասնավորապես՝ մոսկվաբնակ հայերը բավականությամբ են նայում ներկայացումը, ու ժամանակն էր ծանոթանալ նաեւ տեղի հանդիսատեսի արձագանքին։
«Թող անհամեստություն չհնչի, բայց ներկայացումը մեծ պահանջարկ ունի, ու այն շատ են սիրում։ Ասել եմ ու կասեմ, որ հատկապես Մոսկվայում «Մեկը երկուսի համար»-ը խաղում եմ առաքելության պես, որովհետեւ այն հայրենիք վերադառնալու եւ նրա նշանակությունը կարեւորելու կոչ է։ Պետք է հասկանանք մեր դերը մեր հայրենիքում, թե ինչ պիտի անենք այն շենացնելու համար, որպեսզի Հայաստանը շնչի, այստեղ ծաղիկ ու ծառ ծաղկի, մարդիկ մնան։ Խորապես համոզված եմ, որ այն Սփյուռքով չի շենանալու. դրսից ով ասեք կսիրի հայրենիքը, պետք է տուն վերադառնալ։ Մենք՝ այստեղ ապրողներս, պիտի այն շենացնենք՝ արարելով ու նվիրված ապրելով, ոչ թե կեղեքելով ու մաշկելով, այլ նվիրվելով ու տիրոջ պես պատասխաանտու լինելով, ամեն մի մանրուքի հանդեպ հետեւողական լինելով։ Պատկերացրեք՝ ինչքան լավ կլինի, եթե այդպես անենք։ Եթե այդպիսին լինեինք, շատ բաներ չէին պատահի»,- անկեղծացել է նա։
Քեշչյանի համար էլ ներկայացումը յուրովի վերադարձ է իր արմատներին՝ համշենահայերին, որոնք ապրել են Արեւմտյան Հայաստանում ու տեղափոխվել Ռուսական կայսրություն։ Նրա ընտանիքի արդեն վեց սերունդ հայրենիքում չի ապրում, ինքն էլ իր գործունեությունը ծավալել է Ռուսաստանում։
«Մանչս՝ Տիգրանը, առաջինն է մեր ընտանիքում, որ ռուսական դպրոցում է սովորում։ Պապիս պապից սկսած՝ բոլորս հայկական դպրոց ենք գնացել։ Բայց իմ ողջ կարիերան անցել է հայրենիքից հեռու, եւ այս ներկայացումը կարծես թարմ օդ լիներ ինձ համար։ Սկզբում հայերենս կաղում էր, բայց հիմա զգալի տարբերություն եմ զգում, իսկ որոշակի բացթողումները ներելի են կերպարիս համար։ Բացի այդ էլ, ներկայացման գաղափարն է կարեւոր ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերի համար։ Եթե այն նայելուց հետո թեկուզ մեկ հայ որոշի վերադառնալ հայրենիք, մեր առաքելությունը կատարված կհամարենք։ Իսկ այդպիսի դեպքեր իսկապես եղել են»- ավելացրել է նա։
Ներկայացման հիման վրա նաեւ ֆիլմ է նկարահանվել, որը նախ կփորձի միջագային փառատոնների մասնակցել, ապա կլինի պրեմիերան:
Պատրաստեց՝ Հասմիկ բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի


×
148





