×


Volvo-ն պաշտոնապես ներկայացվեց Հայաստանում. նոր մոդելներ, նոր ավտոսրահ եւ հատուկ առաջարկներ

Անվտանգություն, ապահովություն, հարմարավետություն՝ այս հիմնական առանձնահատկություններով է աչքի ընկնում ավտոմեքենաներ արտադրող շվեդական «Volvo» ընկերությունը։ Հանրահայտ ապրանքանիշը մեր երկրում ներկայացնում է «Նորդ Մոթորս» ՍՊԸ-ն, որն այդ առիթով նոր սրահի բացման շքեղ միջոցառում էր կազմակերպել։ Պաշտոնական շնորհանդեսին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է «Volvo»-ի մոդելային շարքը, միջոցառման ընթացքը, հյուրերին, ինչպես նաեւ զրուցել ընկերության հայաստանյան ներկայացուցիչների հետ՝ հետաքրքիր ու կարեւոր փաստեր պարզելու երկար սպասված ավտոմեքենաների մասին։

Գայի պողոտա 14/3 հասցեում գործող ընդարձակ ավտոսրահում արդեն ցուցադրված են «Volvo»-ի նոր մոդելները, որոնք տեսնելու եւ ուսումնասիրելու էին եկել ոչ միայն ավտոսիրող մեծերը, այլեւ փոքրերը․ չէ՞ որ մեքենաների անվտանգությունն ու հարմարավետությունն առաջին հերթին հենց երեխաների համար է նախատեսված։ Բացման օրը նրանց համար նույնիսկ առանձին մանկական սրահ էր գործում խանութի տարածքում, որտեղ երեխաները կարող էին ապահով ու հետաքրքիր ժամանակ անցկացնել խաղավարների հետ։ Ընտանեկան ու ընկերային ջերմ միջավայրում էլ ընթացավ ողջ երեկոն։

Գեւորգ Գեւորգյանը


Մինչ պաշտոնապես կներկայացվեին ցուցադրված մեքենաները, հասցրինք զրուցել «Նորդ Մոթորս» ՍՊԸ-ի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի հետ, որն իր խոսքում անդրադարձավ ապրանքանիշի առավելություններին ու նորություններին․«Այսօրվա միջոցառման նպատակն է մեր հաճախորդներին ներկայացնել այն մի քանի հատուկ առաջարկները, որոնք գործելու են մինչեւ տարվա վերջ «Volvo» ապրանքանիշի մեքենաներ գնելու դեպքում։ Մեր գործընկերների հետ մենք ստեղծել ենք բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի «Volvo»-ի գնորդները զգան ու վայելեն անվտանգ, առանց խնդիրների երթեւեկելու հաճույքը»,- ընդգծեց Գեւորգյանը։

Նրա խոսքով՝ այժմ Հայաստանում ներկայացված են «Volvo»-ի բոլոր նոր մոդելները, իսկ մյուս տարվանից փորձելու են ներկայացնել նաեւ էլեկտրական մոդելային շարքը.«Մենք ձգտում ենք, որ 2025-ին մեր վաճառած մեքենաների մոտ 50%-ը լինի ամբողջովին էլեկտրական, իսկ մյուս 50%-ը` հիբրիդային մեքենաներ։ Առայժմ մեր հաճախորդները կարող են այցելել մեզ այս տարածքում, գրանցվել թեստ-դրայվի, փորձել մեքենաները, վարել, տեսնել ու զգալ բոլոր առավելությունները։ Մեր սպասարկման կենտրոնում ամեն ինչ նախատեսված է «Volvo»-ի չափանիշներին համապատասխան»։


Բացման երեկոյի երաժշտական մասն ապահովում էր «Վահագն Հայրապետյան տրիո»-ն, որի ներկայացրած ջազային հնչյունները գրավել էին ոչ միայն տեղի հյուրերի, այլեւ տարածքով անցնող մարդկանց ուշադրությունը, որոնք հավաքվել էին սրահի մուտքի մոտ եւ հետեւում էին միջոցառման ընթացքին։ Իսկ երեկոն վարում էր դերասան, երգիչ, հաղորդավար Հայկ Պետրոսյանը, որը ներկաներին պատմեց նաեւ «Volvo»-ի ստեղծման պատմությունը՝ նշելով, որ ընկերությունը հիմնադրվել է դեռ 94 տարի առաջ։ Ստեղծման օրվանից էլ հիմնական գաղափարներն են եղել անվտանգությունն ու հարմարավետությունը, որը համադրվում է շքեղության ու յուրօրինակ դիզայնի հետ։


Օրվա ամենասպասված պահերից էր 3D անիմացիոն շոուն, որտեղ լուսային պատկերներով ներկայացվեց «Volvo»-ի ավտոմեքենաների մոդելների շարքը։ Ներկայացման ավարտին հանդիսավոր կերպով բացվեց հաճախորդների սպասարկման կենտրոնը, որտեղ ներկայացված էր նաեւ Volvo XC 90 քրոսովերը։ Այս մեքենան հագեցած է անվտանգության նորագույն համակարգերով՝ հետիոտնին նկատող սենսոր, ավտոմատ արգելակում, հոգնածությունը ճանաչող համակարգ եւ ընդհանրապես այն ամենով, ինչ հետաքրքրում է «Volvo»-ի գնորդներին։


Խանութ-սրահի բացման գովազդային արշավն իրականացրել է «Դոպինգ» գովազդային ընկերությունը, որը, առաջնորդվելով բրենդի փիլիսոփայությամբ, արշավը վերնագրել է «Նոր սերնդի համար»․ ապահովության մասին մտածելիս առաջին հերթին նկատի է առնվում երեխաների անվտանգությունը: Արշավի շրջանակում մեքենաներին փորձ է արվել նայել նրանց աչքերով: Սկզբում երեխաները ծանոթացել են մեքենայի բոլոր առանձնահատկություններին, հետո, տպավորություններով ոգեւորված, նկարել են ավտոմեքենան սեփական պատկերացումներով: Հենց այդ նկարներն էլ դարձել են պաստառներ, որոնք արդեն կարող եք տեսնել քաղաքի տարբեր անկյուններում:


Հավելենք, որ նորաբաց ավտոսրահը երկուշաբթիից ուրբաթ օրերին գործում է ժամը 09.00-ից 18.00-ն, իսկ շաբաթ օրերին՝ ժամը 10.00-ից 18.00-ն։ Ընկերության մյուս նորություններին կարող եք հետեւել ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/volvocaram/?ref=page_internal, ինչպես նաեւ պաշտոնական կայքէջում՝ https://www.volvocars.com/hy-am։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին