×


Էդգար Հայրապետյանը՝ նոր տեսահոլովակի, մեծ համերգների, հայտնիների հետ աշխատելու եւ անցած ճանապարհի մասին

«Ուրախ եմ, որ նոր ստեղծագործությունս սիրվել է, կարծում եմ՝ այլազգիներին եւս հետաքրքրել է. դրական մեկնաբանություններ շատ են գրում»,- նշում է դաշնակահար, գործիքավորող Էդգար Հայրապետյանը՝ պատմելով իր նոր՝ «Կեսգիշեր» ստեղծագործության եւ համանուն հոլովակի մասին։ Երաժիշտը մեծ ոգեւորությամբ ու ջերմությամբ է խոսում նաեւ այն համերգների մասին, որ ունեցել են ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ աշխարհի բազմաթիվ այլ երկրներում հայտնի հայ արտիստների հետ՝ Արման Հովհաննիսյան, Ռազմիկ Ամյան, Արամե, Հարութ Փամբուկչյան, Արմենչիկ, Հարութ Բալյան եւ այլք։ BRAVO.am-ի հետ զրույցում Էդգար Հայրապետյանը պատմել է նոր տեսահոլովակի, անցած ճանապարհի, ինքնուրույն նվագել սովորելու, կարեւոր համագործակցությունների եւ առաջիկա ծրագրերի մասին։

«Այս երաժշտությունն իմ բնավորությունն է»

Գիտեք, իմ դեպքում, եւ առհասարակ բոլոր արվեստագետների, մուսան կարծես գիշերն է գալիս։ Նոր ստեղծագործությունս էլ մի օր հենց կեսգիշերին գրեցի՝ լռության ու խառը մտքերի մեջ, դրա համար որոշեցի այդպես էլ անվանել՝ «Կեսգիշեր»։ Գործիքավորումն էլ հենց այսպես՝ դասական ոճով էի պատկերացնում, կարծես որեւէ ֆիլմի համար գրված երաժշտություն լինի։ Ինձ հաճախ են հարցնում՝ չե՞մ ցանկանում որեւէ ֆիլմում որպես սաունդթրեք ներկայացնել, բայց իմ բնավորությունն այնպիսին է, որ դժվար թե ինքս դիմեմ, իսկ եթե առաջարկեն, սիրով կհամաձայնեմ (ժպտում է,- հեղ․)։ Բնականաբար, հատուկ այդ նպատակով չեմ գրել այս գործը, ուղղակի ցանկացա նոր բան անել։



Երբ երաժշտությունն արդեն պատրաստ էր, միտք առաջացավ տեսահոլովակ նկարահանել։ Օգնեցին իմ ընկերները՝ ռեժիսոր Սուրեն Սահակյանը, օպերատորներ Վազգեն Մուրադյանն ու Վահե Համբարձումյանը։ Երբ ռեժիսորը լսեց ստեղծագործությունը, միանգամից բնություն պատկերացրեց ու առաջարկեց հենց այդպիսի միջավայրում նկարահանել։ Ես էլ հիշեցի եղբորս ամառանոցը, որ մի յուրօրինակ ու անկրկնելի վայր է։ Նկարահանող թիմի հետ գնացինք, տեսանք ու հասկացանք, որ վայրը ճիշտ ենք ընտրել։ Շնորհակալ եմ Դավիթ Մարտիրոսյանին, որ բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծեց նկարահանման հրապարակում։ Շնորհակալություն նաեւ եղբորս դստերը՝ Տաթեւիկ Միքայելյանին, որը դասավանդում է Սոֆի Դեւոյանի պարի դպրոցում եւ սիրով համաձայնեց նկարահանվել տեսահոլովակում։ Վահրամ Յանիկյանն էլ օգնեց գործիքավորման ու երաժշտական ձեւավորման հարցում, առանձնահատուկ շնորհակալություն նրան, ինչպես նաեւ Գեւորգ Պետրոսյանին, որը նույնպես իր ներդրումն ունեցավ այս գործում։


Այս գործն իմ բնավորությունն է. նրանում բարություն կա, հեքիաթ կա, ամեն ինչ կա, փորձել եմ ներսումս եղածը երաժշտությամբ ներկայացնել։

«Որոշեցի ապացուցել, որ ինքնուրույն կարող եմ անել»

Երաժշտական ընտանիքում եմ մեծացել. իմ հայրն էլ է երաժիշտ։ Ես էլ շատ էի սիրում երաժշտությունը, տարված էի դրանով ու որոշել էի ապացուցել, որ ինքս էլ կարող եմ այդ ճանապարհով գնալ։ Այդպես փոքր տարիքից սկսեցի ինքնուրույն նվագել սովորել։ Սկզբում ակորդեոն էի նվագում, հետո սկսեցի նաեւ դաշնամուր նվագել։ Մեծացա ու ինքս ինձ համար գործիք գնեցի։ Տարիներ անց արդեն նվագում էի երեւանյան ռեստորաններում, այնուհետեւ հրավիրվեցի մասնակցելու հեռուստատեսային մի քանի հաղորդումների։ Դրանցից էր Հանրային հեռուստաընկերության «Ոսկե կլարնետ» հաղորդաշարը, որին մասնակցում էին անվանի երգիչ-երգչուհիներ, երաժիշտներ։ Այդպես էլ սկսեցի կապեր հաստատել ու համագործակցություններ ունենալ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։

Էդգար Հայրապետյանը եւ Հարութ Փամբուկչյանը


«Ոճային ու ժանրային բազմազանության մեջ գտա ինձ»

Մասնագիտանալու հարցում մեծ դեր ունեցավ նաեւ «Օջախ» ռեստորանը, որտեղ սկսեցի իմ առաջին քայլերը, եւ այն ինձ համար երկրորդ տուն ու մեծ դպրոց դարձավ։ Բազմաթիվ հյուրեր էինք ունենում տարբեր քաղաքներից ու երկրներից, տարբեր կազմակերպություններից եւ պիտի կարողանայինք բոլորին հետաքրքրել մեր ներկայացրած երաժշտությամբ։ Հենց այդ ոճային ու ժանրային բազմազանության մեջ էլ գտա ինձ, սովորեցի ու առաջ շարժվեցի։ Ուզում եմ շեշտել պարոն Եգանյանի մեծ վաստակը, որ ինձ օգնեց պրոֆեսիոնալ դառնալ։

Էդգար Հայրապետյանը


«Առաջիններից էի, որ ԱՄՆ-ի ամենամեծ բեմերում հանդես եկա»

Ինձ սկսեցին հրավիրել տարբեր համերգների։ Շատ լավ փորձ էր հանդես գալ Արման Հովհաննիսյանի մեծ մենահամերգին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որ երկու օր անցկացվեց լեփ-լեցուն դահլիճում։ Այնուհետեւ այնպես ստացվեց, որ հայաստանցի առաջին երաժիշտներից մեկը դարձա, որը հանդես է եկել Միացյալ Նահանգների այնպիսի մեծ բեմերում, ինչպիսիք են «Նոկիա» եւ «Դոլբի» (նախկինում «Կոդակ») թատրոնները։ Առիթն Արմենչիկի մենահամերգներն էին, եւ ոչ միայն։ Ի դեպ, արդեն տասը տարուց ավելի է՝ աշխատում ենք Արմենչիկի հետ, միասին բազմաթիվ համերգներ ենք ունեցել աշխարհի շատ երկրներում։ Առաջիկայում էլ նոր համերգային ծրագրեր կան, որոնց պիտի մասնակցենք։


Այդպես էլ շարունակվեցին համագործակցություններն ու համերգները հայազգի անվանի երգիչ-երգչուհիների եւ երաժիշտների հետ։ Մինչ օրս էլ շարունակում ենք շրջագայել, տարբեր երկրներում ներկայանալ մեր հայրենակիցներին։ Վերջերս Հարութ Փամբուկչյանի հետ հանդես եկանք Մոսկվայի Կրեմլի դահլիճում՝ նրա մենահամերգի շրջանակում։ Շատ հաճելի ու պատասխանատու գործ է։

Դեպի նոր ստեղծագործություններ ու համերգներ

Առաջիկայում շարունակելու եմ ստեղծագործել ու նոր տեսահոլովակներով հանդես գալ, բայց մի փոքր այլ ձեւաչափով։ Ցավոք, կորոնավիրուսի համավարակը շատ պլաններ խախտեց, շատ համերգներ ու միջոցառումներ չեղարկվեցին, հետաձգվեցին։ Հիմա նորից հրավերներ ունեմ, հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի, եւ կկարողանանք համերգներով հանդես գալ թե՛ մեր երկրում, թե՛ արտասահմանում։

Հեղինակ՝ Աստղիկ Իսկանդարյան/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/, Էդգար Հայրապետյանի անձնական արխիվից եւ Tert.am Life-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW